«Ավրորա» մարդասիրության ցուցիչ-2017. Աշխարհում խորանում է հումանիտար ճգնաժամը

 

Հրապարակվել են  «Ավրորա» մարդասիրության ցուցիչի  2017թ. -ին իրականացված  միջազգային հետազոտության արդյունքները:  Ամենամյա հանրային կարծիքի այս  ուսումնասիրությունը չափում է մարդասիրական խնդիրների հանդեպ վերաբերմունքը ողջ աշխարհում, հումանիտար միջամտության  արդյունավետությունը, ինչպես նաև այն շարժառիթները, որոնք մղում են մարդկանց գործելու՝ հանուն ուրիշների։
 

Հանրային կարծիքի հետազոտությանը մասնակցել է 6500 հոգի՝ 12 երկրից: Արդյունքները փաստում են, որ հումանիտար գործունեությունն անկման փուլում է, և փախստականների ճգնաժամի հաղաթահարման ուղղությամբ միջազգային առաջնորդների ու նրանց գործադրած ջանքերի հանդեպ առկա է լայն անվստահություն:

 

 Ըստ հետազոտության՝  հարցվածների ընդամենը 9 տոկոսն է հավատում, որ իրենց գործունեությունը կարող է փոփոխություններ բերել փախստականների համաշխարհային ճգնաժամի լուծման հարցում: Արդեն երկրորդ տարին է, ինչ ահաբեկչությունը նշվում է որպես առաջնային հումանիտար խնդիր: Այս տարի նման կարծիք է հայտնել հարցվածների 63 տոկոսը:  Ահաբեկչությանը հետեւում են հարուստների եւ աղքատների միջեւ խորացող խզումը, սովը, կլիմայի փոփոխությունները եւ հարկադրված միգրացիան:

 

Դրա հետ  մեկտեղ, հետազոտության տվյալները փաստում են, որ  հոռետեսությունը կարող է հաղթահարվել երիտասարդ սերնդի՝ հումանիտար գործունեության անցնելու միջոցով: 18-ից 34 տարեկան հարցվածներն ամենահավանականն է, որ առաջիկա 12 ամսվա ընթացքում գործունեություն կծավալեն փախստականների ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: Նրանցից   68 տոկոսը համաձայն է այն մտքին, որ փախստականներին անհրաժեշտ է օգնել, իսկ 47 տոկոսը ցանկանում է օգնել Սիրիայից փախստականներին:

 

 
«Մարդասիրական գործունեության հանդեպ անտարբերությունն այսօր ավելի էական է դարձնում բոլոր ոլորտներում ներգրավման անհրաժեշտությունը,- ասել է   «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և UWC Dilijan միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ՝ ելույթ ունենալով հետազոտության արդյունքները ներկայացնելու ժամանակ::  Նրա խոսքով,  այնուամենայնիվ, այս բացասական երևույթին հակակշռում է հումանիտար գործունեության և փախստականների ճգնաժամում անհատական ազդեցություն ունենալու՝ երիտասարդների դրական վերաբերմունքը:

Դիտումների քանակը` 3280

Գլխավոր էջ