Ավարտվեց Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանը. պետությունները պարտավորվեցին ապահովել կանանց քաղաքական առաջընթացը
Աշխարհում իշխանության ղեկին գտնվող կանանց թիվն աճում է, բայց եթե այս գործընթացը չարագացվի, քաղաքականության մեջ լիարժեք հավասարության պետք է սպասել 130 տարի: ՄԱԿ-ում ավարտված կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի մասնակիցները մտադիր չեն սպասել. նրանք վճռական են գործելու:
Համաձայնեցված եզրակացություններ
Մարտի 26-ին ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի (ԿԿՀ) 65-րդ նստաշրջանը ավարտեց իր երկշաբաթյա աշխատանքները `ընդունելով համաձայնեցված եզրակացություններ (Agreed Conclusions) կոչվող փաստաթուղթը, որով աշխարհի առաջնորդները հաստատուն պարտավորություն ստանձնեցին զգալիորեն արագացնել կանանց ներկայացվածությունը պետական և հանրային կառավարման ղեկավար պաշտոններում, ինչպես նաև քայլեր ձեռնարկել կանանց նկատմամբ բռնությունը վերացնեու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ 65-րդ նստաշրջանի հիմնական թեմաները` կանանց լիարժեք և իրական մասնակցություն հասարակական կյանքում և կարևոր որոշումներ կայացնելու գործընթացներին, ինչպես նաև գենդերային բռնության վերացում:
«Սա 15 տարվա ընթացքում Կանանց կարգավիճակի հանձնաժողովի առաջին նստաշրջանն է, որը վերաբերում է հասարակական կյանքում կանանց մասնակցության խնդրին, և այս համաձայնեցված եզրակացությունները կարևոր առաջընթաց են գրանցում», – ասաց ՄԱԿ-Կանանց գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան:
Եզրափակիչ փաստաթղթի ընդունումից առաջ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նախագահ և ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընդգծեց համավարակով պայմանավորված դժվարությունների և մարտահրավերների պայմաններում համաձայնեցված արդյունքի հասնելու կարևորությունը։ ՀՀ մշտական ներկայացուցիչը բարձր գնահատեց մի քանի շաբաթ տևած բանակցություններում ներգրավված պատվիրակությունների ջանքերը փաստաթղթի համաձայնեցման գործում՝ նշելով դրա նշանակությունը բոլոր ոլորտներում կանանց և աղջիկների լիարժեք և արդյունավետ մասնակցության և կանանց նկատմամբ բռնության վերացման հարցում։
Համաձայնեցված եզրակացությունները սահմանում են խորհրդատվություններ հանրային կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ պետական իշխանության մարմիններում կանանց լիարժեք և հավասար մասնակցությանն ուղղված հստակ միջոցառումներ: Ընդգծվում է ուժեղացված քաղաքական կամքի առակայությունը որպես անհրաժեշտ նախադրյալ այդ նպատակին հասնելու համար: Կարևորվում են ժամանակավոր հատուկ միջոցները (քվոտաները), կանանց նկատմամբ խտրականության վերացման համար օրենսդրական փոփոխությունները, նորարարական միջոցների մշակումը և թիրախների ու ժամանակացույցի հաստատումը գործադիր, օրենսդիր և դատական իշխանության մարմիններում կանանց հավասար մասնակցության նպատակով։ Փաստաթուղթը նաև ամրագրում է խաղաղության գործընթացներին կանանց ներգրավման կարևորությունը, ինչպես նաև՝ կանանց և աղջիկների հանդեպ բռնության բոլոր ձևերի կանխարգելման ու վերացման առաջարկություններ։
Դրվագներ քննարկումներից
Սովորաբար մարտին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանը շատ մարդաշատ է. կանանց կարգավիճակի հանձնաժողովի նիստում հավաքվում են կառավարությունների, կանանց կազմակերպությունների ներկայացուցիչներ և ակտիվիստներ ամբողջ աշխարհից: Այս տարի հանդիպումները հիմնականում անցնում էին վիրտուալ ձևաչափով, բայց քննարկումները պակաս թեժ չէին, և «լուսանցքում» անցկացվող բազմաթիվ միջոցառումներ առաջ բերեցին կարևոր խնդիրներ և հարթակ ստեղծեցին բոլոր սերունդների և հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների համար:
ՄԱԿ-ի օրացույցի ամենանշանակալի միջոցառումներից մեկը համարվող Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նստաշրջանի քննարկումներին ելույթներով հանդես եկան ավելի քան հարյուր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ և նախարարներ։ Նստաշրջանի աշխատանքներին հետևել են աշխարհի տարբեր երկրների 800-ից ավելի հասարակական կազմակերպությունների հազարավոր ներկայացուցիչներ։ Նստաշրջանի շրջանակներում կազմակերպվել էին նաև մի շարք առցանց միջոցառումներ նվիրված աշխարհում կանանց և աղջիկների խնդիրներին ու իրավունքների պաշտպանությանը։
Քննարկումների ընթացքում շեշտադրված այն փաստը, որ կանայք դեռ կազմում են խորհրդարանականների միայն քառորդ մասը, միայն 13 տոկոսն է կարևոր բանակցությունների մասնակից և 6 տոկոսը՝ միջնորդներ խաղաղ գործընթացներում: Սա նշանակում է, որ մարդկության կեսն, ըստ էության, դուրս է մղված քաղաքական որոշումների կայացման գործընթացից:
Օրինակ, ինչպես նշել է Մոլդովայում ՄԱԿ-ի կանանց ներկայացուցիչ Դոմինիկ Ստիանոսկան, Ուկրաինայի վերջին ընտրությունների ժամանակ ավելի քիչ կին է ընտրվել տեղական ինքնակառավարման մարմիններում, քան նախկինում: Ըստ ֆորումի շատ մասնակիցների պատճառը կայանում է կին քաղաքական գործիչների նկատմամբ բռնության աճող մակարդակի մեջ, հատկապես տեղական մակարդակում: Կանանց համար լուջ խորընդոտ են հանդիսանում նաև գենդերային կարծրատիպերը: Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում անցկացված հարցումների համաձայն, կանանց 49,5%-ը և տղամարդկանց 66%-ը տղամարդկանց համարում են ավելի արդյունավետ առաջնորդներ:
Ավելին, համաճարակի պատաճառով հետընթաց է արձանագրվել հավասարության հարցերում: Կանայք ավելի շատ են տուժում սահմանափակումներից. նրանք կորցրել են իրենց աշխատանքը և սովորելու հնարավորությունները, իսկ բռնության մակարդակն էլ ավելի է աճել ամբողջ աշխարհում:
Այնուամենայնիվ, ՄԱԿ-ը պնդում է, որ այս և այլ խոչընդոտները հաղթահարելի են: «Եթե մենք ուզում ենք պաշտպանել այն մարդկանց իրավունքները, ում ծառայում ենք, [ցանկացած իշխանության] ղեկավարությունը պետք է արտացոլի բնակչության կազմը», – նստաշրջանում ասել է Գլխավոր ասամբլեայի նախագահ Վոլքան Բոզկիրը: «Մենք պետք է վերացնենք կանանց խոչընդոտները քաղաքականության մեջ և, մասնավորապես, վերջ դնենք բռնության ցանկացած դրսևորումներին»:
Քննարկումների կենտրոնում էր նաև կանանց նկատմամբ բռնության խնդիրը՝ 66 հազար կին ամեն տարի մահանում է բռնությունից. սա իսկական համաճարակ է: Ամենից հաճախ մարդասպան է դառնում մտերիմ անձնավորությունը՝ ինտիմ զուգընկերը, բայց աշխարհի շատ երկրներում չեն հավաքագրում նման երեւույթների վիճակագրությունը, և այս բացը պետք է առաջին հերթին լրացվի, համոզված են ՄԱԿ-ում:
Պետությունների երկու երրորդը օրենքներ է ընդունել գենդերային բռնության դեմ, բայց դրանք հեռու են ամենուրեք կիրառվելուց: Միջխորհրդարանական միության ղեկավար Մարտին Չունգոնգը կարծում է, որ բռնության դեմ պայաքարում հակառակ սեռի աջակցությունն անփոխարինելի է. «Եթե դուք տղամարդկանց չեք ներգրավում կանանց պաշտպանության գործում, իմ կարծիքով, ջանքերը դատապարտված են ձախողման», – ասել է նա:
Ֆորումի ընթացքում կարևորվեց կանանց առաջնորդության արդյունավետության գաղափարը: Կանայք որպես առաջնորդներ հակված են ավելի մեծ ուշադրություն դարձնել սոցիալական պաշտպանության, առողջապահության և «կանաչ» տնտեսության խնդիրներին, բացի այդ նրանք նաև ապացուցել են, որ ավելի լավ են հաղթահարում համաճարակը: Դրա հետ մեկտեղ, 87 երկրների տվյալների համաձայն, համաճարակի դեմ պայքարող բարձր մակարդակների աշխատանքային խմբերում միայն 3,5%-ն էին կազմում կանայք:
«Մարդկությունը 130 տարի չի սպասի գենդերային հավասարության հասնելու համար. այդ նպատակին պետք է հասնել շատ ավելի վաղ», – այս նպատակադրմամբ ավարտվեց Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանը ՝ փաստելով, որ պայքարը հանուն հավասարության շարունակվում է:
Մեկնարկել է «Հավասարության սերունդ» ֆորումը
Էստաֆետը փոխանցվեց «Հավասարության սերունդ» եռօրյա ֆորումին, որը մեկնարկել է Մեքսիկայում մարտի 29-ին: «Հավասարության սերունդ» ֆորումը ՄԱԿ-Կանայք կառույցի (UN-Women), Ֆրանսիայի և Մեքսիկայի կառավարությունների համատեղ նախաձեռնությունն է՝ քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությամբ։ Ֆորումը պետք է կայանար դեռ անցյալ տարի, սակայն հետաձգվեց համավարակի պատճառով:
Ֆորումի շրջանակում անդարադարձ է կատարվելու ընդդեմ կանանց նկատմամբ բռնության պայքարին, նրանց տնտեսական իրավունքներին, վերարտադրողական առողջությունը, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների հասանելիությունն ու կանանց քաղաքական մասնակցությունը: Ֆորումը կառուցված է 6 թեմատիկ կոալիցիաների շուրջ, որոնք միտված են գենդերային հավասարության և կանանց իրավունքների իրագործմանը և խթանմանը վեց ուղղություններով: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսին Հայաստանն ընտրվեց «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձևավորված «Տեխնոլոգիաներ և նորարարություն» գործողությունների կոալիցիայի առաջնորդ երկիր:
«Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում նախաձեռնվում է նաև Կանանց, խաղաղության, անվտանգության և մարդասիրական գործողության վերաբերյալ նորարարական համաձայնագրի մշակումը, որը միտված է ռեսուրսների ներդրմանը` խաղաղության, անվտանգության և մարդասիրական գործողությունների ապահովման նպատակով։ Համաձայնագիրը կամրապնդի արդեն իսկ առկա նախաձեռնությունների և համագործակցությունների համակարգումը՝ վերահաստատելով կանանց և երիտասարդների մասնակցության կարևորությունը խաղաղության, անվտանգության և մարդասիրական գործընթացներին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ 1325 բանաձևի ընդունումից 20 տարի անց։
Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է «Հավասարության սերունդ» ֆորումի կայքում։
Կարդացեք թեմայի շուրջ.
NGO CSW -65. մեկնարկել է քաղաքացիական հասարակության վիրտուալ ֆորումը
«Կանայք պետք է լինեն համավարակից հետո վերականգնման առաջնագծում և առանցքում»
«Պատերազմի և համավարակի միջև»․ ականատեսների պատմություններ»
Մարտի 8. Կանայք COVID-19-ով պայմանավորված ճգնաժամի առաջնագծում
Կանանց առաջնորդությունը հանուն հավասար ապագայի
Կանայք քաղաքականության մեջ – 2021. հրապարակվել է նոր քարտեզը
Աշխարհում խորհրդարանականների 25,5%-ը կանայք են
«Հավասարության սերունդ» համաժողովին ընդառաջ
Դիտումների քանակը` 1155