Աստղիկ Գեւորգյան. «Երեւանի հանդեպ սերն օգնեց հաղթահարել դժվարությունները»

«Ժուռնալիստների միության» նախագահ Աստղիկ Գեւորգյանն արդեն չորս տարի է Երեւանի ավագանու անդամ է: Այս տարի էլ՝  մայիսյան ընտրություններին ընդառաջ նա կրկին Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակում է եւ տրամադրվել է շարունակել  իր գործունեությունը քաղաքապետարանում:

 

«Մեկ ցանկություն ունենք` Երեւանը վերադարձնել երեւանցիներին»

 

«Ինձ հաճախ են հարցնում` ինչպե՞ս կգնահատեք ձեր գործունեությունը որպես ավագանու անդամ: Ես միշտ պատասխանում եմ` աշխատանքը շատ է ու թիմային եւ հենց դա է պատճառը, որ ավագանու անդամներն անհատական գործունեությամբ աչքի չեն ընկնում: Մեր աշխատանքը հատկապես նկատելի է հանձնաժողովներում, որտեղ քննարկումներն ու հանդիպումներն անցնում են բուռն մթնոլորտում, երբեմն մի քանի ժամ շարունակ քննարկում ենք որեւէ հարց: Հետեւաբար, ասել, որ ավագանին պասիվ է եւ ոչ մի հարցի չի անդրադառնում, թյուր եւ սխալ բնութագրում է: Մենք հաճախ ենք հանդիպում վարչությունների պետերին, փոխքաղաքապետերին ու քաղաքապետին, ուղղում երեւանցիներին  հուզող հարցերն ու առաջարկներ ներկայացնում: Բազում հարցեր օրակարգից հանվել են հենց հանձնաժողովների որոշմամբ, բազմաթիվ առաջարկություններ ընդունվել են եւ միաձայն անցել օրակարգ: Այս չորս տարվա ընթացքում ստեղծվել է թիմ, որը միահամուռ աշխատանք է կատարում: Ես չեմ կարող ասել, որ ավագանու ինստիտուտը լիարժեք կայացել է, սակայն այն կայացման ճանապարհին է»,- ասում է տիկին Աստղիկը` հավելելով, որ ավանդաբար կուտակված  հիմնախնդիրները այնքան  շատ էին, որ դա  առավել դժվարացնում էր նոր գերատեսչության գործունեությունը, սակայն Երեւանի հանդեպ սերը հաղթահարեց դժվարությունները:

 

Տիկին Աստղիկը խոստովանում է` իրեն ու ավագանու իր գործընկերներին քաղաքապետարան տարել է մեկ ցանկություն` Երեւանը վերադարձնել երեւանցիներին:

 

«Որպեսզի զբոսայգիներում սրճարաններ չտեղադրվեն, փողոցները բարեկարգվեն, ցայտաղբյուրներն ու ժամացույցները միշտ աշխատեն, Երեւանի հատած ծառերի տեղում կրկին ծառեր աճեն: Մենք գիտակցում էինք, որ դա շատ բարդ խնդիր է եւ եթե անկեղծ լինեմ, հնարավոր էլ չէ չորս տարվա ընթացքում այդքան հարց լուծել: Սակայն ընտրված ավագանին հիմք ու նոր ավանդույթներ ստեղծեց նոր Երեւանի կառուցման համար»:

 

«Հաճախ լավն էլ են քննադատում, վատն էլ»:

 

Տիկին Աստղիկը հիշեցնում  է, որ Երեւանը  վերջին չորս տարվա ընթացքում երեք քաղաքապետ փոխեց, ինչն ըստ տիկին Գեւորգյանի հավելյալ դժվարություններ առաջացրեց, թեպետ  երեք քաղաքապետերն էլ իրենց բարի հետքը թողեցին Երեւանում:

 

«Անզեն աչքով նկատելի է, թե որքան է փոխվել մայրաքաղաքը, աղբակույտերից ազատվել, կանաչապատվել, գեղեցկացել, սակայն դրան զուգահեռ հսկայական անելիք դեռ կա կատարելու, հատկապես ծայրամասերում: Եւ դա գիտի թե ավագանին, թե այսօրվա գործող քաղաքապետը: Ամեն ինչ արվում է, որպեսզի բյուջեի հնարավորության սահմաններում բացերը լրացվեն: Համաձայն եմ, որ բազմաթիվ խնդիրներ իրենց լուծմանն են սպասում, սակայն հաճախ լավն էլ են քննադատում, վատն էլ: Ոչ ոք չասաց` ինչ լավ է, որ մանկապարտեզները դարձել են անվճար , որ  անվճարունակ ծնողները կարողանում են իրենց երեխաներին յոթը ժամով մանկապարտեզում թողնել, որ այնտեղ նրանք սնվում են, խաղում ու դաստիարակվում: Ոչ ոք չասաց, որ այս տարի ջեռուցվել են Երեւանի բոլոր մանկապարտեզներն ու դպրոցները, թանգարաններն ու գրադարանները: Գուցե դա ուշացած էր, սակայն բյուջեի հարց էր եւ այս տարի խնդիրը լուծվեց»:

 

Տիկին Աստղիկը հիշում է, որ իր առաջարկությամբ ավագանու գործունեության հենց առաջին տարում՝ գույքահարկից ազատվել են հայրենական, աֆղանական պատերազմի եւ արցախյան ազատամարտի մասնակիցների ընտանիքերը:

 

« Դա սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն էր եւ այդ առաջարկությունը դարձավ հիմք, որ վերջին չորս տարվա ընթացքում  ամեն տարի այդ ընտանիքներն ազատվեն գույքահարկից»,- նշում  է Աստղիկ Գեւորգյանը` հավելելով, որ նմանատիպ փոքր քայլերը ուղղված են երեւանցիների կյանքի լավացմանը:

 

 «Փակ շուկա»-ի արտաքին տեսքը կպահպանվի

 

Այսօր մայրաքաղաքի գլխավոր խնդիրներից մեկը Փակ շուկայի ճակատագիրն է, որի փրկության համար պատերազմը ձգվում է արդեն երկու տարի: «Բողոքը, որ չէր կարելի Փակ շուկային ձեռք տալ, միանգամայն տեղին է»,- ասում է տիկին Աստղիկը` հավելելով, որ Փակ շուկան արաջին հերթին ճարտարապետական կոթող է ու քաղաքի սկիզբն ազդարարող հուշարձան: Տիկին Աստղիկը խոստովանում է, որ բազմաթիվ երեւանցիների օրինակով, ինքն էլ, երբ արտասահմանից հյուրեր էր ունենում, նաեւ Փակ շուկ էր տանում` համոզմամբ, որ քաղաքային շուկան մայրաքաղաքի դեմքերից մեկն է:

 

«Կան կառույցներ, որոնք չպետք է սեփականաշնորհվեն: «Փակ շուկան» Գեորգի Աղաբաբյանի փառավոր կառույցներից է ու այնտեղ պահպանված են ազգային ճարտարապետության բոլոր ավանդույթները: Կառույցի սեփականաշնորհումն ավագանու գործունեության ընթացքում տեղի չի ունեցել եւ ես չգիտեմ, թե ինչու են կառույցը սեփականաշնորհել: Սակայն եթե գնացել են նման քայլի, ապա սեփականատիրոջ հետ պետք է կնքվեր շատ լուրջ պայմանագիր: Ամեն մի կետը պետք է լիներ պատճառաբանված եւ նաեւ նախատաեսված լինեին որոշակի սանկցիաներ , որ պահանջները չկատարելու դեպքում պատիժ սահմանվի: Այս վերաբերմունքը պետք է լինի բոլոր հուշարձաների նկատմամբ:

 

Այս հարցի առնչությամբ ցանկանում եմ մեջբերել վերջերս ավագանու նիստի ժամանակ Տարոն Մարգարյանի հուսադրող խոսքը: Նա ասաց, որ Փակ շուկան ոչ միայն պահպանելու է իր արտաքին տեսքը, այլեւ երեւանցիներին կուրախացնի նույն ֆասադը: Կկառուցվի ստորգետնյա ավտոտնակ, որը չի խաթարի կառույցի արտաքին տեսքը: Քաղաքապետը հավաստիացրեց, որ կամարները պահպանվելու են եւ այժմ վեցերրորդ կամարի պահպանման հարցն է քննարկվում»:

 

«Երեւանցին պետք է տեր լինի իր քաղաքին»

 

«Ավելի լավ Երեւան»՝ սա Հանրապետական կուսակցության նշանաբանն է: Տիկին Աստղիկը վստահ է, որ չորս տարի անց ունենալու ենք բոլորովին այլ Երեւան` առավել մաքուր փողոցներ, կանաչ տարածքներ, մաքուր այգիներ, պահպանված հուշարձաններ ու նորմալ երթեւեկություն:

 

«Որպեսզի մեր քաղաքը դառնա ավելի լավը, անելիք  ունեն նաեւ երեւանցիները: Հաճախ եմ քայլում երեւանի փողոցներով: Հավատացե’ք, առավոտյան մայրաքաղաքի փողոցները մաքուր են, ավլած, սակայն քաղաքացիները նախընտրում են աղբը գցել ոչ թե աղբամանի մեջ, այլ` գետնին: Գեղեցիկ նստարանները երեւանցիների համար փրկություն են, նաեւ շատ գեղեցիկ ու ճաշակով, բայց ի՞նչ են անում քաղացիները` աղբը թողնում են նստարանին, փչացնում գույքը: Յուրաքանչյուր երեւանցի պետք է տեր լինի իր քաղաքին»:

 

Անդրադառնալով ավագանու գործունեությանը, տիկին Աստղիկը ցանկանում է վերականգնված տեսնել գեղարվեստական խորհուրդը: Նա նշում է, որ ավագանու գործունեության սկզբնական շրջանում հիմնվել էր ստեղծագործական խորհուրդ, որտեղ ընդգրկված էին բոլոր միությունների  ղեկավարները, սակայն այսօր խորհուրդի գործունեությունը նկատելի չէ:

 

«Արդյո՞ք այսօր գեղարվեստական խորհուրդը երաշխավորում է, որ մայրաքաղաքում սնկի պես աճեն արձանների կամ հուշատախտակների թիվը: Ոչ: Կարծում եմ, որ այսքան արձան չի կարելի դնել, եւ  այդ ու ցանկացած այլ հարցի վերաբերյալ գեղարվեստական խորհուրդն իր տեսակետը  պետք է հայտնի, այն պետք է  վճռորոշ դերակատարություն ունենա եւ մասնակից լինի Երեւանի վերաբերյալ որոշումների եւ օրենքների ընդունմանը»:

Հասմիկ Հարությունյան 

Դիտումների քանակը` 3992

Գլխավոր էջ