Ասել «մամ», թե՞ ոչ, միթե՞ դա է խնդիրը…

«Ես երբեք սկեսուրիս մամա չեմ ասի, նա հո իմ մաման չի», – շատ աղջիկներ են այսպես մտածելով ամուսնանում  ու  իրենց ընտանեկան կյանքի հենց առաջին օրվանից իրենց համար ստեղծում մի մտացածին պրոբլեմ` ասել մամա ամուսնու մորը, թե՞ ոչ: Մի մասը տեղի է տալիս, իսկ մյուս մասը ոչ, ինչն էլ շատ հաճախ խանգարում է հենց իրենց. հարաբերություններ են փչանում կամ ստեղծվում է մի տեսակ լարված մթնոլարտ, որը տհաճ է, թե սկեսուրին և թե իրեն` հարսին: Մենք ներկայցնում ենք  այս խնդրի շուրջ երկու կողմերի կարծիքները  եւ հրավիրում ձեզ միանալ այս թեմայի քննարկմանը մեկնաբանությունների միջոցով: 

 

     « Ես նրա անունը  «Մամաջան» եմ դրել »…

 

–         Երբ ամուսնացա սկեսուրս չէր թաքցնում, որ սպասում է, թե երբ եմ իրեն «մամա» ասելու:  Ամուսինս էլ խնդրեց, ասաց, որ իրեն հաճելի կլինի, եթե ես իր մորը մամա ասեմ:

 

Քանի դեռ նշանված էի ապագա սկեսրուրիս «Աննա տոտա» էի ասում և ոչ ոք չէր նեղանում, բայց հիմա շատ բարդ էր, ես չէի պատկերացնում թե մայրիկիցս բացի ուրիշ կնոջ ինչպես կարող եմ մամա ասել, անգամ եթե դա ամուսնուս մայրն է:  Ավելին, այդ հարցը որպես խնդիր անգամ չէի դիտարկում, միշտ մտածել էի, անունով կդիմեմ և վերջ: Այնուամենայինվ հայտվեցի այնպիսի իրավիճակում, երբ ինձանից սպասում, խնդրում և պահանջում են «ասա մամա և վերջ»: Գրեթե մեկ շաբաթ դժվար պայքարի մեջ էի ինքս ինձ հետ` մի կողմից ամուսնուս խնդրանքը, մյուս կողմից իմ համոզմունքը. ինձ թվում էր թե մորս դավաճանում եմ սկեսրոջս մամա ասելով:

 

Երբ ինձ դիմում էին որևէ հարցով կամ պարզապես որսում էի տնեցիներից որևէ մեկի հայացքը, ամեն տեղ այդ նույն պահանջն էի տեսնում, զայրանում ու նյարդայնանում էի դրանից: Ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ թե ինչ վատ բան կա, եթե ես նրան դիմեմ իր անունով: Երբ այս մասին ասացի ամուսնուս, մտածում էի թե նա կխոստանա ինձ խոսել իր մոր հետ և այս հարցը կփակվի: Իսկ նա ինձ պատասխանեց, որ դա իմ երևակայությունն է, և որ իմ արածը ոչ թե մեծի քայլ է, այլ մանկական կամակորություն:

 

Այս զրույցից ես շատ զայրացած էի, մինչև հիմա էլ կարծում եմ, որ այս հարցում  ամուսինս ինձ չհասկացավ: Դրանից հետո սկեսրոջս ասում եմ մամ ջան, բայց ես ոչ թե փոխել եմ կարծիքս, այլ պարզապես ես նրա անունը դրել եմ «Մամջան» և այդպես էլ դիմում եմ արդեն 7 տարի: Իմ այս քայլից գոհ են բոլորը` ամուսինս, իր մայրը և ես:

 

 

Իսկ ինչ է մտածում սկեսուրը նույն հարցի վերաբերյալ, մենք զրուցեցինք նաեւ նրա հետ.

 

–         Ես մեկ որդի ունեմ, և նա ինձ համար աշխարհում ամեն ինչ է, այլ կերպ կարող եմ ասել աշխարհը մի կողմ, որդիս մի կողմ: Իսկ հարսիս հետ հարաբերությունները ավելի շատ ձևական են քան անկեղծ: Նա ինձ ձևական ասում է մամ ջան և հոգատարություն է խաղում, ես էլ ձևացնում եմ, թե հավատում եմ: Երբ տղաս դեռ ամուսնացած չէր ես  այլ կերպ էի պատկերացնում  իմ ու հարսիս հարաբերությունները, իսկ  ստացվեց այսպես: Բայց քանի որ որդիս սիրում է իր կնոջը, իսկ նա էլ իր հերթին լավ կին է ու լավ մայր, ես փորձում եմ անտեսել այս հանգամանքը. ինչ արած, թող դա այդպես լինի, հո այս մասին ամենքը չգիտեն: Շատերը մտածում են թե մեզ մոտ ամեն ինչ իդեալական է և դա էլ լավ է:

 

    «Նրա  հետ խոսում եմ «երեխաների բերանով»…

 

 

–         Հիշում եմ մինչև ամուսնանալս, երբ աղջիկներով հավաքվում էինք հաճախ կատակելով փորձում էինք պատկերոցնել, թե ով ինչ հարաբերության մեջ է լինելու իր սկեսուրի հետ, ինչպես է մամա ասելու, վիճելու և զանազան այլ մանր- մունր հիմարություններ: Այդ ժամանակ, հիշում եմ, միշտ պնդում էի, որ ես մամա չեմ ասելու և վերջ, իսկ  ընկերուհիներս  ծաղրելով ասում էին. «Խելոք ես կասես, ինչի քո նմաններն են գնացել խելոքացել»: Բայց դե ես գնացի ու «չխելոքացա»:

Ամուսնուս հետ եղել է այդ թեմայով խոսակցություն և ես նրան խոստացա, որ ժամանակի ընթացքում կասեմ: Բայց ժամանակն անցնում էր, ու ես չէի ասում: Չգիտեմ մի տեսակ չէր ստացվում, շատ եմ փորձել, բայց սկեսուրիս դիմելիս «մամա» բառը կանգնում է կոկորդիս, և լեզուս ոչ մի կերպ չի արտասանում այն: Արդյունքում՝ նորից սկեսրոջս դիմում էի անունով:

 

Ինձ թվում էր երեխաների ծնվելուց հետո վերջապես կհաղթահարեմ այդ պահը:  Բայց երբ ծնվեց տղաս, նորից կանգնեցի նույն խնդրի առջեւ: Առաջվա պես անունով դիմել անհարմար էի զգում, քանի որ ամեն կողմից դրա համար զարմանում էին:  Ուստի սկսեցի սկեսուրիս հետ խոսել «երեխաների բերանով». «Մանե, ասա տատիկ արի հաց ուտենք», «Արեգ, ասա տատիկ քեզ կանչում են հեռախոսի մոտ»: Իսկ երբ այնուամենայնիվ հացեր են լինում, երբ երեխաները քնած են, կամ հնարավոր չէր ասել երեխաների միջոցով, այդ ժամանակ ես պարզապես փորձում եմ որսալ նրա հայացքը, և ուղղակի հենց այդպես , առանց անունը  ասելու խոսել: Ես տեսնում եմ, որ սկեսուրս գոհ չի, բայց ինչ արած, ես չեմ կարող, այս փաստը պետք է ընդունել և ոչ թե նեղանալ: Ես գոնե այդպես կվարվեի…

 

 

 

–          Իմ ու հարսիս հարաբերությունները շատ լարված են և ամեն ինչ սկսվում է նրանից, որ նա ինձ հետ խոսում է Դուք-ով և առանց որևէ կերպ դիմելու` արդեն 5 տարի: Դա ինձ շատ է զայրացնում, մանավանդ, որ տղայիս ներկայությամբ միշտ շատ զբաղված է ձևանում և աշխատում է ինձ հետ ընդհանրապես չխոսել, իսկ եթե այնուամենայնիվ դրա անհրաժեշտությունը կա, երեխաներին իր մոտ է կանչում` միտումնավոր ինձանից հեռու կանգնելով և ձևացնում է թե երեխային խոսել է սովորեցնում. « Մանե ասա, տատիկ արի հաց ուտենք» ու էլի նման բաներ, ինչը ինձ շատ է բարկացնում:

Սկզբում ինձ անունով էր դիմում և ես  մտածում էի, որ ժամանակի ընթացքում մամա  կասի և այդ թեմայով զրուցել եմ նրա հետ, ինձ անգամ մի պահ թվաց թե ընդունել է իմ ասածները, բայց դրանից հետո ինձ հետ խոսում է առանց անունս տալու, ուղղակի օդի մեջ, հենց այնպես և դա ես պետք է վերագրեմ ինձ:

 

Երբ ինչ որ բան է ուզում ասել, այնքան կկանգնի կողքիս մինչև նայեմ իրեն և ասի ուզածը: Ստացվում է ռոբոտային ինչ որ հարաբերություններ: Օրինակ ինչպես կարելի է, ներս եմ մտնում, այնքան կնայի դեմքիս մինչև նայեմ իրեն, որ ասի « Ձեզ զանգել էր Ձեր քույրը, խնդրեց զանգեք իրեն», հետո  շրջվել ու անմիջապես հեռանալ:

 

Այս ամենն ինձ շատ է զայրացնում` ամեն դեպքում տղայիս կինն է և իմ տանն է ապրում, գոնե կարելի է ինձ անունով դիմել և ոչ թե նեղանալ ու միտումնավոր սկսել անգամ առանց անունի դիմել, ինչ է թե իրեն նկատողություն են արել: Սա ուղղակի անհարգալից վերաբերմունք է իմ հանդեպ:

 

 

« Արդեն մամա ասել ե՞ս, թե դու էն հարսներից ես…»

 

–         Իրեն « մամա» ասել ինձ օգնեց հենց ինքը`սկեսուրս: Հարսանիքի հաջորդ օրն էր, ես քիչ առաջ էի արթնացել, երբ մեր տուն եկավ մեր ամենամտերիմ հարևանը` սուրճ խմելու: Ես հազիվ հասցրել էի լվացվել, շպարվել և դեռ ոչ ոքի հետ չէի խոսել: Սուրճ  մատուցելիս մեր հետաքրքրքսեր հարևանուհին ինձ համար շատ անակնկալ հարցրեց «Հը՞ Տաթև ջան կիսուրիդ արդեն մամա ասել ե՞ս, թե դու էն հարսներից ես…»:

 

Ես խառնվեցի և չգիտեի ինչ պատասխանել և անկախ ինձանից նայեցի սկեսուրիս ու մինչև ես կհասցնեի ինչ որ բան ասել նա շատ  հանգիստ ձայնով և հստակ ասաց. «Իհարկե, դեռ երեկ է մամ ասել»: Ես շատ ուրախացա և սուրճի բաժակը մեկնելով սկեսուրիս ասացի «Մամ ջան վերցրու սուրճդ»: Ահա այսքանը, սկեսուրիս այդ քայլը ինձ օգնեց շատ արագ լուծել այդ հարցը, ես անգամ խնդիր չունեցա մտածել ասեմ  մամ թե ոչ: Ես նրան ընդունեցի հարազատ մարդու պես, նա էլ ինձ:  Իհարկե սկեսուրիս մամ ասելով նա չգրավեց մորս տեղը, կամ մորս ես դրանից հետո ավելի քիչ չեմ սիրում: Հարազատ մայրը միշտ էլ մնում է հարազատ, բայց նեղ ընտանեկան խնդիրներ կան, որոնք մորդ չես ասի, իսկ եթե սկեսուրիդ հետ ճիշտ դասավորված հարաբերություններ ունես, նրա հետ կարող ես խոսել ստեղծված իրավիճակի կամ հարցի շուրջ: Դա է ճիշտը, չէ որ դիմելու այս ձևը օգնում է ավելի հեշտացնել հարաբերությունները:

 

 

 

–         Ես արդեն 30 տարի մանկավարժ եմ և գիտեմ երիտասարդների հետ ինչպես կարելի է ընկերանալ , ինչպես նրանց օգնել, երբ ուղղորդել և խորհուրդ տալ, իսկ երբ թողնել, որ իրենք կայացնեն իրենց որոշումը:

 

Մինչև հարսանիքն էլ ես արդեն հասցրել էի հարսիս սիրել և գնահատել: Եվ երբ հարսանիքի հաջորդ օրը հարևանուհիս Տաթևին տվեց այդ անհաջող հարցը, նա ամիջապես նայեց ինձ, ես նկատեցի, որ նա խառնվել է, եթե ասեր, որ չի ասել ինձ մամ ուրեմն «էն» հարսներից էր լինելու, եթե ասեր ասել եմ, ուրեմն ստելու էր, իսկ նա դա չեր կարողանում, ուստի ես դիմեցի խորամանկության: Տաթևը շատ ուրախ մեկնեց ինձ բաժակը և շատ ջերմ ասաց «մամ ջան»,  որն շատ ավելի նման էր շնորհակալության: Հարևանները տարբեր են, իսկ տան խաղաղությունը պահողը պետք է լինի կինը:

 

  Կարինե Պետրոսյան

Տես նաեւ այլ նյութեր այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

ԱՆԿԱԽ.ամ . «Ամուսինն ու սկեսուրը սափրեցին հարսի գլուխն ու հոնքերը և դուրս վռնդեցին»…

Դիտումների քանակը` 5462

Գլխավոր էջ