Առասպելների վերացում. բեղմնականխման միջոցները թե՞ աբորտը
Հայաստանում կանանց մեծ մասը անցանկալի հղիությունից շարունակում է պաշտպանվել ավանդական միջոցներով, իսկ հակաբեղմնավորիչներ օգտագործում է կանանց շուրջ 20 տոկոսը միայն: Այս մասին են վկայում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի յոթ երկրներում՝ ներառյալ Հայաստանը, 2011 թ. վերջին իրականացված որակական հետազոտության արդյունքները, որոնք օրերս ներկայցվեցին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված և Բնակչության համաշխարհային օրվան նվիրված միջոցառման ընթացքում: «Ինչո՞վ է պայմանավորված բեղմնականխման ժամանակակից միջոցների օգտագործումը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» զեկույցը ներկայացրեց «Հանուն ընտանիքի և առողջության»հասարակական կազմակերպության տնօրեն Մերի Խաչիկյանը:
2011թ-ի վերջին իրականացված որակական հետազոտությունը, որի արդյունքները ներկայացված են զեկույցում, անցկացվել են հիշյալ տարածաշրջանի յոթ երկրներում` այդ թվում և Հայաստանում ու Ադրբեջանում (նաև Սերբիայում, Բոսնիա-Հերցեգովինայում, Բուլղարիայում, Ղազախստանում և Մակեդոնիայում):
Նպատակն ու հիմնական խնդիրը` պարզել բեղմնականխման ժամանակակից միջոցների նվազ օգտագործման պատճառները, այդ երկրներում դրանց գործածության վրա ազդող հիմնական գործոնները և այլն: Հայաստանից հարցմանը մասնակցել են Երևանի և Շիրակի մարզի տարբերակված հատուկ խմբերի` մինչև 40 տարեկան ամուսնացած և չամուսնացած, երեխա ունեցող և չունեցող, ծնողների հետ ապրող, չամուսնացած ուսանողներ ՝ կանայք և տղամարդիկ:
Կոնկրետ մեր երկրի մասով ամենագլխավոր եզրահանգումը այն է, որ բեղմնականխման միջոցները մեր հասարակությունում շարունակում են ընկալվել իբրև վնասակար միջոցներ` կանայք վախենում են, որ դրանք գիրություն ու մազակալում են առաջացնում, դաշտանի ցիկլի խանգարում առաջ քաշում, բացի այդ ասեկոսների մակարդակով բավական տարածված է այն կարծիքը, թե իբր դրանց օգտագործումը ժամանակի ընթացքում կարող է բերել էլ ավելի վատ հետևանքների, ինչպես օրինակ քաղցկեղն է:
Ըստ հարցման արդյունքների, բեղմնականխման միջոցների նվազ օգտագործումը Հայաստանում բացատրվում է մի քանի հանգամանքներով՝ հասարակությունում դեռ առկա են մինչամուսնական կուսության պահպանումը, ՙսեռական կյանքը միայն ամուսնու հետ՚ գործոնը , բացի այս նորաստեղծ ընտանիքները չեն հետաձգում առաջին հղիությունը, ինչն էլ նշանակում է, որ պաշտպանվելը, որպես այդպիսին, ակտուալ չէ:
Կարևոր գործոն է նաև այն, որ հատկապես Հայաստանի գյուղական վայրերում մասնագետ-բժիշկների պակաս է նկատվում, իսկ կանանց մոտ բավարար չեն գիտելիքները առարկայի վերաբերյալ (բնականաբար ավելի գիտակ են քաղաքաբնակ կանայք, քան գյուղաբնակները): Արդեն նշեցինք մազակալման և գիրության առասպելներին հավատացող հասարակական կարծիքի մասին, ինչը հետևանք է ապատեղեկատվության մեծ չափաբաժնի, որ առկա է այս հարցում: Հետազոտությունը պարզել է, որ վերարտադրողական առողջության պահպանման հարցում ոչ միայն ժամանակակից դեղամիջոցների մասին տեղեկություններն են հնացած, այլ որակյալ ծառայությունները մատչելի չեն խոցելի խմբերի համար:
Մեկ այլ խնդիր է այն, որ ժամանակակից միջոցները սահմանափակ են, ինչն էլ իր հերթին սահմանափակում է ընտրության հնարավորությունը. դեղագործական կազմակերպությունները չեն ցանկանում ներդրումներ կատարել, քանի որ դեռևս լայն տարածում ունեն ընդհատված սեռական հարաբերությունները ու աբորտները :
Որպես խոչընդոտող գործոն առանձնացնելով ֆինանսական ճգնաժամի հետեւանքները, հակաբեղմնականխիչների բարձր գինը՝ ցածր աշխատավարձի, աղքատության և գործազրկության բարձր մակարդակին զուգահեռ, հետազոտությունը բացահայտում է, որ հայաստանցի կանայք և տղամարդիկ շարունակում են գերադասել անցանկալի հղիությունից պաշտպանվել ավանդական միջոցների օգտագործմամբ:
Սակայն միայն վերը նշված գործոնները չեն, որ գլխավոր դերակատարում ունեն այս խնդրում: Ոչ պակաս կարևոր է նաև այն հանգամանքը, որ հիշյալ երկրների, այդ թվում և Հայաստանի կառավարությունը թերանում են կատարել իրենց պարտավորությունները, կամ պարտավորություններ չեն կրում խոցելի խմբերի մարդկանց հակաբեղմնավորիչների մատչելիության ապոհովման հարցում:
Մասնավորապս Հայաստանում արդիական է վերարտադրողական առողջությանը, պարագաների պահանջարկի և բուժհաստատությունների կարողությունների վերաբերյալ տեղեկատվության պակասը, բացակայում է այդ պարագաների ապահովման ռազմավարությունը, բացակայում է վերարտադորղական առողջության ծառայությունների պետական ապահովագրությունը և որ ամենակարևորն է՝ բավարար չէ ֆինանսավորումը: Հետազոտությունը ի հայտ է բերել, որ Հայաստանում առկա է բարենպաստ օրենսդրական դաշտ, սակայն միևնույն այդ հարցերում թերանում ենք:
Արդյունքում ունենք բավական մտահոգիր ցուցանիշներ աբորտների մասով: Երբևէ աբորտի դիմած կանանց գրեթե 2/3-ն իրենց կյանքի ընթացքում ունեցել 47 տոկոսն ունեցել է մեկից ավելի աբորտ: Կանանց 5 տոկոսն ունեցել է 6 կամ ավելի աբորտ:
Այս ցուցանիշները ներառված են «Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն, 2010» զեկույցում: Նշենք, որ դրանց համաձայն 15-19 տարիքային խմբում աբորտները 10 տոկոս են կազմում, 20-24 տարիքային խմբում` 18 տոկոս, 25-34 տարիքային խմբում` 39 տոկոս: Այս թվերի ետեւում հայ կանանց ՝ բազմաթիվ աբորտներից հետո խարխլված առողջությունն է, ինչը հնարավոր է կանխարգելել պատշաճ տեղեկատվության ու ծառայությունների կազմակերպման միջոցով :
Բեղմնականխման միջոցների վերաբերյալ հետազոտության արդյունքները հանգեցրել են հետևյալ եզրակացությունների՝ տարածաշրջանում, ներառյալ Հայաստանում առկա են չբավարարված կարիքներ , ժամանակակից բեղմնականխման միջոցները հասանելի չեն խոցելի խմբերի համար , իսկ առկա արգելքները անհրաժեշտ է վերացնել: Տրված են նաև ուղղությունները՝ վարքագծային փոփոխություններին ուղղված հաղորդակցություն, բեղմնականխման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, ծառայությունների որակի բարելավում, վերարտադրողական առողջության պարագաների ապահովում և որ ամենակարևորն է՝ առասպելների վերացում:
Նշենք, որ հետազոտությունը ղեկավարվել և համակարգվել է ՄԱԲՀ–ի Արևմտյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի (UNFPA EECARO) և Ընտանիքի կազմավորման միջազգային ֆեդերացիայի եվրոպական համացանցի (IPPF-EN) կողմից: Իրականացվել է IPPF-EN-ն անդամկցող Ասոցիացիաների կամ գործընկերների կողմից:
Էնզելա Մակարյան
Դիտումների քանակը` 4603