Առաջնագծի նվիրյալները

Մարտի սկզբից Հայաստանը պայքարում է կորոնավիրուսի դեմ: Պետությունն իր ամբողջ ռեսուրսն ուղղել է հիվանդության տարածումը կանխարգելելուն և այդպիսով առողջապահական համակարգի վրա ծանրաբեռնվածությունը նվազեցնելուն: Անշուշտ այս օրերին ամենակարևոր մարդիկ թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում բուժաշխատողներն են, ովքեր օր ու գիշեր անձնվիրաբար պայքարում են՝ տուն չգնալու, երեխաներից, ծնողներից ու հարազատներից կտրվելու, իրենց կյանքն ամբողջությամբ գործին նվիրելու հաշվին:

 

 

Առաջնագծում պայքարող այդ նվիրյալների մեծ մասը՝ կանայք են: Առողջապահության ոլորտում զբաղվածների 85%-ը կանայք են:  WomenNet.am-ի հետ զրույցում Մարի Իզմիրլյան կենտրոնի գլխավոր ռեանիմատոլոգ, իսկ այս օրերին նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գայանե Հովհաննիսյանը նշեց, որ կորոնավիրուսը շատ ուժեղ հարված հասցրեց բժիշկներին, որոնք աշխատանքային պարտականությունների ծանրաբեռնվածությանը, գերհոգնածությանը զուգահեռ նաև ընտանիքի հանդեպ կարոտից են խեղդվում.

 

 

«Շաբաթներով ընտանիքի անդամներին, մանավանդ երեխաներին չտեսնելը ամենադժվարն է այս ամենում: Հատկապես կանանց  կանանց համար ընտանիքից ու առօրյա կենցաղից դուրս մնալը, երեխաներին չտեսնելը ու նրանցից հեռու մնալը շատ ցավոտ է»,- ասում է նա:

 

 

Շուրջ մեկ ամիս է Գայանե Հովհաննիսյանը առաջնագծում է և այս ընթացքում տուն չի գնացել: Նրա խոսքով, ինֆեկցիոն հիվանդանոցում կան բժիշկներ ու բուժքույրեր, ովքեր հենց մարտի 1-ից, այսինքն առաջին կորոնավիրուսով վարակակրից սկսած տանը չեն եղել.

 

 

«Մեզանից որևէ մեկը իրավունք չունի իր ընտանիքի անդամներին վտանգի ենթարկել, այդ իսկ պատճառով մենք՝ կոնտակտավորներս, տուն չենք գնում: Մենք ամեն ժամ, ամեն րոպե շփման մեջ ենք հիվանդների հետ, հետևապես վարակվելու հավանականությունը մեծ է»:

 

Հովհաննիսյանը նշում է, որ պետությունն ամեն ինչով ապահովել է իրենց, որպեսզի վարակվելու վտանգը հնարավորինս նվազագույն լինի՝ դիմակների, ձեռնոցների, հատուկ այլ միջոցների ու պարագաների խնդիր չունեն: Այնպես որ խնդիրները, նշեց  նա, ավելի շատ հոգեբանական տիրույթում են: Իսկ  այն, որ մեր քաղաքացիները սկսել են մատների արանքով նայել իրավիճակին, խախտել սահմանափակումները, ազատ տեղաշարժվել և այլն, էլ ավելի բարդ հոգեբանական ապրումների մեջ է դնում բոլոր բժիշկներին, որոնք տնից-տեղից կտրվել են հանուն հանրության.

 

 

«Բացի այն, որ դա ուղղակիորեն մեզ վիրավորում է, դրա արդյունքները արդեն իսկ տեսանելի են՝ օր օրի նոր վարակակիների թիվն ավելանում է, այսինքն մենք օր օրի հեռվանում ենք հաղթանակից: Եվ ես կարծում եմ, որ այդ պատճառով առաջիկա օրերին նոր վարակակիների թիվը բարձր է լինելու: Ցավով եմ նշում, բայց դա այդպես է:  Մեր հորդորն մեկն է, ինչ ամեն օր լսում եք՝ «Մնացեք տանը, որ մենք տուն գնանք»… Մնացեք տանը, պահպանեք սոցիալական հեռավորությունը, պաշտպանվեք ախտահանիչ միջոցներով, որպեսզի չվտանգեք ձեզ և ձեր հարազատներին: Այդպիսով դուք մոտեցնում եք այն օրը, երբ մենք կգրկենք մեր ընտանիքի հարազատներին»,- ասաց նա:

 

 

Իսկ այն, որ հիվանդությունը դատավճիռ չէ, վկայում են փաստերը: Որպես օրինակ բժշկուհին պատմեց, որ ապաքինվել է մի շարք քրոնիկ հիվանդություններով, այդ թվում՝  անոթային խնդիրներով, շաքարային դիաբետով, սրտում յոթ ստենդով ու թոքաբորբով հիվանդը, որն արդեն տանն է: Նրա խոսքով, որպեսզի նման հաղթանակները շատ լինեն, հարկավոր է իսկապես հետևել կարանտինի պայմաններին:

 

 

 

«Բոլորս պետք է գիտակցենք, որ եթե, Աստված չանի, հիվանդների քանակը շատ լինի, ապա բժիշկները կարող է և չհասցնեն ու իրավիճակը դառնա անվերահսկելի»,- շեշտեց նա: Գայանե Հովհաննիսյանի ամենալավատեսական կանխատեսման համաձայն՝ իրավիճակը լարված կմնա մինչև մայիսի վերջ:  Թեև, հավելեց նա, շատ դժվար է այսօր որևէ բան կանխատեսել:

 

 

Ի դեպ ,  նրա  համար առաջնագծում լինելը բոլորովին էլ նորություն չէ:  ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության նախկին պետ, պահեստազորի գնդապետ Գայանե Հովհաննիսյանը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ  Մուրացանի զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժնի պետն էր: Հայաստանի և Արցախի համար այդ ծանր օրերին իր ու իր գործընկերների շնորհիվ փրկվեց 35-ից ավելի մարդկային կյանք:

 

 

Լիա Խոջոյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում. 

 

Առաջնագծում նաև ուսուցիչներ են…

Կարանտին. Երբ CHANEL-ը դարձավ ժավել

Կանայք և COVID-19. հինգ  քայլեր, որոնք այժմ կարող են անել կառավարությունները

COVID-19. «Համավարակի աճին զուգահեռ կանայք և աղջիկները բախվում են ավելի մեծ ռիսկերի»

Դիտումների քանակը` 2318

Գլխավոր էջ