Առաջին հանրապետության կին պատգամավորները/ տեսանյութ
Հայաստանի կանայք ընտրելու և ընտրվելու իրավունք ստացան հարյուր տարի առաջ՝ Առաջին Հանրապետության օրոք, երբ Եվրոպայի շատ երկրներում կանայք դեռ պայքարում էին այդ իրավունքի համար: 1919-ին կայացած առաջին խորհրդարանի ընտրությունների արդյունքում 80 պատգամավորական տեղերից երեքը հատկացվեցին կանանց: Երեքն էլ Հայ Հեղափողական Դաշնակցության անդամ էին: Նրանք էին ազգային-ազատագրական շարժման նվիրյալներ` Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը, Կատարինե Զալյան-Մանուկյանը և Վարվառա Ռոտինյան-Սահակյանը (նկարում ձախից` աջ):
Կատարինե Զալյան-Մանուկյան
Կատարինեն եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության իրական հիմնադիրներից Արամ Մանուկյանի կինը: Նրանք ամուսնացել են 1917-ին, երբ Արամը Երևանում Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչն էր: Նրանց ամուսնական կյանքը տևեց երկու տարուց էլ պակաս, քանի որ 1919-ի հունվարի 29-ին Արամը մահացավ բծավոր տիֆից: Կատարինեն եղել է բժշկուհի՝ նվիրվել որբերի ու գաղթականների օգնության գործին: Կատարինեն խորհրդարանի պատգամավոր ընտրվեց, երբ Արամը մահացել էր երկու ամիս առաջ: Դուստրը՝ Սեդա Մանուկյանը, մի քանի ամսական էր: Երբ Հայաստանը խորհրդայնացավ, Կատարինեն մանկահասակ դստեր հետ ապաստանեց քրոջ բնակարանում, ապա մեկնեց Կրասնոդար՝ Արամի ազգականների մոտ: 1927-ին վերադարձավ Երևան և կրկին նվիրվեց բժկությանը: «Մայրս կրթված, ազնիվ, իր գործին, իր մասնագիտությանը նվիրված անձնավորություն էր: Առավոտյան գնում էր աշխատանքի, ճաշին գալիս, ինձ կերակրում, ապա նորից դուռը ինձ վրա փակում, գնում մի ուրիշ աշխատանքի: Դա էր նրա ամբողջ կյանքը»,- պատմել է Սեդա Մանուկյանը: Կատարինեն մահացել է 1965-ին: Արամի և Կատարինեի դուստրը՝ Սեդա Մանուկյանը, մինչև 1976 թվականը ապրում էր Երևանում, ապա տեղափոխվել է Մոսկվա, որտեղ էլ մահացել է 2005-ին՝ 86 տարեկան հասակում: 1998-ին նա այցելել է Երևան՝ Սարդարապատի թանգարանին նվիրեց հոր իրերը և լուսանկարներ:
Լուսանկարում՝
Արամը և Կատարինեն այն տան պատկերին, որտեղ նրանք բնակվել են և որտեղ մահացել է Արամը
Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան
Ծնվել է 1886 թ., Էդիրնեում: Միջնակարգ կրթությունն ստացել է Ֆիլպեում (ներկայիս Պլովդիվ): Ընդամենը 16 տարեկան էր, երբ նա՝ եռանդով լեցուն և հայրենիքին ծառայելու գաղափարներով ներշնչված, իր ճանապարհին հանդիպեց ապագա ամուսնուն՝ հեղափոխական Սարգիս Բարսեղյանին: Նրա թելադրանքով օրիորդների մի խմբակ ստեղծեց, որը լուսավորություն և հեղափոխական գաղափարներ տարածելու նպատակ ուներ: Այնուհետև Ժնև մեկնեց՝ ուսանելու գրականություն և մանկավարժություն: Այս շրջանում էլ սկսեց ստեղծագործել՝ Էտնա կեղծանունով: Հետագայում նրա պատմվածքները լույս տեսան առանձին գրքով՝ «Փոթորիկեն վերջ»: Ուսումն ավարտելուց հետո ուսուցչություն է արել Կերասոնում և Վանում: Պերճուհու և Սարգսի ամուսնական կյանքը կարճ է տևել: 1909-ին նրանք ամուսնացան, իսկ 1915-ին Սարգիսը, որ վարում էր Պոլսի ՀՅ Դաշնակցության բյուրոյի գործավարությունը, հարյուրավոր հայ մտավորականների հետ ձերբակալվեց և նահատակվեց: Իր հետագա կյանքը Պերճուհին նվիրեց զավակին ու մարդկանց ծառայելուն: Նա տեղափոխվում է Բուլղարիա, անուհետև՝ Թիֆլիս, իսկ Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից հետո անցնում է Երևան և ընտրվում խորհրդարանի պատգամավոր: Նա ընդգրկվեց Ամերիկյան խնամատարության կոմիտեում: Հայաստանի հանրապետության անկումից հետո շատերի պես բռնեց գաղթի ճամփան: Որոշ ժամանակ Սոֆիայում բնակվելուց հետո վերջնականապես հաստատվեց Փարիզում, որտեղ պաշտոնավարեց Նանսենյան գրասենյակում և շարունակեց գրական գործունեությունը: Մահացավ 1940-ին՝ երկարատև հիվանդությունից հետո:
Վարվառա (Վարյա) Սահակյան
Ավետիք Սահակյանի (Հայր Աբրահամի) կինն էր: Առաջին հանրապետության տարիներին ընտրվել է խորհրդարանի պատգամավոր և ընդգրկվել կրթական ծրագրերում: Հենց այդ շրջանում նա ծանր կորուստ կրեց. անհրաժեշտ դեղորարքի պակասից մահացավ նրա զավակը: Դրան հաջորդեց՝ Հայաստանի խորհրդայնացումը, ամուսնու բանտարկությունը: Փետրվարյան հեղափոխության ժամանակ Վարյան, ամուսինը և երկու զավակները ոտքով փախան Թավրիզ: Այստեղ վեց տարի ապրելուց հետո Սահակյանները փոխադրվեցին Հարավային Իրան, հետագայում՝ Իրաք: Սակայն կլիման չափազանց վատ անդրադարձավ Վարյայի առողջության վրա, այժմ էլ ընտանիքը ստիպված եղավ տեղափոխվել Լիբանան: Բեյրութում Վարյան նորից ներգրավվեց հասարակական գործունեության մեջ՝ մասնակցելով Օգնության խաչ կազմակերպության աշխատանքներին: 1932-ին ճակատագիրը մի նոր հարված հասցրեց. նա կորցրեց մյուս զավակին, մեկ տարի անց՝ ամուսնուն: Այս հարվածները վերջնականապես քայքայեցին Վարյայի առողջությունը, և շատ չանցած նա կնքեց իր մահկանացուն:
Պատրաստեց՝ Անահիտ Հարությունյանը
Ըստ Սոնա Զեյթլյանի «Հայ կնոջ դերը հայ հեղափոխական շարժման մեջ» գրքի,
Լոս Անջելես, 1992
Դիտեք նաեւ Ararat.tv – ի տեսանյութը Առաջին հանրապետքության կին պատգամավորների մասին.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ադանայի կոտորածը` մի առաջադեմ կնոջ գրչով
«Մի՛ վախեցիր հավակնոտ թվալուց…». Զապել Եսայանի նամակը դստերը
Սկյուտարում՝ Զապել Եսայանի հետքերով
Զապել Եսայան. «Իրեն հարգող կնոջ իդեալը միայն հաճելի լինելու մեջ չէ»…
Սրբուհի Տյուսաբ. «Պարզապես Հայուհի մ’եմ»
Հայկանուշ Մառք. «Պիտի կրենք մեր պատասխանատվությունը, պիտի ստեղծենք մեր իրավունքները»…
«Կինը, որ Սիպիլ կստորագրե, պարծանքն է իր սեռին»
Խոհանո՞ց թե քաղաքականություն. 1918-ին նման հարց չէր քննարկվում…
Դիանա Աբգար – աշխարհի առաջին կին դեսպանը
Առաջին կինը Բրիտանիայի խորհրդարանում: սրամտությունն ու սկանդալները
Կլարա Բարտոնը նաև մեր հրեշտակն է…
Հիշենք կանանց, ովքեր փրկեցին հայ որբերին ցեղասպանությունից …
Դիտումների քանակը` 6730