Առաջին անգամ բեմում․ կարծրատիպեր կոտրող եզդիների թատրոնը

Հայաստանում բնակվում է 60 հազարանոց եզդիական համայնք, որը շատ ավանդապաշտ է, սրբությամբ պահպանում է իր սովորույթներն ու մշակույթը։ Եվ միայն վերջերս եզդիներն իրենց թատրոնն ունեցան։ Ընդ որում, բեմ բարձրացան ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք, ինչը ոչ միայն զարմացրեց համայնքի անդամներին, այլ նաև հալածանքի առիթ տվեց։  Թատրոնի հիմնադրման մասին մանրամասներին  անդրադառնում է  լրագրող Գայանե Մկրտչյանը՝  Jam.news -ի  հրապարակման մեջ:

 

 

«Կռիվ ու կյանք» ներկայացումը եզդիերենով բեմից պատմում է եզդիների մասնակցության մասին Արցախյան երկրորդ պատերազմին, որը տեղի ունեցավ 2020 թվականի աշնանը։ Թատրոն հիմնելու նախաձեռնությունը ազգությամբ հայ, մասնագիտությամբ իրավաբան Գրետա Ալեքսանյանինն է։

 

 

«Թատրոնի բացումը  նախատեսել էինք եզդիական ազգային ստեղծագործությամբ, բայց պատերազմի ընթացքը տեսնելով, եզդիների նվիրվածությունն ու սերը, նրանց ապրումները՝ մեզ հետ հավասար, որոշեցինք  ներկայացումը նվիրվել Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին», — ասում է Գրետա Ալեքսանյանը։

 

 

Նա նաև ներկայացման սցենարի հեղինակն է, պատմում է, որ պատերազմի օրերին լինում էր թե՛ եզդիների, թե՛ հայերի այն ընտանիքներում, որոնք զոհեր էին ունենում, տեսնում էր նրանց ապրումները։ Եզդիական համայնքից Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցել է 150 եզդի, որոնցից 15-ը զոհվել են։  «Կապ չունի՝ հայ թե եզդի։ Հայաստանը բոլորիս հայրենիքն է, պատերազմն էլ բոլորիս նույն ցավը պատճառեց», — ասում է թատրոնի հիմնադիրը։

 

 

Գրետա Ալեքսանյանն ապրում է Արմավիրի մարզում, որտեղ մեծ թիվ են կազմում եզդի ընտանիքները։ Ասում է, որ հենց նրանց հետ մտերիմ շփման արդյունքում 2020 թվականի փետրվարին հիմնեց «Եզդիների կողքին» կրթամշակութային նախաձեռնությունը։ Այն էլ հետագայում հիմք հանդիսացավ թատրոնի բացման համար․

 

 

«Ես աշխատում եմ Էջմիածնում գործող Հայ Միասնության Խաչի «Մաչանենց» թատրոնում, որպես տնօրեն։  Զուգահեռ զբաղվում էի եզդիների կրթամշակութային խնդիրներով։  Ինձ մոտ անընդհատ թատրոն ունենալու միտք էր խմորվում, ես մտածում էի, որ եզդիական մեծ համայնքը անպայման պետք է թատրոն ունենա։ Հենց «Մաչանենց» թատրոնի դահլիճում էլ արդեն հանդես ենք եկել առաջին երկու ներկայացումներով»։

 

 

Հայաստանում առաջին եզդիական թատրոնը  կրում է մնջախաղի վարպետ, Երևանի մնջախաղի թատրոնի հիմնադիր, ազգությամբ եզդի Արսեն Փոլադովի անունը:

 

Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ գյուղից Անահիտ Շառոևը այն եզակի եզդի կանանցից է, որ համաձայնել է խաղալ ներկայացման մեջ։ Ասում է՝ քառասուն տարի երազել է, որ մի օր էլ եզդիները  թատրոն ունենան։

 

 

«Անսովոր էր մեր համայնքի համար՝ կնոջը տեսնել բեմում, բայց ես խաղացի, խաղացի թոռանս հետ, որին պատերազմ էի ճանապարհում, հորդորում գնալ ու փրկել հայրենիքը։ Քանի որ մենք հայերի հետ ապրում ենք եղբայրաբար, կողք կողքի, մի աղբյուրից  ջուր ենք խմում, քար չպետք է նետենք ջուրը, մենք էլ մեր լուման պետք  է ունենանք ու մասնակցենք հայրենիքի պաշտպանությանը: Ներքուստ հուզվում էի, բայց կարողանում էի զսպել ու խաղալ», — հուզված պատմում է  68-ամյա Անահիտ Շառոևը, որն ունի հինգ երեխա, 15 թոռ ու 18 ծոռ:

 

 

Սկզբում որդին դեմ էր, հետո փոխեց վերաբերմունքը։ Սակայն Անահիտին քննադատության են ենթարկում համայնքի ավելի տարիքով կանայք։  «Այս պահին հալածված եմ նրանց կողմից, ինձ ասում են, ամոթ էր, ինչպե՞ս գնացիր ու բեմ բարձրացար։ Բայց երիտասարդ հարսներ ունենք, աղջիկներ, ովքեր ինձ աջակցում են ու ասում, որ ես իմ օրինակով կոտրում եմ համայնքում ձևավորված կոշտ կարծրատիպերը։ Ես օգնում եմ, որ մշակույթը առաջ շարժվի, թատրոնն ուրիշ աշխարհ է, ես ապրում եմ այդ աշխարհով»,- պատմում է Անահիտը։

 

 

Ցավով է նշում, որ եզդի կանանց մոտ կրթության, գիտելիքի պակաս կա, և հիմա իրենք պետք է մշակույթով նաև փորձեն հաղթահարել այդ խնդիրները․

 

 

«Ես հորդորում եմ, որ թողնեն աղջիկներին գնան սովորելու։ Ես օրինակ եմ հիմա ծառայում, ինձնից հետո թատրոն են եկել երկու երիտասարդ աղջիկ, սա արդեն առաջխաղացում է։ Եթե ես էլ ժամանակին միջնակարգ դպրոցն ավարտած չլինեի, ու 5-րդ դասարանից ամուսնացնեին, ինչպես մյուսներին, այսօր գուցե ես էլ զբաղվեի միայն ոչխարով, բրդով ու կաթով։ Բայց ես ակտիվ եմ, բանաստեղծություներ եմ գրում, արդեն թատրոնում խաղում»։

 

 

Թատրոնի դերասաններից Ամար Մամոյանը էլ է կարծում, որ թատրոնը կկոտրի համայնքում ձևավորված խիստ վերաբերմունքը և դեպի բեմ ճանապարհ կբացի կանանց համար․ «Սա մի ամբողջ մշակույթ  է, համոզված եմ` թատրոնը նաև փոխելու է տղամարդկանց վերաբերմունքն այս հարցի նկատմամբ»։

 

 

27-ամյա Զորո Շառոևը Անահիտի թոռն է, ներկայացման գլխավոր դերակատարը։  Անկեղծորեն խոստովանում է. երբեք չի պատկերացրել, որ իրենք էլ կարող են թատրոնն ունենալ։

 

 

«Մտածել եմ` ինչո՞ւ մեր համայնքը չունի։ Թատրոնն այն միջոցն է, որով կկարողանանք մեր մշակույթը ցույց տալ աշխարհին։ Ուրախ եմ, որ տատս կոտրում է կարծրատիպերը։ Հորդորում եմ մեր տղամարդկանց, թողնեն իրենց աղջիկները լիարժեք ուսում ստանան, որ մենք էլ մեր համայնքում ունենանք կրթված աղջիկներ, կանայք։ Մենք պետք է հասկանանք, որ կնոջ դերը միայն  ընտանիքում չէ, միայն խոհանցում չէ, կինն էլ իրավունքն ունի աշխատելու, հասարակական կյանքով ապրելու, ինչու չէ նաև թատրոնում խաղալու», — կարծում է Զորոն։ 

 

 

Հոդվածն ամբողջությամբ կարելի է  կարդալ այստեղ.

 

 

Դիտումների քանակը` 1049

Գլխավոր էջ