Առաջադրվելու՞ է Մեհրիբան Ալիեւան նախագահի պաշտոնում թե՞ ոչ

 

 

Արդյո՞ք Մեհրիբան Ալիեւան իրոք ցանկանում է մասնակցել հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին: Այս հարցը ողջ սրությամբ ծագեց անցած շաբաթ, երբ Ադրբեջանում գործող եւ լայն հանրությանը գրեթե անհայտ` «Ադրբեջանի ժողովրդավարական աշխարհ» կոչվող կուսակցությունը նախագահի թեկնածու առաջադրեց առաջին տիկնոջը: 

 

Նախկին քաղբանտարկյալ Էյնուլլա Ֆաթուլլաեւին պատկանող Haqqin.az կայքը պնդում է, որ այս կուսակցությունը սերտ կապեր ունի Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հետ: Ու թեեւ երեկ այս կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ` հերքելով Մեհրիբան Ալիեւայի առաջադրման փաստն  ու նշելով, թե դա կուսակցությունից հեռացված մի քանի գործիչների անհատական նախաձեռնությունն էր, միեւնույն է, անպատասխան հարցերը դեռ մնում են:

 

Ադրբեջանցի քաղաքագետները, օրինակ, փորձում են հասկանալ` Մեհրիբան Ալիեւայի առաջադրումը իշխանական էլիտայում առկա տարակարծությունների՞ արդյունք էր, թե՞ հմուտ PR խաղ:

«Թուրան» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում «Արեւելք – Արեւմուտք» վերլուծական կենտրոնի ղեկավար Արատսուն Օրուջլուն, օրինակ, նշում է, որ հաշվի առնելով ադրբեջանական լրատվամիջոցներում Մեհրիբան Ալիեւայի անձի քննարկման շուրջ գործող փաստացի արգելքը` վերջին զարգացումները մտածված քայլ էին, որի նպատակն էր տնտղել հանրային կարծիքը, կամ էլ առաջին տիկնոջը որպես նախագահի պահեստային թեկնածու պատրաստել:

 

Մեկ այլ հայտնի ադրբեջանցի քաղաքագետի` Զարդուշտ Ալիզադեի կարծիքով էլ, սա քաղտեխնոլոգիական հնարք էր, որի նպատակն էր, մի կողմից, շեղել ադրբեջանական հանրության ուշադրությունը ընդդիմության վերջին շրջանի ակտիվությունից, մյուս կողմից էլ` ընտելացնել հանրությանը այն մտքին, որ 2018 թվականի ընտրություններում իշխանության թեկնածուն հենց Մեհրիբան Ալիեւան կարող է լինել:

 

Իսկ Ռուսաստանում բնակվող ամենահայտնի ադրբեջանցիներից մեկը` գործարար, 2012-ի ընտրություններում Վլադիմիր Պուտինի վստահված անձ հանդիսացած Սոյուն Սադիկովը «Թուրան»-ին տված հարցազրույցում պնդում է. – «Այսօր թե՛ Իլհամ Ալիեւը, թե՛ նրա կինը երկիրը կառավարելու իրական հնարավորություն ունեն: Այլ հարց է, որ նրանց թիկունքին ազդեցության տարբեր խմբեր են կանգնած: Իլհամ Ալիեւին աջակցում են նախիջեւանցիները: Մեհրիբան Ալիեւայի թիկունքին են նրա հարազատները` պայմանականորեն այս խմբին կարելի է Փաշաեւների ընտանիք անվանել, որոնք մի շարք կարեւորագույն ոլորտներ են վերահսկում` շինարարական բիզնեսը, հեռահաղորդակցության ոլորտի մի զգալի մասը, մաքսային եւ հարկային ծառայությունները: Նախիջեւանցիները, օրինակ, մինչեւ վերջ կպնդեն, որ ընտրություններին մասնակցի հենց Իլհամ Ալիեւը, սակայն ակնհայտ է, որ ադրբեջանցիների շրջանում Մեհրիբանի վարկանիշն ավելի բարձր է, քան ամուսնունը»:

 

Աղբյուրը՝ Azatutyun.am

 

Կարդացեք առավել մանրամասն ռուսերեն

 

 

Դիտումների քանակը` 12112

Գլխավոր էջ