Առանց քաղաքացիության երեխաներ. խաթարված մանկություն/ լրացված
Հրապարակվել է ՄԱԿ ՓԳՀ -ի նոր զեկույցը
Քաղաքացիություն չունեցող երեխաներն ամբողջ աշխարհում կիսում են խտրականության, հիասթափության և հուսահատության նույն զգացողությունը, – ասվում է ՄԱԿ ՓԳՀ- ի նոր զեկույցում, որի անվանումը յուրահատուկ կոչ է . «Ես այստեղ եմ, Ես պատկանում եմ. Վե՛րջ տալ առանց քաղաքացիաության մանկությանը» /«I am Here, I Belong: the Urgent Need to End Childhood Statelessness»: Զեկույցի հեղինակները նախազգուշացնում են այն մասին, որ անհրաժեշտ է հրատապ միջոցներ ձեռնարկել, քանի դեռ քաղաքացիություն չունենալը չի դարձել միլիոնավոր երեխաների մանկությունը խաթարող մշտական խնդիր:
Զեկույցը հրապարակվել է ՄԱԿ ՓԳՀ -ի «ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՄ» քարոզարշավի (# I Belong Campaign ) շրջանակում, որը մեկնարկել էր ուղիղ մեկ տարի առաջ՝ 2014-ի նոյեմբերի 4-ին եւ խնդիր է դրել օգնել ավելի քան 10 միլիոն մարդկանց, ովքեր այսօր ապրում են աշխարհում, փոխել իրենց կյանքը: Քարոզարշավի նպատակն է վերջ դնել մինչեւ 2024թվականը քաղաքացիություն չունենալու խնդրին :
Քաղաքացիություն չունեցող երեխաների շրջանում աշխարհի տարբեր ծայրերում արված առաջին հարցումը փաստում է, որ այն ընդհանուր խնդիրները, որոնց նրանք բախվում են դիտարկվող երկրներում, խորապես ազդում են նրանց վրա՝ մանկությունը վայելելու, առողջ կենսակերպ վարելու, սովորելու և իրենց հավակնություններն իրականացնելու կարողությունների առումով:
Զեկույցի պատրաստման համար աշխարհի 7 երկրներում հարցված երիտասարդներից շատերն ասել են, որ քաղաքացիություն չունենալը լուրջ հոգեբանական նսեմացում է իրենց համար, քանի որ այդ պատճառով նրանց նկարագրում են որպես «անտեսանելի», «օտար», «ստվերում ապրող», «փողոցի շան նման», «անարժեք»:
ՄԱԿ Գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսն ընդգծեց, որ այս զեկույցը, որը թողարկվեց «ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՄ» քարոզարշավի մեկնարկից մեկ տարի անց, ապացուցում է երեխաների քաղաքացիություն չունենալու փաստին վերջ տալու անհրաժեշտությունը մի աշխարհում, որտեղ առնվազն յուրաքանչյուր 10 րոպեն մեկ ծնվում է քաղաքացիություն չունեցող երեխա:
«Այն կարճ ժամանակահատվածում, երբ երեխան պետք է երեխա լինի, քաղաքացիություն չունենալը կարող է դառնալ նրանց մանկությունը խաթարող, խտրականության, հիասթափության և հուսահատության դատապարտող շատ լուրջ խնդիր», – ասել է Գուտերեսը՝կոչ անելով.: «Մեր երեխաներից ոչ ոք չպետք է մնա առանց քաղաքացիության»:
Այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ ՓԳՀ Գերագույն հանձնակատարը ներկայացրեց զեկույցը բարձր մակարդակի քննարկման՝ հստակ կարևորելով ազգության իրավունքի կարևորությունը: Այս զեկույցի համար ավելի քան 250 հոգի՝ երեխաներ, երիտասարդներ, նրանց ծնողներ և խնամակալներ են հարցվել Կոդ դ Իվուարում, Դոմինիկյան հանրապետությունում, Վրաստանում, Իտալիայում, Հորդանանում, Մալայզիայում և Թաիլանդում:
Զեկույցում երեխաները խոսում են այն մարտահրավերների եւ հասարակության կաղապարների մասին, որոնց նրանք բախվում են մեծանալիս; Քաղաքացիություն չունեցող երեխաներն ասում են, որ իրենց հաճախ վերաբերվում են որպես օտարերկրացու այն երկրում, որտեղ նրանք ապրել են իրենց ողջ կյանքում:
Այս երեխաները հաճախ զրկված են դպրոցի որակավորումներ ստանալու, համալսարան գնալու և աշխատանք գտնելու հնարավորությունից: Նրանք ենթարկվում են խտրականության և հետապնդումների իշխանությունների կողմից և ավելի խոցելի են շահագործման տեսանկյունից: Քաղաքացիության բացակայությունը հաճախ դատապարտում է նրանց, իրենց ընտանիքներին, համայնքներին սերնդե սերունդ մնալ մեկուսացած եւ աղքատության մեջ :
Քաղաքացիություն չունենալն ազդում է նաև երիտասարդների ապագայի վրա: Մի երիտասարդ կին Ասիայիրց ասել է ՄԱԿ ՓԳՀ –ի հետազոտողներին, որ չի կարողացել որպես ուսուցչուհի տեղավորվել աշխատանքի, քանի որ չի ունեցել քաղաքացիություն և այդ պատճառով աշխատում է միայն տեղի խանութներից մեկում: «Ես ուզում եմ ասել աշխարհին , որ ինձ նման շատ մարդիկ կան»:
ՄԱԿ ՓԳՀ –ն կոչ է անում ավելի շատ երկրների աջակցել 2014թ. նոյեմբերի 4 մեկնարկած քարոզարշավին, որն ուղղված է քաղաքացիություն չունենալուն վերջ դնելուն:
Քաղաքացիություն չունենալուն վերջ դնելու համար ՄԱԿ ՓԳՀ-ն կոչ է անում բոլոր պետություններին ձեռնարկել հետևյալ քայլերը.
- Թույլ տալ երեխաներին ձեռք բերել այն երկրի քաղաքացիությունը, որտեղ նրանք ծնվել են, եթե նրանք այլ պարագայում քաղաքացիություն չունեցող կհամարվեն:
- Բարեփոխումներ կատարել այն օրենքներում, որոնք խոչընդոտում են մայրերին փոխանցել իրենց քաղաքացիությունը իրենց երեխաներին հայրերի հետ հավասար հիմունքներով:
- Վերացնել այն օրենքներն ու պրակտիկան, որոնք զրկում են երեխաներին քաղաքացիություն ունենալուց ազգային, ռասայակն կամ կրոնական պատկանելիության պատճառով:
Կարդացե’ք զեկույցը այստեղ
«ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՄ» / (#IBelong քարոզարշավի մասին
2014թ. նոյեմբերի 4-ին ՄԱԿ ՓԳՀ-ն ազդարարեց իր ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՄ / / (# I Belong քարոզարշավը, որպեսզի վերջ դնի քաղաքացիություն չունենալու խնդրին 10 տարվա ընթացքում: Քաղաքացիություն չունենալը մարդկանց կողմից ստեղծված խնդիր է, և համեմատաբար ավելի հեշտ է այն լուծել և կանխել: Անրաժեշտ քաղաքական կամքով և հանրային աջակցությամբ աշխարհում միլիոնավոր մարդիկ ձեռք կբերեն քաղաքացիություն և կկանխեն իրենց երեխաների՝ առանց քաղաքացիության լույս աշխարհ գալը: ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՄ քարոզարշավի շրջանակում իրականացվող Համշխարհային գործողությունների ծրագիրը սահմանում է կոնկրետ քայլեր պետությունների համար, որոնք պետք է ձեռնարկվեն խնդիրը լուծելու համար: Ձեռք բերելով քաղաքացիություն՝ ամբողջ աշխարհում առնվազն 10 միլիոն մարդիկ կկարողանան լիարժեք կերպով օգտվել իրենց մարդու իրավուքններից և վայելել իրենց համայնքներին պատկանելու զգացուղությունը:
Հ.Գ. «Ես պատկանում եմ» քարոզարշավի տարեդարձի կապակցությամբ ՄԱԿ ՓԳՀ Հայաստանը՝ համագործակցելով ՎիվաՍել ՄՏՍ ընկերության հետ, նոյեմբերի 3-ին և 4-ին հաղոդագրություններ էր ուղարկել ընկերության բազմաթիվ հաճախորդներին՝ նշելով.
«Ուղարկող՝ ՄԱԿ ՓԳՀ, Նույնիսկ մեկ երեխան առանց քաղաքացիության չափազանց շատ է:
Միացի’ր ՄԱԿ ՓԳՀ-ի ապաքաղաքացիության դեմ քարոզարշավին:
Այցելի’ր http://www.unhcr.org/ibelong/»
ՄԱԿ ՓԳՀ-ն շատ է գնահատում Վիվասել-ՄՏՍ-ի հետ իրական համագործակցությունը, որը տարիներ շարունակ նյութական օգնություն է տրամադրել ՄԱԿ ՓԳՀ Հայաստանին, – նշված է ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդագրության մեջ:
Դիտումների քանակը` 3126