Աջակցե՛նք Տավուշի սահմանամերձ գյուղերի կին ֆերմերներին

«Օքսֆամ Հայաստան»-ը եւ  «OneArmenia» կազմակերպությունը  կոչ են անում միանալ  Տավուշի սահմանամերձ չորս գյուղերում նոր ջերմոցային տնտեսությունների ստեղծման նպատակով հայտարարված դրամահավաքին:  Անհրաժեշտ գումարի հայթայթման դեպքում Գեղահովիտ, Դիտավան, Այգեհովիտ և Սարիգյուղ համայնքներն արդեն աշնանը կունենան սեփական ջերմոցներ:  Նախաձեռնությունը կյանքի կոչելու համար   40 հազար ամերիկյան դոլար է պետք հավաքագրել: Դրամահավաքը սկսվել է մայիսի  4-ին և կտևի մինչև հունիսի 14-ը: Այս  մասին գործընկեր կազմակերպությունները տեղեկացրեցին  երեկ կայացած «Աջակցություն Տավուշի մարզի կին ֆերմերներին» թեմայով համատեղ ասուլիսի ժամանակ:

Օքսֆամ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի խոսքով` ծրագրի իրականացմամբ փորձ է կատարվում նվազեցնել արտագաղթը գյուղական շրջաններից: «Նախատեսվում է ստեղծել 12-15 նոր աշխատատեղ յուրաքանչյուր համայնքում: Ջերմոցների գործարկման արդյունքում այդ համայնքներում կապահովվի տարեկան 7-8 տոննա լրացուցիչ արտադրանք և մոտ մեկ ու կես միլիոն դրամական եկամուտ, ինչից կկարողանա օգտվել  յուրաքանչյուր ընտանիք», –  տեղեկացրեց  նա՝ նշելով, որ հիմնական շեշտը դրվում է կին ֆերմերներին աջակցելու վրա: Ջերմոցների կառավարման համար ստեղծվող կոոպերատիվները ղեկավարում են կանայք, դրանով իսկ փորձ է արվում նպաստել ոչ միայն կանանց տնտեսական ակտիվությունը, այլ բարձրացնել նրանց  դերը սոցիալական կյանքում եւ մասնակից դարձնել նրանց  համայնքային որոշումների կայացմանը:

 

Մարգարիտա Հակոբյանը շեշտադրեց այն հանգամանքը, որ կոոպերատիվները սոցիալական ձեռնարկության մոդելով են աշխատում:

–          -Հիմնված ջերմոցները սոցիալական ձեռնարկություններ են.  ստացված եկամուտի մոտ 40% ուղղվում է համայնքի համար առաջնային որևէ խնդրի լուծմանը: Կարող են մանկապարտեզին տրամադրել միրգ և բանջարեղեն, պահածոներ, կամ դրամական տեսքով լինի աջակցությունը, օրինակ, դպրոցի տանիքի վերանորոգում, փոքրիկ ճանապարհի վերակառուցում և այլն:

 

Նախաձեռնության գործընկեր՝ «OneArmenia» կազմակերպության հայաստանյան գրասենյակի  նախագահ Նազարեթ Սեֆերյանը նշեց, որ այս ծրագրին միացել են, քանի որ դրա օգուտը սահմանամերձ գյուղերում բնակվող ընտանիքների համար երկարաժամկետ կլինի, նրանք երկար տարիների ընթացքում կկարողանան  ապահովել իրենց ապրուստը և օգնության կարիք չեն ունենա:

 

Նազարեթ Սեֆերյանը տեղեկացրեց, որ իրենց նախաձեռնությանն արդեն միացել են մոտ հարյուր անհատներ և կազմակերպություններ.

–          Դրամահավաքի արդյունքում  մոտ ինը հազար  դոլարից ավելի գումար է արդեն հավաքվել: Հուսանք վերջին երկու շաբաթների ընթացքում ակտիվությունը էլ ավելի կմեծանա- նշեց պարոն Սեֆերյանը:

 

Նշենք, որ  «Օքսֆամ» Հայաստան կազմակերպությունը  իր երկու տասնյակ տարիների գործունեության ընթացքում Տավուշի եւ Վայոց ձորի մարզերում 19 գյուղատնտեսական կոոպերատիվներ է հիմնել, որոնցից վեցը կանանց կոոպերատիվներ են: Կառուցվել ու շահագործման է հանձնվել միրգ և բանջարեղենի վերամշակման 2 արտադրամաս, միրգ և բանջարեղենի մթերման սառնարանային 4 համալիր, ստեղծվել է  21 ջերմոցային տնտեսություն:

 

«ONEArmenia» կազմակերպությունն ստեղծվել է 2012 թվականին ամերիկահայ Փաթրիկ Սարգսյանի կողմից: Հիմնական նպատակը ողջ հայության ներուժը համախմբելն է` Հայաստանում և Արցախում ծրագրեր իրականցնելու համար: Մինչ օրս իրականացվել է 10 ծրագիր բազմաֆինասնավորման միջոցով, հավաքվել է 200 հազար դոլարից ավելի գումար: Սրանից առաջ կազմակերպությունը դրամահավաք է իրականացրել Արցախի Աղավնատուն համայնքում բուժկետ կառուցելու համար, հավաքել է 33 հազար դոլար:

 

Լիլիթ Քոչինյան

Դրամահավաքին կարելի է մասնակցել այս էջի միջոցով

http://onearmenia.org/campaign

 

 

Դիտումների քանակը` 3773

Գլխավոր էջ