Աուշվից-70. փրկվածների ազատությունը, կյանքն ու ժառանգությունը /տեսանյութ

Յոթանասուն տարի առաջ այս օրը դաշնակից ուժերն ազատագրեցին Աուշվից-Բիրկենաուն ( Օսվենցիմ)՝ գերմանական նացիստական համակենտրոնացման և մահվան ճամբարը, – ասված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի   ուղերձում՝ Հոլոքոստի  զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ: Այս տարի օրվա  հիմնական թեման  է՝ Փրկվածների ազատությունը, կյանքն ու ժառանգությունը: 

 

«Ավելի քան մեկ միլիոն բանտարկյալներ, հիմնականում՝ հրեաներ, դաժանորեն և համակարգային կերպով սպանվեցին այդ վայրում, որտեղ նացիստները կյանքի կոչեցին «արդյունաբերականացված սպանդի» հրեշավոր գաղափարը: Այլ զոհերի շարքում էին նաև հրեական ծագում չունեցող լեհաստանցիներ, քաղբանտարկյալներ, խորհրդային ռազմագերիներ, գնչուներ, միասեռականներ, հաշմանդամներ և Եհովայի վկաներ:

 

Պատմության մեջ նախադեպը չունեցող այս զանգվածային սպանդի դրդապատճառը նացիստների այլասերված ռասիստական գաղափարախոսությունն էր. նրանք ձգտում էին հայտնաբերել և սպանել առանց բացառության բոլոր հրեաներին և բոլոր այն մարդկանց, որոնց համարում էին ցածր ռասայի ներկայացուցիչներ:

 

Մարդկությունը միավորվեց՝ հաղթահարելու նացիստական սպառնալիքը: Այսօր մենք կրկին քննություն ենք հանձնում:  Փոքրամասնություններն ամենուր  հաճախ մոլեռանդության են բախվում: Վերելք են ապրում կրոնական հիմքով լարումները և անհանդուրժողականության այլ ձևերը: Շարունակվում են հակասեմիտական հարձակումները, երբ հրեաներ են սպանվում լոկ այն պատճառով, որ հրեա են: Ամբողջ աշխարհում խոցելի հասարակությունները շարունակում են հողին հանձնել իրենց հանգուցյալներին՝ շարունակելով ապրել հետագա բռնությունների հանդեպ վախի պայմաններում:

 

ՄԱԿ-ի առաքելությունը ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հոլոքոստի ողբերգության արդյունքում: Մենք հանձն ենք առել պաշտպանել խոցելի մարդկանց, խթանել մարդու հիմնարար իրավունքները և պահպանել յուրաքանչյուր մարդու ազատությունը, արժանապատվությունն ու արժեքը:

 

Անցած տասնամյակում «Հոլոքոստը և ՄԱԿ-ը» իրազեկման ծրագիրը համախմբել է սովորողների և մանկավարժների ողջ աշխարհում՝ օգնելու մեզ հասնել այս նպատակներին: Երախտապարտ ենք մեր բազմաթիվ գործընկերներին, այդ թվում՝ Հոլոքոստը վերապրած մարդկանց. նրանք իրենց ներդրումն են ունեցել այս գործում, որին միայն վերջին տարում միացել է 42 երկիր:

 

Բռնությունն ու կանխակալությունը, որոնց ականտես ենք ամեն օր, անողոք հիշեցումներ են, թե որքան ճանապարհ պիտի դեռ անցնենք մարդու իրավունքների իրացման, ցեղասպանությունների կանխարգելման և մեր ընդհանուր մարդկության պաշտպանության գործում: Մենք պետք է բազմապատկենք մեր ջանքերը՝ ոչնչացնելու ատելության և անհանդուրժողականության խոր արմատները: Մարդիկ ամենուր պետք է միավորվեն՝  դադարեցնելու  հակասությունների շրջափուլերը և կառուցելու համախմբված ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխարհ»:

 

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար, Բան Կի Մուն

 

Նշենք, որ այսօր  Հոլոքոստի զոհերի հիշատակը հարգեցին նաեւ Երեւանում:  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, ՀՀ արտաքին գործերի նախարարության և հրեական համայնքի հետ համատեղ, մասնակցեց հանդիսավոր արարողության՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին:  ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն և արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը«Առագաստ» սրճարանի մերձակա այգում ծաղկեպսակ դրեցին Հոլոքոստին նվիրված հուշարձանին՝ աղոթքների և մոմավառության ուղեկցությամբ:

 

 

Միջոցառումը շարունակվեց Հայաստանի ազգային  գրադարանի միջոցառումների դահլիճում, որտեղ ներկա էին լրատվամիջոցների ներկայացուցիչներ և երիտասարդներ Երևանի դպրոցներից ու համալսարաններից,  ՄԱԿ-ի, Արտաքին գործերի նախարարության և հրեական համայնքի ներկայացուցիչները:  ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն իր խոսքում, մասնավորապես նշեց. «Հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին՝ միջազգային այս օրը մեզ հնարավորություն է տալիս վերաhաստատել միջազգային հանրության հանձնառությունը՝ քայլեր ձեռնարկելու հակասեմիտականության, ռասայական խտրականության, անհանդուրժողականության դեմ և թույլ չտալու, որ ապագայումտեղի ունենան նման բռնություններ»:

 

Խոսելով Հոլոքոստի  ողբերգական իրադարձությունների և  ընդհանրապես մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին՝ռաբբի Գերշ-Մեիր Բուրշտեյնը և հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը կարևորեցին հանդուրժողականության դասերը հատկապես երիտասարդների համար: Ցեղասպանության և բնաջնջման այդ անմարդկային գործողությունների մասին խոսելը ճանապարհ է՝ կանխելու մերօրյա հանցագործությունները և ցեղասպանության, ատելության, խտրականության ու այլատյացության դրսևորումները, նշեցին նրանք:

 

Միջոցառման գլխավոր կազմակերպիչները ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը և Հայաստանի ազգային գրադարանում տեղակայված ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանն էին: Հիշատակի այս օրը ուսոցողական-իրազեկող միջոցառման միջոցով նշելը նպատակ ուներերիտասարդ սերնդին հաղորդակից դարձնել ողբերգությանը՝ այդպիսով նպաստելով ապագայում ցեղասպանությունների կրկնության կանխարգելմանը:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հոլոքոստի զոհերի հիշատակի օր՝ Հայաստանը կմասնակցի ՄԱԿ-ի միջոցառումներին

 

« Անբացատրելի մի հրաշք էր, բայց այդ դժոխքային պայմաններում բոլոր ծնունդները կենդանի էին»…

 

Սեռական բռնությունը հրեա կանանց դեմ Հոլոքոստի ժամանակ

 

 

Դիտումների քանակը` 4356

Գլխավոր էջ