Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 23.4% է
Միջխորհրդարանական միության վերջին տվյալներով՝ կանանց ներկայացվածությունն աշխարհի միապալատ խորհրդարաններում միջինում կազմում է 23.4% է: ԵԱՀԿ երկրներում միջին ցուցանիշը 26,6 % է: Կանանց խորհրդարանական մասնակցության արաբական աշխարհի երկրներում՝ 18.9% է : Հայաստանի Ազգային ժողովում կանանց ներկայացվածությունը 18% է դարձել, ինչի շնորհիվ Հայաստանն այդ ցուցանիշով բարելավել է իր դիրքերը Միջխորհրդարանական միության ռեյթինգային աղյուսակում՝ զբաղեցնելով այժմ 110-րդ տեղը 193 երկրից , նախորդ 160 –րդ տեղի փոխարեն: Վրաստանում կանանց ներկայացվածությունը խորհրդարանում անցյալ տարվա ընտրությունների արդյունքներով 16% է և Ադրբեջանում 2015-ի ընտրությունների արդյունքներով 16.8 % է:
Ի դեպ , Վրաստանի 2016-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Վրաստանի օրենսդիր մարմնում, որն ունի 150 անդամ, ընդգրկվել է 24 կին՝ նախորդի 18-ի փոխարեն: Նշենք, որ գենդերային քվոտան Վրաստանի Ընտրական օրենսգրքում ամրագրված չէ և պարտադիր բնույթ չի կրում: Սակայն «Քաղաքական միավորումների մասին» օրենքով նախատեսված է, որ այն կուսակցությունները, որոնք կընդգրկեն իրենց նախընտրական ցուցակներում առնվազն 25-30% կանանց որոշակի ֆինանսական խրախուսում կստանան պետական բյուջեից: Նախընտրական ցուցակների վերլուծությունը ցույց տվեց, որ նույնիսկ ֆինանսական խրախուսման ակնկալիքով շատ քիչ կուսակցություններ քաղաքական կամք դրսևորեցին ավելի մեծ թվով կանանց ներգրավելու առումով:
Դրա հետ մեկտեղ, նորընտիր կանանց ներգրավածությունը Վրաստանի խորհրդարանի ղեկավար պաշտոններում բավականին բարձր է. խոսնակի 6 տեղակալներից երկուսը կանայք են, իսկ 15 հանձնաժողովների ղեկավարներից 5-ը կանայք են: Մասնավորապես, կանայք ղեկավարում են Մարդու իրավունքների ու քաղաքական ինտեգրացիայի, Կրթության, գիտության, մշակույթի, Եվրաինտեգրացիայի, Իրավական հարցերի ու Արտաքին կապերի հանձնաժողովները: Հիշեցնենք, որ Հայաստանի նորընտիր խորհրդարանում 3 փոխնախագահներից մեկն է կին, իսկ 9 մշտական հանձնաժողովներից միայն մեկը ՝ Եվրաինտեգրացիայի հանձնաժողովն է կին ղեկավարում:
Նշենք, որ աշխարհի խորհրդարանների 278 խոսնակներից 53-ը կամ 19.1%-ը կանայք են: Նախագահի տեղակալների պաշտոնը զբաղեցնող խորհրդարանների 595 անդամներից 158-ը կամ 26.6%-ը կանայք են: Ընդհանուր առմամբ , 172 երկրների խորհրդարանների 230 պալատներից 102-ը առնվազն մեկ փոխխոսնակ կին ունեն:
Դիտումների քանակը` 3159