Աշխատանք թե՞ երեխա. ինչու  Հայաստանում ամուսնական զույգերը ուզում են շատ երեխաներ ունենալ, բայց ունենում են` քիչ

Այս տարվա  Բնակչության համաշխարհային օրվա թեման վերաբերում էր  հիսուն տարի առաջ, 1968 թվականին ,  Թեհրանում կայացած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների միջազգային համաժողովում ընդունված հռչակագրին, ըստ որի աշխարհը  որպես մարդու հիմնարար իրավունք ճանաչեց «ծնողների իրավունքն ազատ  որոշելու իրենց երեխաների թիվն ու նրանց միջև միջակայքերը»: Նշենք նաև, որ այս իրավունքն անմիջականորեն կապված է  նաև կանանց հզորացման, աղքատության կրճատման և կայուն զարգացման հասնելու խնդիրների հետ:

 

Երեխաներ թիվը որոշելու  իրավունքի իրականացման  հարցում իր դերն ունի պետությունը, և այն  կայանում է նրանում, որ ընտանիքը պլանավորման գործընթացը  չխոչընդոտվի պետական քաղաքականության անկատարության պատճառով: Այստեղից էլ հարց , ինչու, օրինակ Հայաստանում, առնվազն երեք երեխաներ ունենալու  ամուսնական զույգերի ցանկությունը  մարում է երկրորդ և նույնիսկ առաջին երեխան ունենալուց հետո:

 

Այս հարցին փորձել է պատասխանել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից 2017-ին իրականացված ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ուսումնասիրությունը, որն իրականացվել է 2017-ին Երևանում և ՀՀ 4 մարզերում` Գեղարքունքիում, Լոռիում, Շիրակում և Տավուշում՝ ընդհանուր թվով  2301 տնային տնտեսությունների շրջանում:

Ուսումնասիրության արդյունքները ներկայացվեցին հուլիսի 11-ին՝ Բնակչության համաշխարհային օրվա առիթով: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցչի պաշտոնակատար Ծովինար Հարությունյան Մեդիա կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց, որ ըստ հետազոտության արդյունքների, Հայաստանում  խնդիր է շարունակում մնալ ընտանիքներում ցանկալի երեխաների և փաստացի երեխաների թվաքանակի տարբերությունը: «Այսինքն մեր զույգերը ցանկանում են ունենալ ավելի շատ երեխաներ, բայց ունենում են ավելի քիչ: Պետությունը պետք է համապատասխան միջավայր ստեղծի, աջակցության մեխանզիմներ մշակի, որպեսզի զույգերը կարողանան  ունենալ հաջորդ պլանավորած երեխան, որը վտանգ չի սպառնա իրենց ընտանիքի բարեկեցությանը: Հետազոտությունը ցույց է տալիս, որ զույգերը մի կողմից պատրաստ են և ուզում են աշխատել, բայց մյուս կողմից ծնողական պարտականությունների իրականացման խնդիր ունեն»,- ասաց Հարությունյանը:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի ժողովրդագրության բաժնի պետ Անի Ասլանյանն ասում է, որ  ըստ հետազոտության արդյունքների,զույգերի մոտ  երեխաների ցանկալի թիվը հիմնականում եղել է 3-ը, սակայն նրանց մեծ մասը` 50 %ից ավելին, ունեցել է 2 երեխա, իսկ 20,5 %ը՝ մեկ երեխա:

 

«Երեք երեխա ունեցել է ` 18,5 %ը, թեև կանայք (42 %), թե տղամարդիկ (36 %) նախընտրում են ունենալ 3 երեխա»,-ասում է Ասլանյանը:

 

Որո՞նք են պատճառները

 

Ըստ ուսումնասիրության` կան որոշ խոչընդոտներ, որոնց պատճառով հարցված տնային տնտեսությունների 63.8%-ն այլևս չի պլանավորում երեխա ունենալ: Այսպես,  առաջիկայում երեխա չունենալու հիմնավորումներում ամենահաճախը հանդիպել են հետևյալ պատասխանները՝ Մտադրված ենք մեկնել հանրապետությունից (9.72%); Ունեցած թիվը բավարար է (9.59%); Ընտանիքի սոցիալական-տնտեսական վիճակը (6.11%); Ընտանիքի բնակարանային պայմանները (2.57%); Ամուսինների առողջական խնդիրներ (6.0%):

 

«Պատճառների թվում է,  համապաստախան աշխատատեղի և արժանի վարձատրության բացակայությունը,  ինչը  կազմում է շուրջ 15 % և հաջորդաբար երկիրը լքելու ցանկությունն ու տրամադրվածությունը: Առաջիկա 2-3 տարիների ընթացքում երեխա պլանավորող զույգերը մեծապես ուշադրություն են դարձնում ոչ միայն ֆինանսական պայմաններին այլև բնակարանային պայմաններին»,-ասաց Ասլանյանը:

 

Ի դեպ, պատճառների ողջ սպեկտրը հստակեցվում է , երբ հարցվածները պատասխանում են   ընտանիքում առնվազն երեք երեխա ունենալուն ուղղված  պետական աջակցության մասին հարցին: Այստեղ արդեն առաջին պլան է մղվում ոչ  թե աշխատատեղերի ավելացման ակնկալիքները (27.25%), այլ աշխատանքը և երեխայի խնամքը համատեղելու հնարավորությունները (24.92%), ծառայությունների մատչելիությունը և ֆինանսական աջակցությունը (29.53%): Այսինքն, ըստ էության, հարցվածների կեսից ավելին անբավարար են գնահատել  պետական աջակցությունը   երեխայի խնամքի կազմակերպման հարցում, ինչը և որոշիչ դեր է խաղացել է երրոդ երեխան ունենանլու հարցում:

 

Աշխատանքը և երեխայի խնամքը համատեղելու հնարավորությունների մասով   (24.92%), հարցվածները ակնկալում  են՝ Երեխայի խնամքի հետ կապված աշխատող մայրերին կրճատ աշխատաժամանակի ապահովումը վարձատրության չափի պահպանմամբ (9.6%); Աշխատանքի և երեխայի խնամքի միաժամանակյա իրականացման համար հնարավոր այլընտրանքների կիրառումը (7.37%); Հետծննդյան արձակուրդի վճարովի ժամկետի երկարացումը (6.4%); Ընտանիքում երեխաներին խնամող չունենալու կամ անհրաժեշտություն առաջանալու պարագայում անչափահաս երեխա ունեցող մայրերին տնային պայմաններում եկամտաբեր գործունեությամբ զբաղվելու պայմանների ստեղծումը (1.55%)։

 

 Ծառայությունների մատչելիություն և ֆինանսական աջակցության (29.53%) հարցում ակնկալում են. Առողջապահական որակյալ ծառայությունների մատչելիության ապահովումը (9.31%); Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի ավելացումը (9.1%); Նախակրթական և կրթական ծառայությունների մատչելիության ապահովումը (6.5%); Ընտանեկան բիզնեսի համար, երեխաների թվաքանակից կախված, հարկային և վարկային արտոնությունների տրամադրումը (4.62%):

 

Ուսումնասիրության արդյունքները հանգեցնում են շատ կարևոր հետևության. եթե պետությունն այսօր մտահոգված է ժողովրդագրական ցուցանիշների բարելավման հարցով, ապա, առաջին հերթին, պետք է կատարելագործի   քաղաքականությունն աշխատանքի և երեխայի խնամքի համատեղման, ծառայությունների մատչելիության հարցում՝ դրանով իսկ  հանելով կանանց վրայից  «աշխատանք թե՞ երեխա»  երկընտրանքի ծանր բեռը և հաջողելով երկրի զարգացման գործընթացներում  կանանց ներուժի  պատշաճ  օգտագործման հարցում:

 

Թ.Հ. 

 

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում. 

 

Արդյո՞ք երեխայի ծննդյան նպաստների բարձրացումը բավարար միջոց է ծնելիությունը խրախուսելու համար

 

 Կանանց ու տղամարդկանց հավասարությունն և ժողովրդագրությունը

 

Ծնելիությունը խթանելու համար անհրաժեշտ է լուծել նաև մանկապարտեզների հարցը

 

Հավասարությունը որպես ծնելիությունը բարձրացնելու բաղադրատոմս

 

Գարիկ Հայրապետյան. « Եվս մեկ քայլ անենք դեպի առաջ` ապահովելով հավասարությունն ընտանիքում և աշխատանքում»

 

 Հավասար հնարավորությունների քաղաքականություն – ի՞նչ է դա նշանակում

 

«Այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ ցանկանան ավելի շատ երեխաներ ունենալ»…

 

Դիտումների քանակը` 2903

Գլխավոր էջ