Աշխատանքը ստվերում.«Մեզ այսօր է պետք ապրել…»

48- ամյա  Մարիամը տոնավաճառում հագուստ է վաճառում` գրեթե առանց ազատ օրերի, տասը տարի շարունակ`թե ամռան շոգին և թե ձմռան ցրտին: 53- ամյա  Վարդուհին սեզոնային աշխատող է, նա իր համագյուղացի կանանց հետ գարնանը սածիլ է տնկում, քաղհանում, իսկ ամբողջ ամառը` առավոտից մինչև ուշ գիշեր, միրգ է տեսակավորում: Այս կանայք թեև աշխատում են, սակայն նրանցից ոչ մեկը չի համարվում զբաղված, քանի որ  ստվերային տնտեսության աշխատողներ են:

 

Օրենքից դուրս աշխատելով նրանք ստիպված համակերպվում են նաև այն  փաստի հետ, որ հաճախ ոտնահարվում են նրանց  իրավունքները:   Մարիամը պատմում է, որ այս 10-ը տարիների ընթացքում երբևէ չի ունեցել ընդմիջման համար հատկացված ժամանակ, գրեթե միշտ աշխատել է արտաժամյա, հանգստանում է ամիսը ընդամենը 2 օր, իսկ ահա արձակուրդ երբևք չի ունեցել: Սակայն  Մարիամը, ինչպես նաև նրա նման շատերը, գերադասում են այս պայմաններով աշխատել ստվերում, քան գալ օրինական դաշտ: Ինչու՞…

 

– Իմ գործատուների հետ ես փորձել եմ խոսել  գրանցելու մասին,-պատմում է  Մարիամը,- սակայն միշտ  ստացել եմ նույն պատասխանը:  Առաջարկել են ամենացածր աշխատավարձը, դրան գումարած ամսական 10000 հազար դրամ` արտաժամյա աշխատանքի համար և որոշակի ամիսներին 5-7 հազար դրամ պարգևավճար, իմ գործատուն պաճառաբանում է, որ չի կաչող ավելին վճարել, քանի որ նա աշխատող պահելու համար ՍՈՑԱՊ վճարումներ է կատարում, կամ էլ առաջարկում է վճարեմ իմ գրպանից: Ամեն ինչ արվում է օրենքին համաձայն և այս պայմաններում գործատուին պահանջներ չես կարող ներկայացնել, Կամ պիտի համակերպվես, կամ էլ  գնաս, իսկ այսօր 40-ն անց կնոջ համար հեշտ չէ աշխատանք գտնել:

 

Կատարելով ամենապարզ հաշվարկները տեսնում ենք, որ գրանցման դեպքում Մարիամի ամսական աշխատավարձը կկազմի է 45-52 հազար դրամ, կամ ավելի քիչ, եթե պարգևավճար չստանա,  իսկ այսօր նրա եկամուտը միջինը 80-90 հազար դրամ  է և հենց սրա համար էլ նա գերադասում է մնալ ստվերում:

 

-Ես ընտանիք եմ պահում,- ասում է նա,- ավելի քիչ գումարով ուղղակի չենք կարող ապրել, կամ սոված կմնանք, կամ առանց գազի ու լույսի: Իմ ստացած աշխատավարձը շատ մեծ չէ, սակայն դրանով ես կարողանում եմ գոնե որոշակի հարցեր հոգալ: Օրենքին համաձայն աշխատելը շատ լավ է, սակայն այդ օրենքը չի ապահովվում իմ գոյությունը, ուստի ես համաձայն եմ առանց ձևակերպման աշխատել, բայց  մի փոքր ավել գումարն աշխատել:

 

“Ստվերային աշխատանքը” “ձեռնտու” է, ոչ միայն Մարիամին,այլ բոլոր նրանց, ովքեր ստվերում մի քիչ ավելի գումար են կարողանում աշխատել: Այս երևույթը խորթ չէ նաև  գյուղաբնակ կանանց: Վարդուհին Արմավիրի մարզի գյուղերից մեկում է ապրում: Նա ունի սեփականաշնորհված մշակվող հողատարածք, որը արդեն մի քանի տարի է չի մշակում:

 

 

-Ջրելու, պարարտացման, սածիլի և հողի համար վճարվող հարկերը շատ են բարձր,- սրտնեղում է նա,- այդ բոլոր հարկերը վճարելու համար միշտ պարտք ենք անում, հույս ունենալով բերքը վաճառելուց հետո վերադարձնել,  բայց ամեն անգամ կամ եղանակների պատճառով բերք չի լինում, կամ էլ ստացած բերքը չենք կարողանու վաճառել այնպիսի գնով, որ մեր ծախսերը հոգանք և մեզ մնում է միայն մեր տանջանքն ու պարտքերը:

 

Դրա համար էլ Վարդուհին գերադասում է համագյուղացիների մոտ անցնի վարձու սեզոնային աշխատանքի: Գարնանը սածիլ է տնկում, քաղհանում: Նա պատմում է, որ չնայած աշխատանքը չափազանց դժվար է` ամբողջ օրը գլխիվայր կռացած աշխատելում է, հետո տանջվում է գլխացավից և մեջքացավից, բայց գոնե երեկոյան ստանալով իր 3000 դրամը նա կարողանում է  այդ օրվա ուտելիքը խանութից առանց պարտք անելու գնել:

 

-Գարնանը գյուղում շատ դժվար է, եկամուտ ընդհանրապես չկա,- պատմում է նա,- ամուսինս անասուն է պահում, տնամերձ այգին է մշակում,  և իմ ստացած այդ գումարով ենք մենք ապրում ամբողջ գարնանը:

 

Ամռանը Վարդուհու տանջանքներն ավելի քիչ չեն,նա աշխատում է Հայաստանից միրգ արտահանող անհատների մոտ,  իր համագյուղացի կանանց հետ  Արմավիրի, Արտաշատի, Արարատի, Կոտայքի մարզերում, արկղերի մեջ ընտրում և դասավորում եմ ծիրան, կեռաս, դեղձ, սալոր, տանձ, խաղող:

 

-Աշխատում ենք առավոտից մինչև ուշ գիշեր,- պատմում է նա,- ամռան երեք ամիսներին ես տանը ընդհանրապես չեմ լինիում, միայն գալիս եմ գիշերելու, սարսափելի հոգնում եմ, բայց ուրիշ տարբերակել չկա:

 

Յուրաքանչյուր լցված արկղի դիմաց նա ստանում է 200 դրամ, երեք ամսում վաստակում է 1500 դոլլարին համարժեք դրամ: Վարդուհին ասում է, որ այս գումարը շատ մեծ օգնություն է իր ընտանիքի համար: Նա և իր հետ աշխատող  համագյուղացի կանայք  տարիներ շարունակ, ոչ մի անգամ պաշտոնապես գրանցված չեն եղել և անգամ չեն էլ մտածում այդ մասին:

 

-Գյուղում եթե կարողանում ենք այս աշխատանքն էլ գտնել և դրանով թեթևացնել մեր հոգսերի մի մասը, դրանից էլ ենք գոհ ու շնորհակալ,- ասում է Վարդուհին:

 

Մարիամը և Վարդուհին եզակի դեպքեր չեն, մրանց նման հազարավոր կանայք են այսօր աշխատում ստվերում և ամեն օր ոտնահարվում են նրանց իրավունքները: Իմ զրուցակիցներից ոչ մեկը չեր ուզում գալ օրնական դաշտ, քանի որ նրանք համաձայնվում են հարկ չվճարելու դիմաց մի փոքր ավել գումար տանեն տուն,  և հոգան իրենց հազար ու մի կարիքներից գոնե մեկը: Նրանք գիտեն, որ թոշակի անցնելիս ստանալու են ամենաքիչ թոշակը՝ աշխատանքային ստաժ չունենալու պատճառով, սակայն նրանք ունեն մի ծանրակշիռ պատճառ. “ Մենք չգիտենք թե վաղը ինչ կլինի, իսկ մինչև վաղը մեզ այսօր է պետք ապրել , երեխաներն այսօր են հաց ուզում ուտել”…

 

                                                                                Կարինե Պետրոսյան 

Դիտումների քանակը` 4018

Գլխավոր էջ