Անցյալ տարի ընտանեկան բռնության հետևանքով Հայաստանում 5 կին է մահացել
2012 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ընտանեկան բռնության 766 դեպք: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը հայտնեց, որ դրանցից 621-ն ուղղված է եղել իգական սեռի ներկայացուցիչների դեմբ, 145-ը արական սեռի ներկայացուցիչների, իսկ անչափահասների դեմ ընտանիքում գրանցվել է բռնության 15 դեպք:
«Նախորդ տարիների համեմատ ոստիկանությունում գրանցված ընտանեկան բռնության դեպքերի թիվն ավելացել է: Սակայն չի կարելի ասել, որ դրանց թիվն աճել է»,-ասաց բանախոսն ու բացատրեց, որ ոստիկանապետի պահանջով իրականացվումէառանձնացված քննություն, իրականացվում է համալիր աշխատանք, ինչի արդյունքում ներկայացվում է օբյեկտիվ պատկերը: Դուրյանի կարծիքով, ոստիկանության նկատմամաբ վստահությունը մեծացել է, ինչի արդյունքում մարդիկ ավելի շատ են դիմում ոստիկանությանը:
Հայկական ընտանիքներում ի՞նչ է նշանակում տղամարդու նկատմամաբ բռնություն: Հարցին ի պատասխան ոստիկանության գնդապետը նշեց, որ այս պարագայում բռնարարի դերում տղամարդն է` հիմնականում հայր ու որդի: «Ունենք մի դեպք, երբ աղջիկը սպառնացել է հորը»,-ասաց բանախոսը:
Միայն մի դեպքում` բռնարարի դերում հանդես է եկել իգական սեռի ներկայացուցիչը. «17-ամյա քույրը մարմնական վնասվածք է հասցրել 15 տարեկան եղբորը: Վիճաբանությունը եղել է հեռախոսի պատճառով»:
Անդրադառնալով կանանց նկատմամբ նախորդ տարվա ընթացքում իրականցված ընտանեկան բռնության դեպքերին, Ն. Դուրյանը նշեց, որ դրանց թվում են սպանության 4 դեպք, սպանության հասցնելու մեկ դեպք, դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելու 2 դեպք, առողջությանը թեթև վնասվածք պատճառելու 125 դեպք, ծեծի 423 դեպք:
Դուրյանի խոսքով, այս պահին հստակ վիճակագրություն չկա, թե որ մարզերից են ընտանեկան բռնության ահազանգով ոստիկանություն ավելի շատ դիմում, բայց մի բան հստակ է, առավել շատ ահազանգում են Երևանից:
Դուրյանը չի բացառում, որ կան դեպքեր, երբ բռնության մասին չեն ահազանգում. «Ընտանիքում բռնությունը համարում են ներընտանեկան խնդիր, և չեն ցանականում այդ հարցը ընտանիքի պատերից դուրս գա»,-ասաց բանախոսը:
Հոգեբան Իրինա Ծատուրյանը նշեց, որ ոստիկանությանը դիմում են ֆիզիկական բռնության պարագայում, սակայն շատ կանայք ամեն օր ենթարկվում են հոգեբանական բռնության:
«Օրինակ տղամարդն ամեն օր բողոքում է, թե կինն ինչպես է դաստիարակում երեխաներին, ինչպես է եփում ճաշը, ինչպես է հագնվում»,- ասաց հոգեբանը, նշելով, որ անշուշտ կան նաև դեպքեր, երբ տղամարդն է ենթարկվում հոգեբանական ճնշման: Հաճախ դա տեղի է ունենում կին-տղամարդ դերերի փոփոխության հետևանքով, երբ ընտանիքում “կերակրողի” դերում հանդես է գալիս կինը:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 5155