Անվճար ծննդաբերություն՝ միայն ըստ բնակության վայրի / վիդեո

 

Սահմանափակում  է արդյո՞ք այս պարտադրանքը  մարզերում բնակվող հղի  կանանց  իրավունքները

Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով՝  Ծննդօգնության եւ երեխայի առողջության պետական հավաստագրերը տեղայնացվել են: Որոշումն ուժի մեջ է մտել մայիսի 1-ից: Դա ենթադրում է, որ մայրաքաղաքների բուժհիմնարկների անվճար ծննդօգնությունից կարող են օգտվել միայն Երեւանում գրանցված կամ Երեւանում հղիության ինը ամսվա ընթացքում հետազոտություն անցած կանայք, իսկ  մարզային գրանցում ունեցողները մայրաքաղաքում ծննդաբերելու համար ստիպված կլինեն  հավելյալ գումար վճարել: Կարելի՞  է արդյոք այս որոշումը դիտարկել, որպես մարզերում բնակվող կանանց իրավունքների սահմափակում:  Խնդրի կապակցությամբ  «Մեդիա կենտրոնում»  օրերս կազմակերպվել էր քննարկում, որին մասնակցում էին շահագրգիռ բոլոր կողմերը՝ պաշտոնյա, փորձագետ, պատգամավոր, Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչներ, լրաագրողներ:

 

 

«Եթե մարզում  բնակվող կինը  ցանկանում է ծննդաբերել մայրաքաղաքում, պետք է վճարի»

 

 

ՀՀ առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական  առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի պարզաբանմամբ՝ որոշման հիմնական նպատակը մարզերի ծննդօգնության հիմնարկներին հատկացվող  ֆինանսական միջոցների հասցեականության ապահովումն է: Նրա խոսքով, կինը կարող է ունենալ մարզի գրանցում, բայց եթե բնակվում է մայրաքաղաքում նա  վերցվում է բժշկական հսկողության, ըստ իր բնակության վայրի ոչ թե ըստ գրանցման: Որոշումը ենթադրում է, որ ըստ բնակության վայրի մարզային բուժհաստատություններում պետք է ծննդաբերեն բոլոր այն կանայք, որոնց հղիությունն ու ծննդաբերությունը չի պահանջում մասնագիտական հատուկ հետազոտություն:

 

 

«Եթե կինն ինը ամիս շարունակ հսկվել է տեղամասային մանկաբարձ գինեկոլոգի կողմից եւ ունի հղիության նորմալ ընթացք, առողջական որեւէ պրոբլեմ ի հայտ չի եկել, հետեւաբար այդ հղին մեծ հաջողությամբ կարող է ծննդաբերել ոչ թե մայրաքաղաքում, այլ ըստ բնակության վայրի», – ասում է Գ. Ավագյանը հիշատակելով   եվրոպական բազմաթիվ երկրների փորձը, որը ցույց է տալիս՝ նորմալ  հղիության ժամանակ  բժշկական օգնությունը տրամադրում են ոչ թե բժիշկ-գինեկոլոգները, այլ մանկաբարձուհիները:

 

«Աշխարհում հղի կանանց միայն 15 տոկոսը կարիք ունեն հատուկ հետազոտման եւ բուժման: Մնացածը 85-ի պարագայում հղիությունն անցնում է նորմալ: Մենք պետք է հասկանանք, որ հղիությունը ֆիզիոլոգիական գործընթաց է եւ հղի կանայք կարող են ծննդաբերել մանկաբարձուհիների հսկողությամբ»:

 

Նա հավաստիացնում է, որ նախարարության այս որոշմամբ հղի կանանց իրավունքները չեն սահմանափակվում:

 

«Նրանք շարունակում են ստանալ իրենց բուժօգնությունն ըստ պահանջի: Այս որոշման նպատակն է կոնկրետացնել եւ անհատականացնել բուժօգնության  ուղղվածությունը՝  ոչ թե ընդհանուր, այլ ըստ կարգի »:

 

Գայանե Ավագյանը շեշտում է, որ եթե կինը հղիության ինը ամսվա ընթացքում հետազոտություն է անցել իր բնակության վայրի բուժհաստատությունում, սակայն ցանկանում է ծննդաբերել մայրաքաղաքում, պետք է վճարի 107,000 դրամ: Սա գումար է, որ սահմանել է պետությունը: Գայանե Ավագյանը հավաստիացնում է, որ բարդությունների դեպքում գործում է ուղեգրման համակարգը, որը  շատ ճկուն է եւ ցանկացած շեղում ունեցող կինը ուղեգրվում է  համապատասխան մակարդակի բուժհաստատություն՝  համաձայն իր վիճակի եւ հղիության բարդության:

 

Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչների դիտարկմամբ՝ ուղեգրման կարգը հստակեցված չէ, մասնավորապես, անհետաձգելի իրավիճակը, որի դեպքում մարզում բնակվող կինը պետք է ուղեգրվի մայրաքաղաք որոշվում է բժշկի կողմից , եւ դա  կարող է հանգեցնի կամայականության: Մի խոսքով, որոշումը, կենտրոնի իրավաբան Մարիամ Մկրտչյանի  կարծիքով,   կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:  Հիշատակելով՝ Վերարտադրողական առողջության եւիրավունքների մասին ՀՀ օրենքը , ըստ որի ցանկացած կին ունի բարձորակ բուժօգնության եւ նոր տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք,  նա ասաց, որ որոշումը այնումենայնիվ իրավունքի սահմափակման տարրեր է պարունակում:

 

 

« Հղին ինքը պետք է որոշի եւ ընտրի` որտեղ ծննդաբերի»

 

ԱԺ «Ժառանգություն»  խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ ընդգծում է, որ հղին ինքը պետք է որոշի եւ ընտրի` որտեղ ծննդաբերի: Հինգ երեխաների հայր պատգամավորը ներկա է եղել զավակներից երկուսի լույս աշխարհ գալուն, բուժհաստատությունն էլ ընտրել են կնոջ ցանկությամբ: Պողոսյանը հիշում է, որ հղիություններից մեկի ժամանակ կնոջ ցանկությամբ երեք բուժհիմնարկ  են փոխել, որովհետեւ կնոջն ամեն տեղ որեւէ  բան դուր չէր գալիս, իսկ հղի կանայք այդ ժամանակահատվածում լինում են չափազանց դյուրագրգիռ եւ ամեն ինչ պետք է կատարվի նրա ցանկությամբ:

 

 

Պողոսյանը նաեւ  միջազգային նախադեպեր  է ներկայացնում, երբ ընտանիքն է որոշում, թե հղին որտեղ պետք է ծննդաբերի:  Հիշեցնելով,  թե ինչպես են ռուսական շոուբիզնեսի ներկայացուցիչները հղիության ինը ամսվա ընթացքում մեկնում ԱՄՆ եւ այնտեղ ծննդաբերում,  նա   համոզմունք է հայտնում ,  որ նույնը  կլինի նաեւ Հայաստանում՝ մարզ-Երեւան կտրվածքով: Մարզերում բնակվող կանայք կգան ինը ամիս Երեւանում ապրելու ծանոթի կամ բարեկամի տանը, որպեսզի մայրաքաղաքում ստուգվեն ու ծննդաբերեն առանց գումար վճարելու: Պողոսյանի գնահատմամբ՝ դրա համար հիմք կծառայի այն, որ մարզային բուժհաստատությունները չունեն այն սարքավորումներն ու մակարդակը ինչ մայրաքաղաքում եւ չեն կարող մրցակցել Երեւանի հիվանադանոցների հետ: Պատգամավորն առաջարկում է առավել մրցունակ դարձնել մարզային բուժհաստատություններ. համապատասխան քաղաքականություն մշակել, որպեսզի մարզերում բնակվող բժիշկները չտեղափոխվեն Երեւան:

 

 

«Եթե ցանկանում եք, որ մարզերից Երեւան չգան ծննդաբերության, այսպես դուք հարց չեք լուծում, քանի որ դուք արմատական փոփոխություններ չեն կատարում: դուք տեղայնացնում եք, մինչդեռ մարզերում պետք է  չափանիշներն ու չափորոշիչները բարձրացնել եւ մակարդակը հասցնել երեւանյանին, որպեսզի այդ հղին` տեսնելով, որ մարզային  եւ մայրաքաղաքի բուժհաստատությունների միջեւ որեւէ տարբերություն չկա, սարքավորումները նույնն են, անկողինը մաքուր է, աշխատողները ժպտում են եւ այլն, նախընտրի իր տարածքում ծննդաբերել, այլ ոչ թե հսկայական գումարներ ծախսել եւ ծննդաբերել Երեւանում»,-  ասում է  Թեւան Պողոսյանը:

 

 

Գայանե Ավագյանն էլ ի պատասխան «Ժառանգության»  պատգամավորի դիտարկմանը հավաստիացնում է, որ մարզային ծննդօգնության հիմնարկները որեւէ կերպ չեն զիջում մայրաքաղաքի համապատասխան կառույցներին: «Չկան հիմնարկներ, որոնք ի վիճակի չեն նորմալ ծննդօգնություն իրականացնել: Մինչ օրենքի գործարկումը մենք ուսումնասիրել ենք բոլոր բուժհաստատություններն ու համոզվել, որ կանայք հաճախ  անիմաստ են գալիս Երեւան»…

 

 

Նա նաեւ ներկայացրեց  վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն մայրաքաղաքի ծննդաբերությունների երեսուն տոկոսը բաժին էր ընկնում Երեւանին մոտ չորս մարզերին` Արարատ, Արմավիր, Կոտայք եւ Արագածոտն: «Հավաստիացնում եմ ձեզ, որ հեռավոր մարզերից Երեւան ծննդաբերության համար չեն դիմել»,- ասաց Ավագյանը:

 

«Այդ դեպքում նման որոշում կայացնելու իմաստը ո՞րն էր»,- հարցրեց Թեւան Պողոսյանը:

 

«Իմաստն այն էր, որ չորս մարզերում կա կադրային պոտենցիալ, բուժհաստատությունները վերանորոգված են, սակայն մարդիկ այնտեղ չեն գնում: Այսօր Արմավիրի բուժհաստատությունն իր հագեցվածությամբ հնարավորություններով եւ մասնագետներով չի զիջում Երեւանի երկրորդ մակարդակի բուժհաստատություններին»,- ասում է Ավագյանը` հավելելով, որ նման քաղաքականություն որդեգրելով չեն սահմանափակում կնոջ հնարավորությունները:

 

«Եթե կինը ինը ամիս նախածննդյան հսկողությունը ստացել է Արարատի մարզի կանաց կոնսուլտացիայում ի՞նչ միտք ունի, որ այդ կինը չհիմնավորված ծախսեր անի, գա եւ Երեւանում ծննդաբերի»:

 

Գայանե Ավագյանը նշում է, որ օրենքի գործարկումից սկսած ուսումնասիրել են նաեւ նրա արդյունավետությունը: Մայիսի 1-ից սկսած մարզերից դեպի Երեւան ծննդաբերել ցանկացող կանանց անկում է նկատվել` 30 տոկոսից դառնալով 20: Այդ տասը տոկոսը ծննդաբերել են իրենց քաղաքներում եւ նրանցից որեւէ բողոք կամ դժգոհություն չենք ստացել: «Սա խոսում է, որ համակարգը ճկուն է աշխատում եւ կանայք բավարարված են»:

 

Դիտարկմանը, որ կանայք գուցե գումար չունեն Երեւանում ծննդաբերելու համար, Ավագյանն ասաց, որ պետությունն այդ գումարն իրենց տրամադրել է իր մարզի կտրվածքով եւ նա կարիք չունի լրացուցիչ հետազոտման: Ավագյանը շեշտում է, որ առաջ մարզերից Երեւան եկած հղիների պատճառով մայրաքաղաքի ծննդօգնության բուժ հաստատությունները ծանրաբեռնված էին աշխատում: Նոր օրենքի շնորհիվ այդ հարցն էլ կլուծվի:

 

 

«Նախ պետք էր ներդրումներ կատարել, բարձրացնել վստահությունը բուժհաստատությունների հանդեպ»…

 

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը  այս որոշման կապակցությամբ  ուսումնասիրել է խնդիրն ու տեխնիկական աջակցություն ցուցաբերել, որպեսզի  ուղեգրման կարգը լինի ապահով եւ մայրական առողջության ու մահացության տեսակետից վնաս չբերի հղիներին:

 

ՄԱԲՀ-ի  գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի խոսքերով՝ իհարկե  ազատ ընտրությունն ամենաճիշտ տարբերակն է եւ ցանկացած միջամտություն , շուկայի միջամտություն է, եւ  չի բացառվում, որ իր հետ կբերի այլ բարդություններ եւ խնդիրներ: Անդրադառնալով առողջապահության նախարարության հնչեցրած տեսակետին, որի  համաձայն  մարզային բոլոր հիմնարկները բարձր կարգ ունեն,  Գարիկ Հայրապետյանը նշում է, որ  եթե, իրոք, այդպես է` նշանակում է մենք բացթողում ունենք, քանի որ հասարակությունը չի վստահում եւ պետք է աշխատենք այդ հավատը վերականգնելու ուղղությամբ:

 

«Նախարարության նպատակը հասկանալի եւ ընդունելի է, քանի որ ցանկությունը մեկն է՝ հավասար զարգացում ապահովել մարզերում եւ Երեւանում եւ գոնե առողջապահական տեսանկյունից մեղմել այդ անհավասարությունը»,- ասում է Հայրապետյանը` հավելելով, որ գաղափարը լավն է, սակայն իրականացման հետ այնքան էլ համաձայն չէ:

 

«Նախ պետք է ներդրումներ կատարել, աշխատել հասարակության մեջ բարձրացնել վստահությունը տեղական բուժհիմնարկների  հանդեպ, որպեսզի մարդիկ իրենք ուզեն ծննդաբերեն մարզային  բուժհաստատություններում, այլ ոչ թե գան Երեւան, –  ասաց Հայրապետյանը:

 

Քննարկումն ավարտվեց ներկաների  այն դիտարկմամբ, որ ծննդաբերության ժամանակ այս կամ  այն  բուժհաստատության ընտրությունը  հաճախ կապված է լինում  ոչ միայն  դրա կարգի կամ տեխնիկակական հագեցվածության հետ, այլ  սպասարկման մակարդակի, առաջին հերթին՝  բժշկի  եւ մնացած պերսոնալի վերաբերմունքի հետ, ինչը մեզանում լուրջ հիմնախնդիր է հանդիսանում  եւ Երեւանում, եւ մարզերում:  Այս համատեքստում,   նախարարության կողմից պարտադրվող տեղայնացման  վերաբերյալ  մտահոգությունները  դժվար է փարատել, քանի որ մարդիկ այնուամենայնիվ զրկվում են ազատ ընտրության իրավունքից …

 

Հ .Հարությունյան

 

 

Դուք կարող եք դիտել այս  քննարկումն ամբողջությամբ. 

 

 

Տեսագրությունը՝ a1plusnews

 

 

Դիտումների քանակը` 9013

Գլխավոր էջ