Անուշիկի «առեղծվածը»

Մանկությանս վառ հուշերից մեկը մեր հարևան շենքի Անուշիկն է: Նա առաջինն էր, որ 90-ական թվականների սկզբին (6-րդ դասարանի աշակերտուհի էր), այն մութ ու ցուրտ տարիներին սկսեց տաբատ կրել: Ու թեև հարևանուհիները անվերջանալի «շշշշ» էին անում ու ինչքան ուժ ունեին «գրող» ցույց տալիս նրա հետևից, տղաները սուլում էին, երկրպագուների թիվն էլ երկրաչափական պրոգրեսիայով աճ էր արձանագրում (շատ հետաքրքիր էր մոտիկից շփվել այդքան  համարձակ աղջկա հետ), իսկ Անուշիկի մամային էլ մի քանի  անգամ բարեգութ հարևանուհիները ակնարկել էին, որ վայել չէ տաբատ կրել` մարմնի ամոթալի մասերը ի ցույց դնել հայ օրիորդին սազական չէ, Անուշիկը միևնույնն է այնպիսին էր, ինչպիսին կար: Շատ ժամանակ չանցած ցուրտ ձմեռները ստիպեցին բոլոր աղջիկներին տաբատ կրել, քանի որ հարցն արդեն առողջության հարթությունում էր և ոչ թե բարոյականության ու Անուշիկի առեղծվածը կարծես թե խամրեց…

 

 

Բայց մի քանի տարի անց, երբ մեր հերոսուհին երկու տարի Ֆրանսիայում սովորելուց հետո վերադարձավ ու  հերթական մեկնելուց հետո լուր տարածվեց, որ նա երեխա է ունեցել, թեև ամուսնացած  չէր, հարևանուհիները միանգամից հիշեցին Անուշիկի տաբատները ու «էտ փոքր ժամանակվանից էլ փչացած էր»  դիագնոզով կարելի է ասել  վտարեցին Անուշիկի ծնողներին թաղամասից… կամ էլ վերջիններս այսպես թե այնպես պետք է մեկնեին դստեր մոտ ու այդ ամենը համընկավ : Ամեն դեպքում փաստ է` երկար ժամանակ Անուշիկի ոսկորները ով ասես, ինչպես ասես հաշվում էր ու դաստիարակչական խրատներ տանում, թե ի՞նչ ասել է հայ օրիորդը և որքան կարևոր է կարմիր խնձոր ասվածը:

 

 

Ի՞նչ ունենք այսօր: Դժվար է միանշանակ ասել, որ իրավիճակը կտրուկ փոխվել է, քանի որ հայ ընտանիքների մեծ մասը դեռ շարունակում է ամուսնացնել իրենց աղջիկներին հայկական ավանդույթներով ` կարմիր խնձոր, այստեղից էլ պարտադիր կուսություն, հնազանդություն ոչ միայն ամուսնուն, այլև նրա ընտանիքի բոլոր անդամներին և այլն: Թեև կան նաև այնպիսիք, որ այլևս չեն ամաչում առանց ամուսնանալու երեխա բերել ու դաստիարակել միայնակ` նրանց թիվը շարունակ աճ է գրանցում ու պատճառներն էլ տարբեր են ` սկսած անձնական դժբախտությունից (թեև դա էլ հարց է` արդյո՞ք հղիությունը կարող է դասվել դժբախտության շարքին), վերջացրած տարիքով, կանացի հիվանդությունով, որի բուժումը միայն հղիանալն էլ և այլն: Բայց ինչպե՞ս է մեր հասարակությունը վերաբերում այդ հանգամանքին և հատկապես, հաշվի առնելով այսպես կոչված  հայի մտածելակերպը, ինչո՞վ է այս երևույթը բացատրում:

 

 

Մինչեւ վերձերս  տաբուավորված այս   հարցի շուրջ մի հետաքրքիր քննարկում նկատեցի սոցիալական ցանցերում: Facebook –ի ակտիվ օգտատեր  Զ.Եգանյանի գրառման տակ մեկնաբանությունների տեղատարափ արձանագրվեց:  «Հաշվի առնելով դեմոգրաֆիական վիճակը, չամուսնացածների հսկայական թիվը, կարծում եմ` պետք է ընդունելի դառնա չամուսնացած կանանց  երեխա  ունենալը, վատագույն դեպքում` արհեստական բեղմնավորումը» , – գրեց Եգանյանը՝  ի դեպ,  ոչ թե   հայկական ավանդական մենթալիտետից հետ կանգնելու մտահոգությամբ, այլ այն հանգամանքով, թե`«Մեր սաղ հարևանները մեզանից շատ են երեխա ունենում, բացի դա էլ արտագաղթը(((»: Բայց հարցը միայն այդ հարթությունում չմնաց:

 

Նախևառաջ ակնհայտ երևաց, որ «միայն ամուսնացած կինը կարող է երեխաներ ունենալ և ճիշտը միայն դա է» կարծրատիպը,  ամենեւին էլ չի կորցրել իր ակտուալությունը , հատկապես տղամարդկանց շրջանում: Օգտատերերից մեկը նույնիսկ Զ.-ին կշտամբեց, թե «այդ ինչե՞ր ես գրում, ամուսնացած տղա ես», հետո էլ սահուն կերպով անցավ այլ մեղադրանքներին, որ «հայ տղաների վրա հույս դնել պետք չի, հայ տղեքը վերանում են, մի հատ ուշադիր նայեք ու կտեսնեք, դարձել են …. կուսակցական ակտիվիստներ ու էլի…. »…

 

Ավելին` քննարկման էպիկենտրոնը թերևս այս մեկնաբանությունն էր. «Կարդում եմ ու զարմանքից քար կտրում, էս ցնո՞րք ա, զառանցա՞նք, խեղկատակությու՞ն, թե՞ կատակ: Ազնվությամբ չեմ կարում ճիշտ ընկալեմ, կատակ ես անու՞մ , թե լու՞րջ ես գրել էս ամենը.. էս էր մնում մեզ պակա՞ս, էլ ուրիշ զազիր պոռնկության պրոպագանդա՝ դեմոգրաֆիան իբր թե վերացնելու համար, չէի էլ կարա պատկերացնեմ: Օրինակ հարց եմ տալիս բոլորին, ո՞վ կուզենար իր աղջիկը կամ քույրը նման կերպ երեխա բերեր, թեկուզ ազգաբնակչության թիվը ավելանա, հո խոզերի նախիր չի՞, եթե էս ամենը լուրջ միտումով ա գրված, այլ ոչ կատակ , ուրեմն սա միայն խելագարի ուղեղի դարբնած ա»:

 

Իսկ ահա կանանց շրջանում հարցը ոչ թե բարոյականության, այլ ֆինանսական տիրույթում է. «Սխալ բան չի ասվում… ես իմ կարծիքն ասել եմ` շատերը կուզենան երեխա ունենալ, թեկուզ առանց ամուսնանալու, պարտադիր չի արհեստական… ԲԱՅՑ ՝ ԽԾԲ (խարեբ, ծանոթ, բարեկամ), հարևան-տատի, շրջապատ և այլնի կարծիքը մեծ դեր ա խաղում մեր կյանքում, և հետո ՝ ԵԹԵ կինը սոցիալապես ապահովված չի, ի՞նչ երեխա ունենալու մասին ա խոսքը ընդհանրապես??…. ես թքած ունեմ ԽԾԲ-ների… ԲԱՅՑ , օրինակ, մեկը ես չունեմ էն հնարավորությունները, որ ինքս ինձ համար որոշեմ նման բան ու իրականացնեմ…»:

 

Քննարկման մասնակից օգտատերերից մեկն էլ շարունակելով այդ միտքը ֆինանսական հնարավորությունների  մասին, գրել է. «Ես չեմ կարծում, որ աման լվանալով կարելի ա մենակ ապրել, տան վարձ տալ, ու երեխա մեծացնել… կներեք իհարկե… »:

 

Գրառումների մեծ մասը այնուամենայնիվ մեեղադրողական բնույթ էր կրում,  այն է` ի՞նչ միայնակ երեխա բերելու մոդա է ընկել Հայաստան աշխարհ, «ինկուբատորի սկզբունքով  ազգին գլխաքանակ ապահովելը» սխալ է, հավասար է «պոռնկության խրախուսմանը» ու ուղղակի ողբերգություն է և այլն: «ԸՆՏԱՆԻՔ: Ու Բազմազավակության խթանում ԸՆՏԱՆԻՔՈՒՄ»,- սա էլ խորհրդային միության կարգախոսները հիշեցնող ցանցի օգտատերերի մի հորդոր, որը, թերևս, մնա օդում` եթե հիշենք  երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակն ու հեռուստատեսությամբ պարբերաբար ցուցադրվող կադրերն այն մասին, թե ինչպես են աղքատության ճիրաններում գոյատեւում  մեր  բազմազավակ ընտանիքները…

 

Անշուշտ  երեխան պետք է ապրի ու մեծանա ընտանիքում` ունենալով և մայր, և հայր: Բայց կյանքում ամեն ինչ կարող է պատահել: Ասենք, կինն ու տղամարդը ընտանիք են կազմում , կինը հղիանում  է, իսկ ամուսինը ինչ-ինչ պատճառներով հեռանում է նրա կյանքից կամ առհասարակ մահանում…ուրեմն ի՞նչ, այդ կինն արդեն չպետք է կյանք նվիրի սրտի տակի  պտղի՞ն, նա արդեն իր վրա կրելու է «անմարդ երեխա» բերածի դրո՞շմը:  Հասարակական կարծիքը  նման դեպքերում կարծես թե լռում է,  սակայն  ինչու՞  է դրա հետ մեկտեղ իրեն իրավունք վերապահում  կոպիտ մխրճվել այն  կնոջ կյանքը, ով չի կարող կամ թեկուզ  չի ուզում ամուսնանալ, բայց շատ է ուզում  երեխա ունենալ…

 

Իրականում, նման  հարցերը մեր պես   հասարակություններում դժվար թե  միանշանակ հանգուցալուծում ստանան մոտ ապագայում, եւ մնում է միայն հուսալ,  որ առողջ բանականությունն այնուամենայնիվ կհաղթի ու մարդիկ իրենց ասեկոսներով չեն խոչընդոտի  նոր  կյանքի ծնունդին, կայացմանն ու երջանկությանը:

 

«Ես շատ կանանց եմ ճանաչում, ովքեր միայնակ երեխա են բերել ու դաստիարակում… ու ի՞նչ, կարծում եք այդ ԽԾԲ-ՄԾԲ-ները նրանց այդքան երջանկություն էին պարգևում, որքան իր բալիկը:  Հիմա ի՞նչ, որ կինը չի ամուսնացել, ուրեմն ողջ  կյանքը նստի թախտին սպասի բախտի՞ն , բա որ մինչև 40 տենց էլ նստած մնա, ինչ է՞ լինելու հետո… Ոչ ոք իրավունք չունի ասելու ուրիշին ինչն է ճիշտ այս հարցում, ու ես լիովին կողմ եմ, որ միայնակ կինն չզրկվի մայրության բերկրանքից,  թող գոնե բալիկ ունենա, եթե ինչ-ինչ պատճառներով չի կարողացել  ընտանիք կազմել… »,- սա էլ արդեն իմ, հեղինակիս կարծիքն է:

 

Լիա Խոջոյան

 

Դիտումների քանակը` 4744

Գլխավոր էջ