Աննա Հակոբյան. «Հասարակությունը մեծ հույսեր է կապում երիտասարդ կադրերի հետ, ինչը ուրախալի է և անչափ պարտավորեցնող»

 

Աննա Հակոբյանը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՀԿ նախընտրական ցուցակի ամենաերիտասարդ կին թեկնածուներից է: Չնայած երիտասրադ տարիքին՝ հասցրել է տնտեսագիտական կրթություն ստանալ, ապա PR  է ուսումնասիրել: 2017-ին . սովորել և ավարտել է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի առաջին հոսքը: Աննա Հակոբյանն աշխատում է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնում:

 

Դուք ավագանու ամենաերիտասարդ կին թեկնածուներից մեկն եք: Ի՞նչը առիթ դարձավ, որպեսզի առաջադրվեք այս ընտրություններում:

-Աշխատանքային գործունեությանս վերջին 5 տարում մասնակից եմ քաղաքային տնտեսությունում  իրականացվող տարբեր գործընթացների: Այս պարագայում, ստացվեց  այնպես, որ մեր քաղաքական թիմի և իմ ցանկությունը համընկավ, և ես ներառվեցի Երևանու ավագանու թեկնածուների ցուցակում:

 

Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ քաղաքականության կամ որոշումների կայացման գործընթացում կանանց ներգրավվածությունը բավարար չէ: Ձեր օրինակով կարո՞ղ եք նշել, թե որոնք են երիտասարդ կանանց հիմնական խոչընդոտներն այդ ճանապարհին: Ի՞նչ հատկություններ պետք է ունենա կին գործիչը՝ հաջողելու համար:

 

-Կարծում եմ՝ հատկապես վերջին տարիներին այս խնդիրը մասամբ լուծված է. ասածիս վառ ապացույցն են խորհրդարանական վերջին և Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները, որտեղ նախընտրական ցուցակներում կանանց թիվը, նախորդ տարիների համեմատ,  բավականաչափ աճել է:  Իսկ երիտասարդ կին գործիչն, ըստ իս, պետք է ունենա կրթական համապատասխան ցենզ, տվյալ բնագավառում աշխատանքային փորձ և հաջողության հասնելու ձգտում: Սրանք կարևոր հատկանիշներ են հասարակության մեջ կնոջ ինքնահաստատման և դերի բարձրացման համար, իսկ մեր քաղաքական դաշտն այսօր, իմ կարծիքով,  յուրաքանչյուրիս տալիս է կայանալու և ինքնադրսևորվելու հնարավորություն:

 

Դուք առաջադրվել եք իշխող  կուսակցության կողմից: Շատ տրամաբանական է, որ երկրի, այս դեպքում՝ քաղաքի առօրյա կյանքում ի հայտ եկող բացթողումների, թերացումների համար պատասխանատվությունն ընկնում է հենց ՀՀԿի վրա: Չունեի՞ք մտավախություն, որ այդ քաղաքական ուժի կողմից ներկայացվածությունը կանխակալ մոտեցում կձևավորի Ձեր նկատմամբ:

 

-Նախ նշեմ, որ ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է ներկայացված լինել հենց Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից: Ի սկզբանե չեմ ունեցել որևէ մտավախություն, քանի որ ունեմ իմ համոզմունքները և կայացրել եմ իմ քաղաքական որոշումը: Բնական է, որ որպես իշխող կուսակցություն, երկրում իրականացվող պրոցեսների պատասխանատվությունը պետք է ընկնի հենց ՀՀԿ-ի վրա, սակայն պետք է նշեմ, որ ՀՀԿ-ն այն ուժն է, որն աշխատում է, որը քաջատեղյակ է առկա խնդիրներին, որը չի խուսափում այդ խնդիրների լուծման պատասխանատվությունից:

 

Կուսակցությունը, որը նաև Դուք եք ներկայացնում, ըստ էության վերջին տարիներին քաղաքի կառավարումն իրականացնող քաղաքական ուժն է: Այս ընթացքում, բնականաբար, եղել են և՛ հաղթանակներ, և՛ պարտություններ: Կնշե՞ք 3 հիմնական ձեռքբերումները և թերացումներն այդ ժամանակահատվածի համար:

 

-Այս տարիներին լուծվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք մշտապես անհանգստացրել են մեր համաքաղաքացիներին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և իր թիմի գրանցած հաջողություններից կարող եմ առանձնացնել աղբահանության գործող համակարգի ներդնումը, կանաչ տարածքների ընդլայնումը /բակային տարածքների բարեկարգում, կանաչապատում, ծաղկապատում/ և ճանապարհաշինությունը /կենսական նշանակության ճանապարհների, ճանապարհային հանգույցների կառուցում, գլխավոր փողոցների հիմնանորոգում, վերգետնյա անցումների կառուցում/: Ճիշտ է, ունենք որոշ ոլորտներ, որտեղ համակարգային փոփոխությունների կարիք կա: Օրինակ՝ տրանսպորտի ոլորտին առնչվող խնդիրները, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների բարեփոխումները, բնակֆոնդի պահպանման, հատկապես վերելակային տնտեսության արդիականացումը: Վերոնշյալ հարցերի լուծմանն ուղղված աշխատանքներ են տարվում, որոնք ևս ներառված են մեր նախընտրական ծրագրում:

 

ՀՀԿ նախընտրական ծրագրում նշված են բազմաթիվ գաղափարներ և ծրագրեր, որոնց իրագործումն, իրոք, կարող է դրականորեն ազդել քաղաքի բարեկեցության և հարմարավետության վրա: Սակայն ընտրողը նաև մտահոգություն ունի, քանի որ այդ դրույթներից շատերը եղել են նաև նախորդ ծրագրերում, և դրանց իրականացումը կա՛մ աննկատ է եղել շարքային քաղաքացու համար, կա՛մ՝ չի բավարարել նրան: Ինչպե՞ս եք պատրաստվում հաղթահարել թերահավատության  այդ խոչընդոտը:

 

-Քաղաքը շնչող օրգանիզմ է և դրա կենսագործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք: Բնականաբար նախընտրական ծրագրում կարող են լինել կրկնվող որոշ դրույթներ, սակայն, բնավ, դա չի նշանակում, որ տվյալ ոլորտի խնդիրները լուծված չեն, պարզապես այդ հարցերը մշտական ուշադրության ենթակա են: Ես հավատում եմ, որ մեր նախընտրական ծրագրում տեղ գտած դրույթներն իրականություն են դառնալու առաջիկա տարիներին: Իսկ թերահատավության մասով պարզապես կասեմ հետևյալը. պետք է կարողանանք գնահատել կատարված աշխատանքը և եթե յուրաքանչյուրս մեր գործով, մեր փոքրիկ ներդրումով փորձենք աջակցել մեր քաղաքի զարգացմանը, ապա շատ կարճ ժամանակահատվածում կհասնենք ցանկալի արդյունքի:

 

Այս ընտրությունները հետաքրքիր են նաև նրանով, որ թեկնածուների թվում շատ են երիտասարդները: Հասարակությունը, զարմանալիորեն, մեծ վստահություն ունի հենց նոր սերնդի նկատմամբ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս իրողությանը: Հնարավոր համարո՞ւմ եք սերնդափոխությունը և համագործակցությունը երիտասարդ, արհեստավարժ մասնագետների հետ՝ անկախ քաղաքական դիրքորոշումից:

 

-Հպարտությամբ  ուզում եմ նշել, որ ՀՀԿ-ն այն կառույցն է, որտեղ շատ սահուն կերպով է իրականացվում սերնդափոխությունը: Այո, ճիշտ եք նկատել,  հասարակությունը մեծ հույսեր է կապում երիտասարդ կադրերի հետ. ուրախալի է և անչափ պարտավորեցնող: Կարծում եմ,  ավագ սերնդի կուտակած փորձն ու գիտելիքները համադրելով երիտասարդների ստեղծարար և նորարար մտածելակերպի հետ՝ կունենանք համագործակցության հրաշալի բանաձև: 

 

Ի՞նչ կասեք այն քաղաքացիներին, ովքեր մայիսի 14-ին պատրաստվում են ընտրությունների գնալ:

 

-Մեր սիրելի համաքաղաքացիներին կոչ եմ անում մայիսի 14-ին իրենց վստահության քվեն տալ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի թիմին. այն թիմին, որն ունի բավական փորձառություն քաղաքամայր Երևանն ավելի լավը դարձնելու համար, այն թիմին, որն անգիր գիտի երևանցու հոգսերն ու խնդիրները, այն թիմին, որը ստանձնում է այդ խնդիրները լուծելու պատասխանատվությունը: Միայն ձեր վստահության և աջակցության շնորհիվ մենք կարող ենք իրականություն դարձնել մեր բոլոր ծրագրերը հանուն մեր սրտի մայրաքաղաքի, հանուն բարեկեցիկ, զարգացող, մրցունակ Երևանի:

 

 

Սոնա Մարտիրոսյան

Դիտումների քանակը` 3616

Գլխավոր էջ