Անի Քոչար. «Ես հավասարակշռության կողմնակից եմ թե ընտանիքում, թե քաղաքականության մեջ»…
WomenNet.am- ի զրուցակիցն է ՝ «Ես Yes!» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը, ով «Բարև Երևան» դաշինքի անդամ է և ներկայացված է ցուցակի 10-րդ հորիզոնականում:
–Առաջին անգամ եք առաջադրվում Երևանի ավագանու ընտրություններում, ինչո՞ւ որոշեցիք քաղաքականություն մտնելու հայտ ներկայացնել:
– Իրականում այդ ինձ են առաջարկել լինել ավագանու թեկնածու «Բարև Երևան» դաշինքի կազմում, այնպես որ, նաաձեռնությունն իմ կողմից չի եղել, իսկ առաջարկը ընդունել եմ այն պատճառով, որ «Ժառանգության» հիմնադիրների՝ Հովհաննիսյաննների ընտանիքի հետ շատ լավ հարաբերություններ և համագործակցություն կա: Ես պարզապես չէի կարող առաջարկը մերժել, որովհետև այն ամենը, ինչ նրանք անում են, անում են մաքսիմալ անկեղծ և ազնիվ, իսկ ես կողմնակից եմ նման պայքարին: Այնպես որ, ես սիրով համաձայնեցի լինել այդ ցուցակում և իմ համեստ ներդրումն ունենալու քաղաքի համար որոշումներ կայացնելու չափազանց պատասխանատու գործընթացում:
Ինչ վերաբերվում է քաղաքականություն մտնելու հայտ ներկայացնելու, ես մի փոքր այլ կարծիքի եմ և կարծում եմ, որ ավագանու ընտրությունները որքան էլ քաղաքական գործընթցների մաս կազմեն և քաղաքական ընտրություն լինեն, այս պարագայում, պարտադիր չէ, որ ավագանու բոլոր թեկնածուները լինեն քաղաքական գործիչներ և զբաղվեն քաղաքականությամբ: Ավագանու ինստիտուտը, նախ և առաջ հասարակական բնույթի գործունեություն է, որի իմաստը քաղաքի կառավարմանը մասնակցություն ունենալն է: Ավագանու ցուցակներում հաճախ ընդգրկվում են մարդիկ, որոնք այս կամ այն ոլորտում ինչ-որ ներդրումներ ունեն կամ համայնքում ակտիվ գործունեություն են ծավալել: Եթե իմ մասին խոսեմ, ապա հրավեր եմ ստացել ընդգրկվել ցուցակում՝ լինելով ժուռնալիստիկայի և հասարակական ոլորտում ճանապարհ անցած մարդ: Այլ հարց է, որ շատերը ինձ ճանաչում են ավելի տեսանելի ոլորտներից ՝ որպես ժամանցային ամսագրի գլխավոր խմբագիր կամ նախկին մանեքենուհի, իսկ իմ գործունեության հասարակական և մյուս ոլորտները , որոնք լայնորեն չեն լուսաբանվում, այնքան էլ տեսանելի չեն եղել լայն հանրության համար:
-Որքանո՞վ է աջակցում Ձեր շրջապատը`ընտանիքը, ընկերները: Ինչպե՞ս ընդունվեց ավագանու անդամ դառնալու Ձեր որոշումը:
– Պետք է ասեմ, որ այդ հարցում իմ բախտն իսկապես բերել է: Ես ունեմ շատ լավ, հասկացող և հանդուրժող ամուսին, ով մշտապես աջակցում և ոգևորում է ինձ՝ ցանկացած նախաձեռնության ժամանակ, այդ թվում նաև այս դեպքում: Նա մշտապես իմ կողքին է, իմ կողքին է նաև իմ ղեկավարած ընկերության` «Անի Քոչար փրոդակշնի» թիմը, որը նույնպես, պատրաստ է ինձ աջակցել:
– Ի՞նչ կցանկանայիք փոխել Երևանում, ինչպիսի՞ պլաններ ունեք: Ծանո՞թ եք մայրաքաղաքի խնդիրներին:
– Իհարկե ծանոթ եմ: Ես իմ ծրագիրն ու մոտեցումները ներկայացրել եմ դաշինքին և դրանք հաշվի են առնվել: Ներառել եմ Երևանի հետ կապված այն ամենը, ինչը երևանցիների կյանքը պետք է ավելի լավ ու հարմարավետ դարձնի, յուրաքանչյուր բնագավառ՝ սկսած կանաչապատումից և ավարտած լուսավորությամբ և այլ խնդիրներով: Ասենք, կանաչապատումը հաճախ հասկանում են միայն խոտածածկույթով և մի քանի դեկորատիվ թուփ տնկելով, բայց իրականում կանաչապատումը դա չէ, կամ , չգիտես ինչու, Երևանում կենտրոնից դուրս լուսավոորության խնդիրը տարիներով չի լուծվում: Ես իմ ծրագրում ներառել եմ նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները՝ և տարրական պայմանների բացակայությունը և քաղաքաշինության նորմերի կոպիտ խախտումը, նախատեսել եմ բավականին մեծ առավելություններ այն ընտանիքների համար, որոնք ունեն երկու և ավելի զինվորական, զոհված ազատամարտիկների, նաև հաշմանդամների ընտանիքների հարկային բեռի թեթևացում:
Իսկ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ գումարների առումով մեկ պատասխան ունեմ բոլոր այն մարդկանց, ովքեր կփորձեն դրոշակ սարքել և ասել, որ բյուջեն սահմանափակ է. եթե իշխանության մեջ գտնվող մադիկ և քաղաքային իշխանությունները իրենց գործուղումները մի փոքր ավելի համեստ կազմակերպեն, եթե սահմանափակեն վարորդի և ծառայողական մեքենաների ծախսերը և իրենց անձնական շռայլությունները, ապա, ես կարծում եմ, մենք կկարողանանք թեթևացնել մեր այն բնակիչների հոգսը, որոնք ունեն դրա կարիքը: Օրինակ, թեքահարթակ կառուցելու վրա չնչին գումարներ են ծախսվում, իհարկե ամբողջ քաղաքի մասշտաբով դա մի փոքր ավելի շատ է, բայց կրկնում եմ, ցանկության դեպքում, հնարավոր է:
–Ո՞վ է Ձեր ընտրողը և ի՞նչպես եք համոզելու նրան:
Ընտրողը երևանցին է, շարքային հայ քաղաքացին, ով փոփոխություններ է ուզում և ով պատրաստ է պայքարել այդ փոփոխությունների համար: Քարոզարշավի ընթացքում կփորձենք տեղեկացնել, իրազեկել, նաև համոզել մեր ընտրողներին, որ մենք կարող են աշխատել քաղաքի համար, քանի որ սրտացավ մարդիկ ենք:
Իսկ ինչո՞ւ ցուցակների առաջին հորիզոնականներում միայն տղամարդիկ են և քաղաքապետի թեկնածուների մեջ կին չկա:
– Որքանով հասցրել եմ ուսումնասիրել, տեսել եմ, որ բոլոր կուակցությունների ցուցակներում և մեր դաշինքում կան բազմաթիվ կանայք, բայց այո, որևէ ցուցակ կին չի գլխավորում: Ես անձամբ շատ կցանկանայի , որ մեր ցուցակը գլխավորեր կին և քաղաքապետն էլ կին լիներ, բայց կարծում եմ այդ հարցը ինձ չէ, որ պետք է տրվի: Ինքս ցուցակը կազմողների մեջ չեմ եղել և միայն այն կազմելուց հետո եմ իմացել եմ, որ ես տասներորդն եմ, սակայն երբեք չեմ քննարկել այն հարցը, թե որերորդն եմ լինելու:
Որպես կանոն ցուցակ կազմողները մեծամասամբ հենց տղամարդիկ են, ու չեմ կարծում, որ նրանք կցանկանան իրենց դիրքերը զիջել կանանց: Բացի այդ առաջին տեղերը կանանց չեն տալիս, որովհետև վերապահումով են վերաբերվում նրանց և առհասարակ կնոջ հնարավորույթուններին: Բայց, օրինակ ես, շատ կցանկանայի, տեսնել կին քաղաքապետի: Օրինակ, մեր ցուցակից՝ տիկին Անահիտ Բախշյանին: Ես նրան տեսել եմ գործի մեջ, տեսել եմ, թե նա ինչպիսին է գործի մեջ ինչպիսին է որպես կին, որպես մայր, որպես ավագ ընկեր և որպես պայքարող, այնպես որ, ես վստահ եմ, նա պակաս չէր կատարի իր գործը , քան տղամարդիկ:
Վստահ եմ , որ կգա այն օրը, երբ կգտնվեն կուսակցություններ, որոնք առաջին հորիզոնականներում հենց կնոջ անունը կդնեն և կնոջը կստեսնեն ամենաբարձր ղեկավար պաշտոնում: Թեև մի ցավալի բան էլ կա, որքան ես շփվում եմ մարդկանց հետ, զրուցում ժողովրդի հետ, տեսնում եմ, որ մեր հասարակությունն էլ պատրաստ չէ նույն քաղաքապետի, վարչապետի կամ նախագահի պաշտոնում կին տեսնել: Կնոջը տեսնում են մանկապարտեզի վարիչի կամ դպրոցի տնօրենի պաշտոնում, բայց ոչ քաղաքական լուրջ և պատասխանատու դիրքերում: Դրա պատճառը կարծում եմ մեր հոգեկերտվածքն է , մեր մենթալիտետը, որովհետև դարեր շարունակ կանանց կառավարման տիրույթն միայն իրենց ընտանիքն էր, օջախ կոչվածը, խոհանոցը, և կնոջը այլ դերում չէին տեսնում: Ցավոք, այսօր էլ մեր հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր կնոջը դժվարությամբ են պատկերացնում տանից դուրս` հասարակական գործընթացներում: Անգամ կան տղամարդիկ, որոնք կնոջ կողմից ավտոմեքենա վարելն էլ ոչ միանշանակ են ընդունում: Իրենք կնոջը պատկերացնում են «թագուհի» միայն տանը և հենց սա է կանխորոշում մեր երկրի ներկայացուցչական պատկերը. մեր երկիրը կնոջ դեմք չունի, այն ամբողջովին տղամարդու դեմքով է ներկայանում աշխարհին: Ես ֆեմինիստական ծայրահեղ գաղափարների մասին չէ, որ խոսում են, այլ ամենաբնական հավասարակշռության մասին, որովհետև մի սեռը չի կարող ամբողջական և վերջնական որոշումներ կայացնել: Կինը մի կերպ է մտածում, տղամարդը, այլ կերպ և երկու սեռերի կարծիքներն էլ պետք է ներկայացված լինեն:
Հետո էլ ասում են, որ մեզանում կանանց նկատմամբ խտրականություն չկա…
– Իհարկե կա, որովհետև եթե չլիներ, ապա պատկերն այլ կլիներ: Թեև առաջընթաց կա, որոշ չափով մենթալիտետի` հոգեկերտվածքի փոփոխություն է նկատվում նաև Արևմուտքի հետ շփումների արդյունքում, բայց այո , մեզ մոտ դեռ կա այդ անհավասարությունը, հասարակությունը ավելի հանդուրժող է տղամարդկանց նկատմամբ, քան կանանց: Եթե որևէ բան անում է տղամարդը, նրան ավելի ընդունելի, ներելի է, քան կնոջը , այս իմաստով խնդիրը կա: Կարծում եմ, որ մենք այդ խնդրի լուծմանը կհասնենք միայն այն դեպքում, եթե ունենանք շատ ուժեղ, բանիմաց, խելացի ու պայքարող, բայց միաժամանակ և շատ կանացի ու հմայիչ կանայք: Նրանք կներկայացնեն հանրությանը կնոջ այնպիսի տեսակ, ով կկարողանա և ընտանիքում, և հասարակության մեջ ակտիվ գործունեություն ծավալել և լինել հավասարապես պրոֆեսիոնալ և արհեստավարժ: Կինը միայն իր տան խոհանոցում չէ, որ կարող է լինել արհեստավարժ, նա կարող է նույնքան արհեստավարժ լինել նաև քաղաքական խոհանոցում և բազում այլ ոլորտներում: Այս իմաստով ես ավելի մեծ դեր վերապահում եմ կանանց, որովհետև ինչ անենք, էլի մենք պիտի անենք, իհարկե ուժեղ տղամարդկանց աջակցությամբ:
Իսկ Ձեր նկատմամբ երբևէ զգացե՞լ եք խտրականություն:
– Չգիտեմ ինչից է, բայց երբ հերթը հասնում է ինձ, դժվարանում եմ պատասխանել, գուցե նրանից է, որ ես տեսակով շատ ուժեղ մարդ եմ, ըմբոստ և պայքարող եմ, երբ տեսնում եմ որևէ անարդարություն, չեմ համակարեպվում, չեմ լռում և շարունակում եմ պայքարել: Քանի որ դա տեսանելի է լինում առաջին իսկ շփումից, կարծում եմ, տղամարդիկ էլ չեն փորձում ինձ վրա ճնշում գործադրել, իսկ նրանք, ովքեր փորձում են, մատնվում են անհաջողության՝ լինի աշխատանքում, անձնկաան կյանքում, թե առօրյայում: Բայց պետք է ասեմ, որ տարիներ առաջ , իհարկե, ես զգացել եմ դա, բայց այժմ, երբ ես ավելի ամուր եմ կանգնած իմ ոտքերի վրա, երբ ավելի հաստատակամ եմ, զինված եմ գիտելիքներով և տեղեկատվությամբ, փորձով, ինձ կոտրելը, ինձ վրա ճնշում գործադրելը կամ ինչ-որ բան պարտադրելը դժվար է, եթե չասեմ անհնարին: Իմ բոլոր որոշումները կայացնում եմ ինքս, որքան էլ խորհրդակցում եմ:
Ինձ շատ հաճախ գրում են այն կանայք, ովքեր հանդուրժում են ընտանիքում բռնությունը, ծեծը, իրենց աշխատավայրում՝ նվաստացուցիչ վերաբերմունքը իրենց ղեկավարների կողմից, անգամ սեռական ոտնձգությունները… Պատմում իրենց խնդիրների մասին և կարծիք են հարցնում, թե ինչպես կվարվեի ես: Իմ խորհուրդը մեկն է՝ ընդվզել և անպայման բարձրաձայնել խնդիրը՝ լինի դա ֆիզիկական , թե հոգեկան բռնություն, որովհետև, եթե դու դրա դեմ չես ընդվզում, դիմացինդ մտածում է, որ մշտապես քո հետ կարող է այդպես վարվել: Մի շատ կարևոր հանգամանք էլ՝ այն ընտանիքում, որտեղ կինը անարգված է, որտեղ կնոջ նկատմամաբ ֆիզիկական և հոգեկան բռնույթուն է կիրառվում, այդ ընտանիքում առողջ հոգեբանությամբ երեխա պարզապես չի կարող մեծանալ: Կինը պետք է կարողանա իր կանացի դիվանագիտությամբ հաղթահարել դա և հասնել նրան, որ իրեն հարգեն և ընտանիքում, և շրջապատում:
Ես հավասարակշռված հարաբերությունների կողմնակից եմ թե ընտանիքում, թե քաղաքականության մեջ. կինն ու տղամարդն պետք է իրենց դերում լինեն, և կինը պետք է հնարավորություն ունենա իր պոտենցիալը օգտագործել : Հատկապես հայ կինը շատ մեծ ներուժ ունի . ուղղակի ափսոս է այդ ներուժը վատնել միայն նրա համար, որ կնոջը թույլ չեն տալիս ինքնադրսևորվել …
Հատկապես, դա դժվար է անել քաղաքական ոլորտում …
– Այնուամենայնիվ, կարծում եմ, որ կառավարման ոլորտում և առհասարակ քաղաքականության մեջ կարծում եմ կանանց ներգրավվածությունը վերջին տարիներին մեծացել է: Դրանում մեծ դեր է կատարում նաև համացանցը, տղամարդկանց մտածելակերպի փոփոխությունը, շրջագայությունները և այլն, որովհետեը, երբ նեղ հայկական տիրույթից մարդիկ դուրս են գալիս և տեսնում են, թե աշխարհում ինչ է կատարվում, իրենց կանանց նկատմամբ էլ են ավելի հանդուրժող դառնում և ավելի ազատ մտածում: Վերջին տարիներին կանայք ակտիվացել են նաև շնորհիվ իրենց տղամարդկանց աջակցության, բայց եթե ասենք, որ դա բացարձակ ակտիվություն է և մեծ ծավալների է հասնում, իհարկե , ոչ: Բայց ինչ խոսք և նախկինում , և այսօր կան կանայք, ովքեր լավագույնն են իրենց ոլորտներում , այդ թվում քաղաքական ու հասարակական կյանքում:
Ճիշտ է, տղամարդկանց հետ համեմատ, տոկոսային հարաբերակցությունը մեծ չէ, բայց կարծում եմ, որ եթե կանայք ավելի շատ ներգրավված լինեին կառավարման օղակներում և որոշում կայացնողները նաև կանայք լիներին , դա միայն ի նպաստ հասարակության և մեր երկրի կլիներ: Կանայք մայրեր են, նրանք ավելի զգուշավոր, հեռատես և լայնախոհ են: Կինը մայրական բնազդով շատ բան անում է ոչ թե ընդդեմ այլ հանուն, իսկ եթե մի բան արվում է հանուն ինչ-որ բանի, արդյունքը շատ ավելի դրական է լինում:
Զրուցեց` Մարիաննա Ղահրամանյանը
Դիտումների քանակը` 8817