Անի Խաչատրյան. « Երևանն ինձ համար` անհոգ դեմքով երևանցին է»
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքի ցուցակի 7-րդ հորիզոնականում ներկայացված Անի Խաչատրյանը դեռ 2003 թվականից է ակտիվորեն զբաղվում քաղաքականությամբ: Մասնակցել է այս տարիների ընթացքում համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ընտրություններին։ Եփվել է, ինչպես ասում են, հայաստանյան քաղաքական գործընթացների կաթսայում ու սեփական մաշկի վրա զգացել, թե ինչ ասել է քաղաքական հայացքներ ունենալ ու չդավաճանել դրանց. 2004 –ի ապրիլի 12-ին Անիին «Հանրապետություն» կուսակցության կենտրոնական գրասենյակից ձերբակալել են հենց քաղաքական հայացքների համար։ Այսօր մասնագիտությամբ իրավաբան Խաչատրյանը չի աշխատում, քանի որ դուստրը դեռ փոքր է, բայց վստահ է՝ «Ելք»-ի հետ, որի հետ համագործակցում է ստեղծման իսկ օրվանից, երկար ճանապարհ ունի անցնելու:
– Ինչպե՞ս եք որոշել զբաղվել քաղաքականությամբ, պատմեք շարժառիթների մասին:
-Քաղաքականությամբ զբաղվում եմ վաղ հասակից: 2004 թվականի ապրիլի 12-ի դեպքերի ժամանակ դեռ 18 տարեկան էի… Կարելի է ասել, կյանքն է ստիպել քաղաքականությամբ զբաղվել: 1999 թվականի հոկտեմբերի 27-ի կորուստս շատ մեծ էր, և այն չէր կարող ինձ քաղաքական դաշտից հեռու պահել… Սպարապետ Վազգեն Սարգսյանը կնքահայրս է եղել, ում բացակա իմ կյանքում մինչ օրս չեմ համարում: Մայրս նույնպես քաղաքական դաշտում է եղել դեռևս 1989-ից: Բանակաշինության գործում Վազգենի հետ իր դերն ուներ: Այնպես որ, ինչպես հիմա իմ դուստրս է մեծանում քաղաքական դաշտում, այնպես էլ ես եմ մեծացել քաղաքականության մեջ:
-Ինչո՞վ է կարևոր կանանց դերը քաղաքականության մեջ:
-Քաղաքականությունն իր մեջ ներառում է դաստիարակություն, կրթություն, մշակույթ…իսկ կինն իր ուրույն դերն ունի այդ բոլոր օղակներում: Հետևաբար, քաղաքականության մեջ նրա ակտիվ դերակատարումը պարտադիր պայման է:
–«Ելք»–ի արդյունքը, արձանագրած խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ոգևորիչ է ու թերևս նաև պարտավորեցնող: Հավատո՞ւմ եք հաղթանակին:
-Հաղթանակին ոչ միայն հավատում եմ, այլ նաև համոզված եմ, որ մենք հաղթելու ենք, որովհետև երևանցին չի կարող չգնահատել Նիկոլ Փաշինյանի վճռականությունը։
–Ընտրողների հետ հանդիպումներում ո՞րն է լինելու Ձեր հիմնական ասելիքը, ինչո՞ւ մայրաքաղաքի ընտրողը Ձեզ պետք է ընտրի:
-Ասելու ենք` «Երևան ջան, ելք կա»: Կա ելք, որովհետև մենք նոր և երիտասարդ ուժ ենք, որը պատրաստ է իր ողջ պոտենցիալը ներդնել քաղաքի զարգացման համար, ու որ մենք գիտենք հասարակ քաղաքացու խնդիրները և կարող ենք ցույց տալ դրանց ելքը։
–Որո՞նք են այն հիմնական երեք խնդիրները, որ Ձեր օրակարգում կլինեն, եթե ընտրվեք Երևանի ավագանու անդամ:
-Առհասարակ, Երևանի զարգացման տեսլականի խնդիրները շատ են, բայց իմ տեսանկյունից կարող եմ նշել երեք հետևյալ կետերը. Քաղաքում ոչ կանոնակարգված գործընթաց կա, օրինակ, փոփոխվող հասցեները, որի փոփոխման համար քաղաքացին վճարում է, բայց դա իր մեղքը չէ: Անօրինական շինությունների կարգավիճակի որոշման խնդիրը, որը նույնպես պետք է ի օգուտ քաղաքի ու քաղաքացու լուծվի և չդառնա կոռուպցիայի և չինովնիկների փող աշխատելու միջոց: Եվ երրորդ, ամենացավոտ՝ աղբահանության գլոբալ խնդիրը:
–Որքանո՞վ է կարևոր ավագանու դերը: Ուսումնասիրել եք, արդյոք, գործող ավագանու գործունեությունը, որո՞նք են այն բացերը, որ Դուք կցանկանաք փոխել:
-Իրականում ավագանու դերը շատ եմ կարևորում: Ավագանին գործունեության բնույթով քաղաքապետի «օգնականին» համարժեք է, չնայած` հասարակության մեջ այլ կերպ է ընկալվում: Ինչ վերաբերում է բացերին, դրանք շատ են, թվարկելն այս պահին` դժվար: Ընդհանուր հաշվով պետք է ստեղծել ավագանու ավելի լուրջ մեխանիզմ, որը ոչ թե ամսական մեկ-երկու վերացական նիստի կմասնակցի, այլ կոնկրետ կզբաղվի երևանցուն անհանգստացնող խնդիրներով:
–Դուք ծնունդով Երևանից եք: Ինչպիսի՞ն եք ուզում տեսնել մայրաքաղաքը: Երևանը Ձեզ համար դա ….
-Երևանը յուրաքանչյուր հայի բնօրրանն է: Ուզում եմ իմ Երևանը տեսնել շենացած ու ժպտացող: Երևանն ինձ համար` անհոգ դեմքով երևանցին է, իսկ անհոգ երևանցի ունենալու համար ճիշտ աշխատող քաղաքային իշխանություն է պետք ունենալ:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 4747