Անի Բաբաջանյան. «Եթե մարդիկ ձայն են տվել ինձ, ուրեմն ինձ հետ կապված հույսեր ունեն» /տեսանյութ
Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի Երաժշտական դպրոցի հաշվապահ եւ համայնքի ավագանու անդամ Անի Բաբաջանյանը սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններում նորից է առաջադրվելու, այս անգամ որպես խոշորացված համայնքի ՝ Այրումի ավագանու թեկնածու: Հիշեցնենք, որ Այրումը խոշորացվել է իր մեջ ընդգրկելով 9 համայնքներ՝ Այրում, Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Դեղձավան, Զորական, Լճկաձոր, Հաղթանակ, Պտղավան: Խոշորացված Այրում համայնքում առաջադրված է 36 թեկնածու, նրանցից 7-ն են կանայք, ընդ որում երեքը Բագրատաշենից են:
Բագրատաշեն համայնքի խնդիրներին քաջատեղյակ ավագանու անդամ Անի Բաբաջանյանը որոշել է կրկին առաջադրվել, քանի որ իր խոսքով, համայնքում անավարտ գործեր շատ կան, իսկ նրան հաջողվում է աշխուժացնել համայնքի մշակութային կյանքը:
Դեռ 2012 թվականին Երևանից Բագրատաշեն տեղափոխված Անին մասնակցելով ավագանու անդամի ընտրություններին և ստանալով ձայների մեծամասնությունը, 4 տարիների ընթացքում աշխատել է արդարացնել իր հետ հույսեր կապած բագրատաշենցիների սպասելիքները:
– Ուզում եմ ինչ-որ բան արած լինեմ գյուղի համար, այդ իսկ պատճառով 2012 թ. առաջադրվել էի որպես ավագանու թեկնածու և ստանալով ամենաշատ ձայները հաղթել եմ ընտրություններում: Ու դա ինձ ոգևորել, ուժ է տվել, որ եթե մարդիկ իրենց ձայնը տվել են ինձ, ապա ինձ հետ կապված հույսեր, ինչ որ բան պահանջելու բան ունեն: Ու ես այս 4 տարվա ընթացքում աշխատել եմ իմ լուման ներդնել գյուղի զարգացման, ինչ որ հարցերի լուծման համար, աջակցել այդ խնդիրների լուծմանը,-ասում է Անին:
Համայնքի բնակիչների միօրինակ կյանքը հետաքրքիր դարձնելու նպատակով բացել է գեղեցկության սրահ, ամառային ճամբար, պարի խումբ, կազմակերպել է բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ:
– Գյուղում չկար գեղեցկության սրահ, ու ես որոշեցի բացել այն , մեծ գյուղում նման սրահի անհրաժեշտությունը կար, որտեղից կանայք ու աղջիկները դուրս կգան գեղեցկացած, գոհ և ուրախ: Սրահում իրականացվում է ոչ միայն վարսահարդարում, այլև մատնահարդարում և դիմահարդարում: Աշխատում ենք բոլորին գոհացնել,- ոգևորված պատմում է Անին:
Նրա ծրագրերում անտեսված չեն նաև մշակութային միջոցառումները:
– Մինչ իմ ավագանու անդամ դառնալը գյուղում նման միջոցառումներ չեն եղել, ստեղծել եմ պարի խումբ, որի պարապմունքերին երեխաները մեծ հաճույքով են հաճախում: Երեխաների հետ կազմակերպում ենք նաև ամառային ճամբար: Այսպես փորձում ենք աշխուժացնել համայնքի մշակութային կյանքը,-ասում է Անին:
Անի Բաբաջանյանը գտնում է, որ համայնքի խնդիրներին տեղեկացված կինը աշխատասիրությամբ կարող է համայնքի կյանքը դարձնել բարեկեցիկ: Նա իր աշխատանքով ապացուցել է դա, ինչի համար համայնքում սիրված է ու գնահատված: Իսկ ցանկանում է վերընտրվել , որովհետև կարծում է, որ կարող է օգտակար լինել նաեւ խոշորացված համայնքի խնդիրների լուծմանը:
Համագյուղացի Աննա Ազարյանցի համոզմամբ Անին համայնքի բոլոր անդամներին հավասարապես հարգանքով է վերաբերվում. «Նա շատ է սիրում գյուղն ու գյուղացիներին, ամեն կերպ փորձում է օգնել մարդկանց, ինչպես ասում են` կաշվից դուրս է գալիս գյուղի համար մի լավ բան անելու համար»:
Մանրամասները «Հավասար» քարոզարշավի շրջանակներում պատրաստված Իջևան հեռուստատեսության տեսանյութում.
Հեղինակ՝ Նաիրա Խաչիկյան
Կարդացեք Տավուշի ՏԻՄ ընտրությունների մասին մեր կայքում.
Սեպտեմբերի 18 . Ներկայացնում ենք կանանց առաջադրումները Տավուշում
Տավուշի կանայք ընտրական պայքարում. երեկ ու այսօր/ տեսանյութ
«Նա աշխատող է, իսկ աշխատող մարդուն կարելի է վստահել» / տեսանյութ
Լիանա Ալավերդյան. «Ցանկացած հարցում լինել արդար»/ տեսանյութ
Դիտումների քանակը` 2550