Անգին Արշակյան. «Պետք է գիտակցես՝ ու՞ր ես գնում, ո՞րն է լինելու քո անելիքը, ի՞նչ ես ուզում փոխել մարդկանց կյանքում»
«Ավագանու անդամը չի ընտրվում միայն խոստումներ տալու, այլ աշխատելու համար: Լինի կին թե տղամարդ՝ յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ պատահականորեն մուտք չեն գործում քաղաքականություն: Պետք է գիտակցես՝ ու՞ր ես գնում, ո՞րն է լինելու քո անելիքը, ի՞նչ ես ուզում փոխել մարդկանց կյանքում»,- այսպես է պատկերացնում ընտրվելու դեպքում իր աշխատանքը ավագանիում մեր զրուցակից՝ Էջմիածնի պետական քոլեջի դասախոս, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Էջմիածնի մասնաճյուղի նախագահ Անգին Արշակյանը, ով ինքնաառաջադրվել է սեպտեմբերի 18-ին կայանալիք իր քաղաքի ավագանու ընտրություններին:
Օրվա բոլոր ժամերին, իսկ երեկոյան առավել ևս Անգին Արշակյանի նախընտրական շտաբում քաղաքացիների հոսքը չի դադարում: Նրանք դիմում են սոցիալական տարբեր խնդիրներով, համոզված, որ Էջմիածնում իր ակտիվ հասարակական գործունեությամբ բավականին ճանաչված ու հարգված Անգին Արշակյանը ավագանու անդամ ընտրվելու դեպքում կարող է նպաստել իրենց խնդիրների լուծմանը:
– Բոլորն ուրախ են, որ առաջադրվել եմ, սպասում են, որ պետք է ընտրվեմ: Չէի կարծում, որ այդքան համախոհներ կունենամ, թեև գիտեի, որ ինձ ճանաչում են քաղաքում: Իսկ համախոհներն իմ ուսանողներն են, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Էջմիածնի մասնաճյուղի անդամները, իմ ընտրատեղամասի բնակիչներն ու իհարկե հարազատներս ու բարեկամներս: Սա ինձ համար նաև փորձություն է, անկախ նրանից թե արդյունքերն ինչպիսին կլինեն, համարում եմ ինձ հաղթանակած, քանի որ «համարձակվել եմ» առաջադրվել ավագանու 21 տղամարդ թեկնածուների հետ: Ինձ հետ առաջադրվել է ևս մի կին թեկնածու, – ասում է Անգինը:
«Վստահեք կանանց ներուժին, նրանց գիտելիքներին ու կարողություններին»
Անգին Արշակյանի նախընտրական պայքարի գլխավոր կարգախոսն է «Վստահեք կանանց ներուժին, նրանց գիտելիքներին ու կարողություններին»: Անգինը գտնում է նաև, որ պետք չէ սպասել, թե երբ է երկիրը փոխվելու, որպեսզի քաղաքականության մեջ ստեղծվեն հավասար պայմաններ կանանց համար, այլ կանանց մուտքով պետք է փոխվի երկիրը:
Նրա համոզմամբ անցել են այն ժամանակները, երբ տղամարդիկ խեթ աչքով էին նայում հասարակական ակտիվությամբ աչքի ընկնող կնոջը: Այսօր արդեն միանշանակ ընդունում են, որ կնոջ ներկայությունը քաղաքականության մեջ անհրաժեշտ է: «Կնոջ աչքը սուր է, նա շատ բաներ է տեսնում,ինև տղամարդկանց աչքից վրիպում է, ի վերջո, կնոջ ներկայությունը նիստերում, սթափեցնում է տղամարդկանց թեկուզ իրենց արտահայտություններում»:
Իր խոսքով, ծնվել-մեծացել է պատրիարքալ կարծրատիպերին հավատարիմ ընտանիքում, երեք եղբայրներից հետո չորորդ երեխան էր: Նրա նկատմամբ հոր խստությունը զգալի էր, քանի որ նա կնոջ և աղջկա տեղը համարում էր ընտանիքն ու խոհանոցը: Սակայն մասնագիտությամբ բժշկուհի մայրն ամեն ինչ անում է, որպեսզի դուստը կրթություն ստանա, կյանքում գտնի իր տեղն ու դիրքը:
Բնավորությամբ կենսուրախ, համարձակ Անգինին գիտելիքների հանդեպ անզուսպ ծարավը դպրոցից ուղղորդեց Երևանի ֆինանսատնտեսագիտական տեխնիկում, այնուհետև Պետհամալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ: Ներկայումս դասավանդում է Էջմիածնի պետական քոլեջում և Երևանի Ֆինանսական ակադեմիայում: Երկար տարիներ առողջապահության և կրթության ոլորտում աշխատել է որպես գլխավոր հաշվապահ: Այսօր նույն մասնագիտությամբ աշխատում է կրթության ոլորտում:
– Կրթությունը գիտելիքների քանակը, չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես: Իսկ եթե բնակիչը տեսնի ու համոզվի, որ քո խոսքը նաև գործ է, նա կվստահի քեզ ու կփորձի ինքն էլ ինչ-որ բանով աջակցել քեզ, թեև ինձ համար մարդկանց վստահությունն արդեն ամեն ինչ է,- ասում է Անգինը:
«Ուրախ եմ, որ կարողացել եմ այդքան կանանց ներգրավել մեր ՀԿ–ի կազմում»
Բազմազբաղ Անգին Արշակյանը ժամանակ է գտնում մասնակցել նաև Էջմիածնում Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Էջմիածնի մասնաճյուղի աշխատանքներին՝ 2000-ին ընտրվելով այդ մասնաճյուղի նախագահ: Սոցիալական տարբեր շերտերի հետ մշտական շփումների շնորհիվ առավել մոտիկից է ծանոթ կանանց խնդիրներին: Կարելի է ասել, որ նրան հաջողվում է Էջմիածնի կանանց շատերին կտրել տնային գործերից ու խոհանոցից և մասնակից դարձնել հասարակական գործունեությանը, այդ թվում Ասոցիացիայի ծրագրերի շրջանակում Էջմիածնում կազմակերպվող Լիդերության դպրոցներին:
– Կանանց հետաքրքրում է տարբեր ոլորտներին առնչվող հարցերի շուրջ ակտիվ քննարկումները, տարբեր փորձագետների հետ շփումները: Նրանք ոչ միայն մտքեր են փոխանակում, այլ հանդես են գալիս առաջարկություններով ու նախաձեռնություններով: Ուրախ եմ, որ կարողացել եմ այդքան կանանց ներգրավել մեր ՀԿ-ի կազմում: Մեր ասոցիացիան խրախուսում է քաղաքի գործունյա կանանց ՝ առիթների դեպքում պատվելով և գնահատելով նրանց ծավալած գործունեությունն ու կատարած աշխատանքը: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը խրախուսում և աջակցում է Ասոցիացիայի գործունեությունը, – ասում է Անգինը՝ նկատելով, որ քաղաքապետի դիրքորոշումն ավագանիում կանանց ներգրավման հարցում ակնհայտ է նաև ընտրություններում:
– Նա մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն շեշտել է. բնակչության հետ տարվող աշխատանքում ակտիվ, գործունյա ու կիրթ կանանց ներգրավածությունը պարզապես անհրաժեշտություն է: Կարծում եմ, այդ դիրքորորշման շնորհիվ կանայք, իրենց հերթին, նրան կաջակցեն, հատկապես, որ տեսնում են. քաղաքի բարեկարգման հարցում վերջին տարիներին շատ բան է արվել:
Անգինի համար գերնպատակ է ազնիվ ու սրտացավ հասարակության ստեծումը, այնպիսի հասարակության, որտեղ ամեն մեկն իր գործով ու սրտացավ վերաբերմունքով կնպաստի հարազատ քաղաքի զարգացմանը: Չի դժգոհում, քաղաքապետարանն այսօր ապահովում է քաղաքի աղբահանությունն ու մաքրությունը, այդ հարցում Էջմիածինը գերազանցում է շատ քաղաքների, սակայն եթե քաղաքացին իր շրջապատը մաքուր չպահի, քաղաքապետարանը 1000 մեքենա էլ եթե տրամադրի, քաղաքը աղբի մեջ կկորի:
Իր նախընտրական ծրագրում Անգին Արշակյանը կարևորում է վերահսկողության իրականացումը քաղաքի բյուջեի և զարգացման ծրագրի կատարողականության նկատմամբ, հասարակական կազմակերպությունների մասնակցությունը ավագանու նիստերին համայնքի կենսական հարցերի քննարկմանը, սոցիալապաես անապահով ընտանիքներին, միայնակ մայրերին, դժվար իրավիճակում հայտնված կանանց աջակցությունը:
– Իմ կարգախոսներից է նաև «Որտեղ միասնություն, այնտեղ հաղթանակ», եթե միասնական լինենք, հաղթանակն անխուսափելի է: Քանի որ Էջմիածինը սուրբ քաղաք է, կարծում եմ, որ այստեղ պետք է զարգանա զբոսաշրջությունը, հյուրանոցային համալիրներ լինեն, որոնք կհարստացնեն մեր քաղաքի բյուջեն: Մեր բնակչության մեծ մասն անվճարունակ է, ունի բազմաթիվ սոցիալական խնդիրներ: Երազում եմ, որ մեր քաղաքում լինեն այնքան աշխատատեղեր, որ էջմիածինցին չարտագաղթի, մնա ու շենացնի իր քաղաքը, ու կփորձեմ անել դրա համար հնարավորինն, ինչ կարող եմ , – ասում է Անգին Արշակյանը:
«Ինձ ոգևորում և «պարտավորեցնում են», որ պետք է հաղթեմ»
Իր բոլոր նախաձեռնություններում Անգին Արշակյանը իր ընտանիքի աջակցությունն է ունեցել: Ամուսինն ու երկու զավակներն միշտ իր կողքին են եղել: « Նաև հիանալի հարս ունեմ, ճեմարանն ավարտած գրագետ ու բանիմաց փեսա, հաճախ եմ կրկնում, գոհ եմ Աստծուց, որ ինձ երջանիկ կին, մայր, զոքանչ ու սկեսուր լինելու բախտ է նվիրել: Այսօր, ընտրարշավի այս օրերին նրանց հետ իմ կողքին են նաև խնամիներս, ընկերուհիներս, մեր ՀԿ-ի կանայք, իմ նախկին ու ներկա ուսանողները, ովքեր ինձ ոգևորում և « պարտավորեցնում են», որ պետք է հաղթեմ,- ժպիտով պատմում է Անգինը:
Բազմազբաղ ու միշտ կենսախինդ Անգինի տանը ուրախությունն անպակաս է, դրսի աշխատանքի հետ մեկտեղ նա նաև հոգատար տատիկ է երեք հրաշք թոռնիկների համար, հիանալի տնային տնտեսուհի է, տանն ամեն ինչ հասցնում է` ճաշը, թխվածքը, զանազան պահածոները, նույնիսկ հասցնում է խնամել տնային կենդանիներին` հավերին ու հնդկահավերին, ու եթե այդքանից հետո ժամանակ է մնում, թղթին է հանձնում մորը, հայրենիքին, սիրուն նվիրված բանաստեղծական տողեր:
Ահա, այսպիսին է Էջմիածնի ավագանու թեկնածու Անգին Արշակյանը, ով համոզված է, որ ցանկացած գաղափար սերմ է, և միայն աշխատանքն է տալիս նրան աճելու հնարավորություն:
Անուշ Ներսիսյան
Լուսնկարները՝ թեկնածուի անձնական արխիվից
Դիտումների քանակը` 3304