«Անապատի ծաղիկը». Ֆիլմ կնոջ մասին, ով երբեք չի հանձնվում
«Անապատի ծաղիկը» ֆիլմը նկարահանվել է հայտնի թոփ-մոդել Վարիս Դիրիեի համանուն ինքնակենսագրական վեպի հիման վրա։ Նա առաջին կինն էր, որ համարձակվեց հանդես գալ աֆրիկյան երկրներում աղջիկների թլպատման դեմ:
Վարիս Դիրիեն ծնվել է 1965 թվականին Սոմալիում։ Հինգ տարեկանում ենթարկվել է կանացի թլպատության։ 13 տարեկանում նա ստիպված էր փախչել տնից, որպեսզի խուսափի իրենից բավական մեծ տղամարդու հետ ամուսնությունից։ Ինչ-որ աներևույթ ուժերի օգնությամբ հաջողացրեց անցնել անապատը՝ հասնելով Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշո, այնուհետև Լոնդոն, որտեղ նա սկզբում աշխատանքի է տեղավորվում McDonald’s-ում, սկսում է անգլերեն սովորել։ Լուսանկարիչ Թերես Դոնովանի հետ պատահական հանդիպումը Վարիսի համար ճակատագրական է դառնում։ Լուսանկարչի օգնությամբ նա սկսում է մոդելի իր կարիերան։ Շատ շուտով Վարիսը սկսում է նկարվել Chanel- ի, Levi- ի, L’Oréal- ի եւ Revlon- ի գովազդային շապիկների համար։ Որպես մոդել սկսում է ներկայանալ Լոնդոնում, Միլանում, Փարիզում, Նյու-Յորքում։ 1997 թվականին, երբ արդեն ճանաչված մոդել էր, Վաևիսն առաջին անգամ Marie Claire կանանց ամսագրին տված հարցազրույցում խոսում է Աֆրիկայում աղջիկների թլպատության մասին, նույն թվականին նա դառնում է ՄԱԿ-ի դեսպանը կանանց թլպատության դեմ։
Նրա ստեղծած The Desert Flower Foundation ֆոնդը պայքարում է կանացի թլպատության դեմ, ամբողջ աշխարհից մարդիկ միանում են այս նախաձեռնությանը՝ փորձելով կանխել դաժան հանցագործությունը, որն իրականացվում է փոքրիկ աղջիկների նկատմամբ։
ՄԱԿ-ի տվյալներով՝
- Այսօր աշխարհում ապրում է 200 մլն կին և աղջիկ, որոնք սեռական օրգանները ենթարկվել են այս կամ այն խեղման:
- Եթե այս միտումը պահպանվի, ապա ամեն տարի ևս 3 մլն կանանց ու աղջիկների սպառնում է այդ վտանգը:
- Խեղման ենթարկվածներից 44 մլնը մինչև 14 տարեկան աղջիկներ են: Առավել շատ երևույթը տարածված է Ինդոնեզիայում, Մավրիտանիայում, Գամբիայում: Այստեղ մինչև 11 տարեկան աղջիկների մոտ կեսը ենթարկվում է սեռական օրգանների խեղման:
- 15-49 տարեկան կանանց ցուցանիշով առաջատար են Սոմալին (98%), Գվինեան (97%), Ջիբուտին (93%):
- Այս գործողություննեը կարող են ուղեկցվել ուժեղ արյունահոսությամբ ու բժշկական այլ խնդիրներով, այդ թվում վարակներ, անպտղություն, ծննդաբերությունների բարդացում՝ ընդհուպ մինչև նորածնի մահ:
- Կայուն զարգացում-2030 ծրագիրը ներառում է կոչ ոչնչացնելու սեռական օրգանների նման վիրահատությունները:
Առողջապահության միջազգային կազմակերպությունը փետրվարի 6-ը հայտարարել է որպես կանանց սեռական օրգանների խեղման նկատմամբ անհանդուրժողականության օր:
Աշխեն Քեշիշյան
Կարդացեք թեմայի շուրջ.
Ամեն տարի 3 մլն կանանց ու աղջիկներին սպառնում է սեռական օրգանների խեղման վտանգը
Դիտումների քանակը` 4808