Անահիտ Թարխանյան. «Դրսում՝ մասնագետ եմ, ղեկավար, իսկ տանը՝ պարզապես սիրող մայր եմ, սիրող կին»
Շարունակելով հարցազրույցների շարքը ՀՀ նախագահի թեկնածուների կանանց հետ, WomenNet.am –ը զրուցում է Անդրիաս Ղուկասյանի տիկնոջ՝ հայտնի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստր Անահիտ Թարխանյանի հետ։ Նա ծնվել է Գյումրիում, մեծացել՝ Երևանում: Մասնագիտությամբ ճարտարապետ է և խոստովանում է, որ ճարտարապետության հանդեպ մեծ սիրո համար պարտական է հորը: «Գիտակից կյանք մտնելով՝ ես համոզված էի, որ անպայման հայրիկիս նման ճարտարապետ եմ դառնալու»,-նշեց նա մեզ հետ զրույցում:
–Անահիտը ինչպիսի՞ն էր երեկ և ինչպիսի՞ն է այսօր, շա՞տ եք փոխվել:
-Երիտասարդական տարիներին ես ունեի մեկ մտավախություն, որ կամուսնանամ և իմ երազանքները չեմ կարողանա իրականացնել, ես կդառնամ տան տիկին և կմոռանամ այն ամենն ինչ հայրս է ինձ սովորեցրել: Սակայն ուրախությամբ և ինչ-որ տեղ հպարտությամբ կարող եմ ասել, որ այս տարիների ընթացքում չեմ դավաճանել ինքս ինձ և այդքան էլ չեմ փոխվել: Դրա համար ինչ-որ տեղ նաև ամուսնուս եմ պարտական, մենք իրար շատ լավ ենք հասկանում:
-Իսկ ինչպե՞ս եք ծանոթացել:
-Ես լսել էի Անդրիասի մասին, որպես շատ գրագետ և լավ իրավաբանի: Խնդիրներ ունեի և 3-4 ամիս փորձում էի գտնել նրան և գտա: Այդպես սկսվեց մեր ծանոթությունը, մեկ տարի անց մենք ամուսնացանք:
– Ինչպե՞ս եք ընդունել Ձեր ամուսնու ՀՀ նախագահի թեկնածու դառնալու որոշումը և արդյոք դուք ազդեցություն ունեցել եք այդ հարցում:
–Քաջ պատկերացնելով, թե ինչպիսի դժվարություններ են լինելու, շատ մտահոգ և ծանր ընդունեցի նրա այդ որոշումը: Որոշումն իրենն էր և ես ոչ մի ձևով չեմ փորձել ազդել դրա վրա: Հասկանալով եմ ընդունել նրա այդ որոշումը, որովհետև քաջ գիտակցում էի նրա որոշման պատճառը:
–Իսկ հացադուլ անելու որոշմանն ինչպե՞ս եք վերաբերում:
–Հացադուլի գաղափարի հետ հաշտվելն ինձ համար շատ դժվար էր: Մտահոգ եմ և շատ անհանգիստ: Կանայք դա շատ լավ են պատկերացնում, գիտեն, թե ինչքան դժվար է, երբ փորձում են գեղեցիկ կազմվածք ունենալու համար սննդից հրաժարվել: Իսկ նա ոչ մի անգամ չդժգոհեց…
–Մտածե՞լ եք երբևիցե ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվելու մասին:
–Երբեք չեմ մտածել այդ մասին: Ընդհանրապես ես ընտանիքի մարդ եմ: Ինձ համար առաջին տեղում ընտանիքն է, իմ կյանքի իմաստը իմ երեխաներն են, իմ ընտանիքը: Երկրորդ տեղում արդեն մասնագիտությունս է և աշխատանքս: Բնությունը կնոջը տվել է ճկուն խելք, ուժեղ կանխազգացում, որպեսզի ճիշտ դաստիարակի իր երեխաներին: Այսինքն ` կնոջը տրված է մարդկության զարգացման , սերունդների դաստիարակման կարևոր և բարդ գործը: Ի վերջո մարդկությունը ձգտում է ապահով միջավայր ստեղծել ապագա սերունդների համար:
-Ինչպիսի՞ն եք տանը և դրսում,աշխատանքի վայրում, շա՞տ եք տարբերվում:
– Դրսում ես մասնագետ եմ, ղեկավար և հետևողականորեն գնում եմ իմ նպատակներին հասնելու համար: Իսկ տանը ես պարզապես սիրող մայր եմ, սիրող կին `պատրաստ ամեն հարցում օգնելու երեխաներիս, ամուսնուս:
–Բոլոր հարցերում կիսո՞ւմ եք Ձեր ամուսնու գաղափարները և արդյոք նա հետևում է Ձեր խորհուրդներին:
-Հիմնականում մեր կարծիքները համընկնում են: Իսկ խորհուրդներս նա լսում է, և եթե գտնում է, որ ճիշտ խորհուրդներ են, ապա օգտագործում է:
–Տիկին Թարխանյան, Ձեր կյանքում երբևիցե խտրականություն զգացել են զուտ այն բանի համար, որ կին եք:
-Հիմնականում ոչ, բայց , անուամենայնիվ, տղամարդկանց կողմից կա խանդ դեպի այն կինը, ով զբաղվում է իրենց մասնագիտությամբ: Բայց եթե դու գործով ապացուցում ես, որ կարող ես դրանով զբաղվել և դա քո մոտ շատ լավ է ստացվում, ապա խնդիրներ չեն լինում:
–Որպես ճարտարապետ ինչպե՞ս եք գնահատում մեր այսօրվա Երևանը: Խնդրում եմ գնահատական տվեք նաև ճարտարապետական այսօրվա հիմնախնդիրների վերաբերյալ: Եվ արդյոք բարձրաձայնել եք Ձեզ հուզուղ այդ խնդիրների մասին:
-Այո, մշտապես բարձրաձայնել եմ այդ մասին: Երևանն այսօր ճարտարապետական առումով շատ ծանր վիճակում է գտնվում: Ամբողջությամբ խախտվել են Երևանում ժամանակին ձևավորված բոլոր հիմնարար սկզբունքները: Հանրային տարածքները, կանաչ գոտիները անխնա ոչնչացվում են: Նոր շենքեր են կառուցվում առանց կանաչ գոտիների,մանկական խաղահրապարակների: Օրինակ`Հյուսիսային պողոտան այդպես կառուցելը պարզապես հանցագործություն էր:Մի խոսքով խնդիրները շատ են:
Ա.Հակոբյան
Կարդացեք նաեւ մեր կայքում.
Արմինե Հովհաննիսյան. «Բարեգործությամբ զբաղվելու համար պարտադիր չէ առաջին տիկին դառնալ»
Ռիտա Սարգսյան. Հայաստանի առաջին տիկնոջ ոչ պաշտոնական դիմանկարը
Նանա Բագրատյան. « Եթե ֆինանսների նախարարը կին լինի` բյուջեն ամեն ինչի համար էլ կհերիքի»
Դիտումների քանակը` 12535