Այրիներն աշխարհում և Հայաստանում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 23-ը ճանաչել է Այրիների միջազգային օր (International Widow’s Day): Ի դեպ այդ որոշումն ընդամենը  չորս տարի առաջ է ընդունվել` 2010-ին:

 

 

ՄԱԿ-ի տվյալներով այսօր աշխարհում կան 250 մլն. այրի, որոնցից 115 մլն-ն աղքատ են: Շատ երկրներում կնոջ կարգավիճակը  ամուսնու կարգավիճակին ածանցյալն է և այրիանալով կինը  կարող է կորցնել ամեն ինչ, մինչև իսկ գոյատևման տարրական միջոցները:

 

 

 

Այրիները հաճախ ժառանգության իրավունք չունեն, զբաղված լինելու իրավունք չունեն, և չեն կարող համարվել հասարակությոն լիիրավ անդամ: Կան երկրներ, որտեղ անգամ ամուսնու թաղման ծիսակարգը  նվաստացուցիչ է  կանանց համար և մինչև իսկ  վտանգում նրանց   կյանքը: Օրինակ, կնոջը ստիպում են խմել ջուրը, որով լվացել են ամուսնու դին, կամ սեռական հարաբերություն ունենալ ամուսնու ընտանիքի տղամարդկանց հետ: Շատ այրիներ ապրում են վախի մեջ, հատկապես այն երկրներում, որտեղ զինված բախումներ են լինում:

 

 

 

Հաճախ անգամ այնպիսի երկրներում, որտեղ կանանց իրավունքները պաշտպանված են օրենքով,   ավանդույթները վեր են օրենքից, ինչպես օրինակ, Չեչնյայում: Այստեղ, ինչպես պատմում է «Կնոջ արժանապատվություն»  կազմակերպության ղեկավար Լիպխան Բազաևան , ղեկավարվում են ոչ թե Ռուսաստանի սահմանադրությամբ, այլ տեղական ադաթներով և այս սովորության արդյունքում հազարավոր  կանանցից, ովքեր պատերազմի հետևանքով այրիացել են,  վերցնում են կացարանը, այլ սեփականությունը, երեխաներին և տնից դուրս վռնդում: «Այս դեպքերը, ոչ թե եզակի են, այլ գրեթե ամենօր կրկնվող երևույթ»,- նշում է նա:

 

 

Որոշ երկրներում  հասարակությունը  վատ է տրամադրված այրիների դեմ, ծաղրում է և անգամ սպանում` համարելով նրանց  վհուկներ: Եվ եթե  սրանք ծայրահեղ դեպքեր են, ապա անգամ  զարգացած երկրներում այրի կանանց ճնշող մեծամասնությունը ունի նյութական եւ հոգեբանական  աջակցության կարիք:

 

 

 

Թերևս այս ամենը պատասխանն է այն հարցին, թե ինչու  ՄԱԿ-ը որոշեց առանց այդ էլ հագեցած իր օրացույցում ևս մեկ օր ավելացնել՝ և դրանով իսկ  միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այրի կանանց և նրանց երեխաների իրավունքների պաշտպանության հարցին:

 

 

 

Հայաստանում  նույնպես  այրիների հետ կապված բազում խնդիրներ կան: Մեր երկրում, 2011 թվականի մարդահամարի տվյալներով, բնակչության 8,9 տոկոսը  կամ  218,584 քաղաքացիներ են այրի  կամ կնակորույս: Նրանցից 36371-ը տղամարդիկ են, իսկ կանայք`182, 213: Ընդ որում,  գյուղերում գերակշռում են կնակորույսները, քաղաքներում՝ այրիները։

 

 

Այրիների մեծ մասը 70 տարեկանից բարձր են, այսինքն  տնտեսապես ոչ ակտիվ են,  մինչև 35 տարեկան հասակում այրիացել է բնակչության 0,8 տոկոսը։

 

 

Այրի տղամարդկանցից  տնտեսապես ակտիվ են 8651-ը կամ 24 տոկոսը, որոնցից զբաղվածները կազմել են 7553-ը, , 1098-ը՝ գործազուրկ: Այրի կանանցից 56116-ն կամ 30 տոկոսն են  տնտեսապես ակտիվ, որոնցից 47467-ը աշխատողներ են եղել, իսկ 8349-ը` գործազուրկներ:

 

 

Այրիների մասին հաճախ խոսվում է աղքատության համատեքստում,  հատկապես  դա վերաբերվում է միայնակ ծերերին և  այն  այրիներին, որոնք փոքր երեխաներ ունեն: Նրանք բոլորն էլ  աղքատության տեսանկյունից առավել խոցելի խմբում են գտնվում:

 

 

Այրի կանայք  հաճախ կեղծ ադաթների զոհ են դառնում՝ զրկվելով անձնական կյանք ունենալու իրավունքից, հոգեբանական բարդույթներ ունենում՝ վախենալով շրջապատի ասեկոսներից կամ տարբեր կարգի ճնշումների են ենթարկվում, մանավանդ եթե շարունակում են ապրել ամուսնու ծնողների հետ:

 

 

Այս առումով սակայն վերջին 4 տարիների դինամիկայով որոշակի դրական փոփոխություններ  են   արձանագրվել: Ինչպես  վերջերս հրավիրված ասուսիլի ժամանակ  ներկայացրեց  Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը տարեկան միջինը 170 այրի տղամարդ նորից է ամուսնանում, իսկ այրի կանանցից միջինը 70-ն են նորից ամուսնական կապի մեջ մտնում:

 

 

 

Թեպետ Կարինե Կույումջյանի դիտարկմամբ այրիանալուց հետո նորից ամուսնանալը միշտ որոշակի  հոգեբանական խնդիր է եղել  մեր հասարակությունում, սակայն, երիտասարդ տարիքում գտնվող այրիները սկսել են հաղթահարել այդ բարդույթը: Ավելի մեծ տարիքում էլ մարդիկ զուգընկերոջ մահից հետո   նորից ամուսնանում են, որպեսզի ծերությունը միայնակ չանցկացնեն: Բոլոր դեպքերում  Կարինե Կույումջյանը ողջունելի է այն հանգամանքը, որ կնակորույսները և այրիները չեն խուսափում կրկին ընտանիք կազմել։

Դիտումների քանակը` 5828

Գլխավոր էջ