Այս տարվա  ԵԽԽՎ-ի  մրցանակին արժանացավ սաուդցի կանանց իրավունքների պաշտպանը

 

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի՝ ապրիլի 19-ին մեկնարկած գարնանային նստաշրջանում հայտնի դարձավ, որ Վացլավ Հավելի անվան Մարդու իրավունքների ութերորդ մրցանակի արժանացել է սաուդցի կանանց իրավունքների պաշտպանության գործում ակտիվիստ Լուջեյն Ալհաթլուլը։

 

ԵԽԽՎ պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, մրցանակը տրվում է քաղաքացիական հասարակության կողմից մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կարևոր գործողությունների համար։

 

 

60 հազար եվրո արժողությամբ մրցանակը ներկայացվել է նստաշրջանի առաջին օրը՝ հատուկ արարողության ժամանակ։

 

 

Հիշեցնենք, որ Ստրասբուրգում մեկնարկած նստաշրջանը կորոնավիրուսային համարավարակի պայմաններում անցկացվում է հիբրիդային ձևաչափով։

 

Ալհաթլուլը Սաուդյան Արաբիայի ֆեմինիստական շարժման առաջնորդներից է, պայքարել է  ու հակաքարոզչություն ծավալել երկրում  կանանց՝ տղամարդ խնամակալ ունենալու համակարգի դեմ, ինչպես նաև այդ երկրում կանանց՝ մեքենա վարել արգելելու դեմ, բարձրաձայնել Թագավորությունում բռնությունների ենթարկված կանանց առավեծ մեծ պաշտպանության  կարևորությունը։

 

 

Այս ամենի արդյունքում նա 1001 օր անցկացրել է բանտում։ Ազատվել է 2020 թվականի փետրվարին, չնայած մինչ օրս գտնվում է տնային կալանքում ու ենթարկվում իր հայրենի երկրում գործող այլ սահմանափակումների։

 

 

Մրցանական ընդունել է նրա քույրը՝ Լինան, իր վիրտուալ ուղերձում շնորհակալություն է հայտնել մրցանակաբաշխության հանձնաժողովին։

 

 

«Միջազգային աջակցությունը միակ ճանապարհն է, որով մենք կարող ենք բացառել անարդարությունը իմ երկրում և պաշտպանել զոհերին։ Շնորհակալություն մեր պայքարը շարունակելու ուժ տալու համար»,-ասել է նա։

 

 

Լինան հիշեցրել է իր քրոջ տանջանքները, զոհողությունները, որոնց գնացել է նա սաուդցի կանանց ավելի լավ կյանք ունենալու համար։

 

 

«Լուջեյնը զոհաբերեց իրեն՝ պայքարելով սաուդյան կանանց ավելի լավ կյանքի համար: Իր ակտիվության պատճառով նրան առևանգեցին, ապօրինի բանտարկեցին, դաժանորեն խոշտանգեցին, ամիսներ շարունակ պահեցին մեկուսարանում, իսկ այժմ դատապարտել են որպես ահաբեկիչ: Տարիներ շարունակ Սաուդյան Արաբիայի ռեժիմը փորձում է փչացնել նրա կերպարը, խոչընդոտել նրան ցուցաբերվող ցանկացած աջակցության, ինչպես նաև մոռացության մատնել նրան: Բայց որքան շատ ժամանակ է անցնում, այնքան Լուջեյնը աշխարհին ապացուցում է, թե որքան անհավատալի համարձակ ու խիզախ է ինքը, դիմացկուն և կապված իր արժեքների հետ»:

 

 

ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսը, որ գլխավորում էր այդ պանելային քննարկումը, շնորհավորել է մրցանակակրին.

 

 

«Վացլավ Հավելը շարունակում է մեզ ոգեշնչել երազելու մեծ բաների մասին։ Մրցանակի համար առաջադրված երեք թեկնածուներն էլ ունեն քաջություն, կիրք, էնեգիա և մեծ բաների մասին երազելու վճռականություն։ Նրանք պայքարում են իրենց երազանքների՝ աշխարհն ավելի լավ ու ավելի հավասար դարձնելու համար։ Դարձնելու մի այնպիսի աշխարհ, որտեղ կանանց վերաբերվում են արժանապատիվ ու հարգալից կերպով»։

 

Մրցանակի երկրորդ թեկնածուն Նեպալի միանձնուհիներն էին՝ երիտասարդ բուդդիստների խումբը, որոնք խթանում են հավասարությունը, կայունությունն ու հանդուրժողականությունը Հիմալայների իրենց հայրենի գյուղերում:

 

 

Երրորդ հավակնորդը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից իրավապաշտպան Ջուլիեն Լուսենժն էր,  որը փաստագրում է Կոնգոյում կանանց նկատմամբ սեռական ոտնձգություններն ու բռնությունները։

 

 

Երկու թեկնածուներին էլ  արարողության ժամանակ շնորհվեցին  պատվոգրեր։  Հիշեցնենք, որ մրցանակաբաշխության արարողությունը հետձագվել էր կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակի հետևանքով։ Արդեն մեկնարկել են հաջորդ մրցանակի համար առաջադրումները, վերջնաժամկետը 2021 թ. հունիսի 30-ն է։

 

 

Հիշեցնենք, որ Եվրոպայի Խորհուրդ Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակին արժանացել են նաև ույղուր Իլհամ Թոյթին և Մարդու իրավունքների երիտասարդական նախաձեռնությունը (2019),  չեչեն իրավապաշտպան Օյուբ Թիթիևը (2018), թուրք նախկին դատավոր Մուրատ Արսլանը, եզդի իրավապաշտպան և ակտիվիստ  Նադիա Մուրադը (2016),  ռուս մարդու իրավունքների վետերան պաշտպան Լյուդմիլա Ալեքսևան (2015), ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամադլին (2014), բելառուս նախկին բանտարկյալ ու քաղհասարակության ներկայացուցիչ Ալես Բիալիացկին (2013)։

 

 

Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակը, ինչպես նշեցինք,  60․000 եվրո արժողությամբ ամենամյա մրցանակ է, որը տրվում է մարդու իրավունքները պաշտպանող հասարակական ակնառու գործիչներին։

 

 

Անվանակարգում ներկայացվում են անհատներ, ոչ կառավարական կազմակերպություններ և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր հաստատություններ։ Մինչ օրս մրցանակ ստացած ութ հաղթողներից վեցը  գտնվել են կալանքի տակ ՝ իրենց իրավապաշտպան գործունեության պատճառով։

 

 

Մրցանակը հիմնադրվել է 2013 թվականին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի, Վացլավ Հավելի և Charta 77 հիմնադրամի ջանքերով և անվանվել ի պատիվ Չեխոսլովակիայի և Չեխիայի հանրապետության առաջին նախագահ Վացլավ Հավելի պատվին։ 2009 թվականին այն վերանվանվել է Մարդու իրավունքների Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մրցանակի և շնորհվել է երկու տարին մեկ։

 

 

Մրցանակակիրը որոշվում է Ժյուրիի կողմից, որը բաղկացած է Խորհրդարանական վեհաժողովի նախագահից և մարդու իրավունքների հարցերով փորձառություն ունեցող վեց անկախ անդամներից։ Յուրաքանչյուր տարվա սեպտեմբերին ժյուրին կազմում է երեք անվանակարգից բաղկացած ցանկ, իսկ հոկտեմբերին հայտնի է դառնում տարվա մրցանակակիրը։ Մրցանակը շնորհվում է հատուկ արարողությամբ, որը տեղի է ունենում Ստրասբուրգում՝ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ժամանակ։

 

 

Հ. Կարապետյան

 

Դիտումների քանակը` 1111

Գլխավոր էջ