Այս Մարտի 8-ն իմը չէ

Կերուխումի սեղանի շուրջ հավաքված տղամարդիկ  կենացներ են ասում, եւ ի թիվս այլի, խմում են նաեւ կանանց կենացը` իբրեւ հարգանքի նշան: Ու  դա` այդ հրապարակային հարգանքի դրսեւորումը, երկար ժամանակ բավականացնում է, որ կանայք իրենց հարգված,  սիրված, իրենց նկատմամբ դրսեւորվող բնական վերաբերմունք համարեն:

 

Մի մեծ կերուխում է նաեւ Մարտի 8-ը.   կանայք սպասում են, որ տղամարդկանց աշխարհում   իրենց ուշադրություն դարձնեն,  պաշտոնապես հայտարարվի նվեր-տվության մեկնարկն, ու նվերներ, պաշտոնական հարգանք ու սեր  ստանան:

 

Սա  այն օրն է, երբ պաշտոնյաները  ճոխացված բառապաշարով խոսում են հայ կնոջ դերի, նրա կարեւոր նշանակության մասին հայ ընտանիքում, հատուկ “հարգում” կին պատգամավորներին, կին արվեստագետներին,  ծաղկեփնջեր ու պատվոգրեր նվիրում: Սա այն օր է նաեւ, երբ այդ բոլոր պատիվներին  տոնական հարդարված ու հագնված  կանայք համեստորեն  սպասում են, ակնկալում, որ իրենց շնորհ արվի, տղամարդիկ  իրենց ուշադրություն դարձնեն:

 

Ի սկզբանե օրվա նշանակությունը կանանց իրավունքների հավասարության պայքարն է,  սակայն մեզնում առկա ինքնավերաբերմունքը լիովին հակասում է տոնի խորհրդին, քանի որ պայքարում ենք ոչ թե իրավահավասարության,  այլ նկատվելու, կոմպլիմենտներ, նվերներ, ուշադրության նշաններ ստանալու համար: Սա նման է վիճակին, երբ հյուր ես գնում, որտեղ դու ազատ չես քո գործերում, ու քեզ  պետք է լավ պահես, հակառակ դեպքում տանտերը կարող է եւ հյուրասիրություն չկազմակերպել:

 

Մարտի 8-ի պաշտոնական շնորհավորանքներն ու պատիվներն, սակայն,  արդյոք փոխո՞ւմ են կանանց նկատմամբ վերաբերմունքն  իրական` չլուսաբանվող  կյանքում, արդյոք տոնը նպաստում է, որ կանանց ու տղամարդկանց համար իրավահավասար պայմաններ ստեղծվեն:

 

Իրականում Մարտի 8-ին մատուցված պատիվները կտրուկ վերջանում են հենց տոնի հաջորդ օրը, ու նախորդ օրվանից մնում է միայն մինչեւ հաջորդ տարվա նույն օրվա սպասումը միայն:  Կանայք նորից դառնում են խոհանցում  տղամարդկանց շնորհին սպասող շատ սովորական արարածներ:

 

Չէ, տոնի նման ընկալումն իմը չէ,  եւ այս մեծարումն ու հարգանքն էլ իմը չէ,  երբ ամենահասարակ բնագավառներում դրանք բացակայում են, երբ այն, ինչ  պետք է ամեն օր լինի, ինչ բնական է, մատուցվում է իբրեւ  մեծագույն շնորհ այն էլ տարվա մեջ  մեկ անգամ միայն:

 

Չէ, այս Մարտի 8-ն ինձ պետք չէ:

 

Մեր հասարակությունում Մարտի 8-ը կանանց  իրավունքների դեմ  աշխատող պաշտոնատոն է միայն:

 

Մարիամ Մուղդուսյան

Դիտումների քանակը` 4855

Գլխավոր էջ