Այսօր ընտանիքների միջազգային օրն է:
Այս տարի այն հատկանշական է նրանով, որ ՄԱԿ-ի որոշմամբ 2014 թվականը հայտարարվել է Ընտանիքի տարի, ընդ որում առաջին անգամ ընտանիքի տարի էր հայտարարվել ուղիղ քսան տարի առաջ: Նշենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2014-ի Ապրիլից մինչեւ 2015-ի Ապրիլը Հայաստանում նույնպես հռչակվել է Ընտանիքի տարի: ՝
«Տոնելով այս տարվա Ընտանիքների միջազգային օրը՝ մենք ճանաչում ենք ընտանիքների ներդրած նշանակալի ավանդը ՄԱԿ-ի առաքելությունը խթանելու գործում: Ընտանիքների այս միջազգային օրվա կապակցությամբ եկեք ձգտենք ամրապնդել այս փոքր, բայց անչափ կարևոր օղակները, որոնք կան յուրաքանչյուր հասարակությունում, այնպես, որ կարողանանք հասնել ավելի մեծ առաջընթացի՝ որպես մեկ մարդկային ընտանիք», – ասված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Բան Կի Մունի ուղերձում:
Ընտանիքների օրվա կապակցությամբ ուղերձ է տարածել նաեւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրոմը:
«Քսան տարի առաջ, Կահիրեում կայացած Բնակչության և զարգացման միջազգային համաժողովում միջազգային հանրությունը ճանաչեց, որ ընտանիքները պետք է հզորացվեն և համապարփակ պաշտպանություն ու աջակցություն վայելեն: Ընտանիքի միջազգային օրվա քսաներորդ տարեդարձի թեման «Ընտանիքները կարևոր դեր են խաղում զարգացման նպատակներին հասնելու համար»-ն է: Ընտանիքի միջազգային օրը առիթ է հրապարակ հանելու այնպիսի նոր մոտեցումներ ու քաղաքականություններ, որոնք կօգնեն հաղթահարել աղքատությունը , ապահովել աշխատանք-ընտանիք հավասարակշռությունը, կխթանեն միջսերնդային համերաշխությունը…
Այսօր, երբ մենք գովեստի խոսք ենք ուղղում առ ընտանիքները և նրանց ունեցած բազմաթիվ ներդրումները հասարակության մեջ, կառավարություններին կոչ եմ անում ստեղծել միջավայրեր, որոնք աջակից կլինեն բոլոր ընտանիքներին՝ օգտագործելով քայլեր, որոնք, օրինակ, ծնողներին թույլ կտան ներդաշնակեցնել ընտանեկան և աշխատանքային պարտականությունները: Կոչ եմ անում նաև ստեղծել բնակարանային, կրթության և սոցիալական աջակցության քաղաքականություններ, որոնք հաշվի կնստեն տնային տնտեսությունների աճող տարատեսակության հետ: Նման միջոցները ներառում են առողջության ապահովագրությունը և սոցիալական ապահովությունը, ծնողական և ծննդաբերության վճարովի արձակուրդը, ճկուն աշխատանքային ժամանակացույցը և խնամքի ցերեկային կենտրոնները:
Ամենից առաջ մարդիկ, հատկապես կանայք և աղջիկները, պետք է կարողանան ազատ, ապահով և պատասխանատու կերպով ընտրել իրենց կյանքի ուղիները, երբ կրթությունից անցնում են աշխատանքի, ձևավորում են ընտանիք և տնային տնտեսություն: Երբ կանայք ու աղջիկները կիրթ և առողջ են, երբ նրանք կարողանում են սեփական ընտրությունը կատարել, երբ նրանք և նրանց կողակիցներն ունեն իրենց ընտանիքները պլանավորելու համար անհրաժեշտ տեղեկություններն ու միջոցները, ապա շահում են այդ ընտանիքները, նրանց համայնքներն ավելի են ուժեղանում, և մենք բոլորս ավելի ենք մոտենում մեր փնտրած կայուն ապագային», – ասված է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն դ-ր Բաբատունդե Օսոտիմեհինի ուղերձում :
***
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Ընտանիքների օրվա առիթով վստահություն է հայտնում, որ ընտանիքի բարեկեցությունն էական նշանակություն ունի կայուն զարգացման համար և որ խտրականությունից ու ընտանեկան բռնությունից զերծ ընտանիքներն ավելի առողջ են, ամուր և ապահով:
Դիտումների քանակը` 6145