Այսօր ավելի քան 100 միլիոն կին, տղամարդ և երեխա մարդասիրական օգնության կարիք ունեն

Այսօր՝ Մարդասիրության համաշխարհային օրվա կապակցությամբ   ՄԱԿ-ը ազդարարում է  #ShareHumanity քարոզաշավի սկիզբը՝ կոչ անելով  տարածել  մարդասիրության գաղափարը ողջ աշխարհով մեկ:  Յուրաքանչյուրը կարող է մասնակցել այդ արշավին՝  օգնելով տարածել սոցցանցերով այն  մարդկանց պատմությունները, ովքեր   այսօր աղետալի վիճակում են ու օգնության կարիք ունեն: Իսկ այդպիսի  մարդկանց թիվը, ՄԱԿ-ի գնահատականներով,  100 մլն- ից ավել է :  

 

 Այսօր՝ Մարդասիրության համաշխարհային օրը   մենք բարձր ենք գնահատում ողջ աշխարհի այն աշխատակիցների և կամավորների անշահախնդիր նվիրվածությունն ու անձնուրաց աշխատանքը, ովքեր իրենց կյանքը,  հաճախ անձնական մեծ ռիսկի գնով, նվիրում են  աշխարհի բնակչության ամենախոցելի խմբերին օգնելուն, – ասված է  ՄԱԿ-ի  Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի  ուղերձում :


 

Այս տարի ավելի քան 100 միլիոն կին, տղամարդ և երեխա ունեն մարդասիրական օգնության կենսական կարիք: Հակամարտություններից տուժած մարդկանց թիվը հասել է այնպիսի մի մակարդակի, որը չէր գրանցվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Միաժամանակ զգալի է նաև բնական և մարդածին աղետների հետևանքով տուժածների թիվը:

 

Այս օրը, մենք հարգանքի տուրք են մատուցում նաև մեր ընդհանուր մարդասիրությանը: Ընտանիքներն ու համայնքները, որոնք այսօր պայքարում են ստեղծված արտակարգ պայմաններում գոյատևելու համար՝ ցուցաբերում են տոկունություն ու արժանապատվություն: Նրանք կարիք ունեն և արժանի են, որպեսզի մենք կրկին մեզ վրա վերցնենք ամեն հնարավորը անելու նոր պարտավորություն՝ տրամադրելով նրանց միջոցներ ավելի լավ  ապագա կառուցելու համար:

 

Մեզանից յուրաքանչյուրը կարող է փոխել իրավիճակը: Այսօրվա աշխարհում, որտեղ մարդիկ, հաղորդակցվելով էլեկտրոնային միջոցներով, ավելի սերտ են կապված միմյանց հետ քան երբևէ,  մեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունի և պարտավոր է ոգեշնչել իր ընկերներին և ծանոթներին օգնել մյուսներին՝ ավելի մարդկային աշխարհ կառուցելու համար:

 

Մարդասիրության համաշխարհային օրը ես կոչ եմ անում բոլորին որպես այս աշխարհի քաղաքացիներ, ցուցաբերել համերաշխություն և միանալ #ShareHumanity արշավին: Ընդամենը մեկ օր սոցիալական ցանցերի ձեր էջերը նվիրելով այս արշավին՝ դուք կարող եք խթանել մարդասիրական գործողությունները և օգնել ձայն տալու բոլոր նրանց, ովքեր զրկված են այդ ձայնից՝ կիսվելով ճգնաժամի, հույսի և ճկունության մասին նրանց պատմություններով:

 

Մյուս տարի մայիսին,  Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում տեղի կունենա Մարդասիրության հարցերով համաշխարհային առաջին  գագաթաժողովը: Գագաթաժողովը հարթակ կտրամադրի պետությունների ղեկավարներին, կառավարություններին, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի, ճգնաժամից տուժած համայնքների առաջնորդներին և բազմաբնույթ գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին բարձրաձայնել նոր և համարձակ համագործակցությունների և նախաձեռնությունների մասին, որոնք մեծապես կնվազեցնեն տառապանքները և, միևնույն ժամանակ, կամրապնդեն Կայուն զարգացման 2030 օրակարգը:

 

Ես հույս ունեմ, որ հասարակության բոլոր խավերի օժանդակությամբ, Մարդասիրության հարցերով համաշխարհային գագաթաժողովը կպսակվի հաջողությամբ: Միասին մենք կարող ենք և պարտավոր ենք կառուցել ավելի մարդկային աշխարհ՝ մարդկային կյանքեր փրկող մարդասիրական գործողությունների ծավալման առավել խորը նվիրվածությամբ:

 

Բան Կի Մուն,

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

ՄԱԲՀ: Միացե՛ք #ShareHumanity արշավին

ՄԱԿ ՓԳՀ. Հիշե՛նք նրանց, ովքեր զոհվել են մարդասիրական առաքելություն իրականացնելիս

Այսօր ավելի քան 100 միլիոն կին, տղամարդ և երեխա մարդասիրական օգնության կարիք ունեն

Beyoncé – I Was Here / տեսահոլովակ

Դիտումների քանակը` 4217

Գլխավոր էջ