Այսօր Աղքատներին օգնելու միջազգային օրն է:

 

«Մեր մեծահարուստները կարող են մեծ գումարներ ծախսել, եկեղեցի կառուցել, բայց աղքատ ընտանիքներին օգնելն արդեն պրոբլեմ է նրանց համար», այսօր, Աղքատներին օգնելու  միջազգային օրվա առիթով հրավիրված մամուլի ասուլիսում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

 

 

ՄԱԿ-ի տվյալներով աշխարհում բնակվում է 2,5 միլիարդ աղքատ մարդ, որից 1 միլիարդը չքավոր է:

 

 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության  վերջերս հրապարակված «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2013»  զեկույցի համաձայն 2012թ-ին  Հայաստանում աղքատության մակարդակը կազմել  32,4 տոկոս է, 2011-ին այն   35 տոկոս էր:

 

 

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը  պնդում է, որ իրականում    Հայաստանում աղքատների թիվը հասնում է 47 տոկոսի: «Սրանք 2012 թվականի մեր կենտրոնի տվյալներն են»,-ասում է նա, նշելով, որ 47 տոկոս աղքատների 10 տոկոսը սոված է պառկում քնելու:

 

 

«Հայաստանում ամեն տասներորդ ընտանիքը սոված է քնում»,- ընդգծեց սոցիոլոգը:

 

Նրա կարծիքով, այն ինչ անում է պետությունը աղքատներին օգնելու համար, բավարար համարել չի կարելի, չնչին գումարներ են:  100 հազար ընտանիք ստանում է աղքատության նպաստ` ամսեկան 29 հազար դրամ, և մինչև 2 տարեկան 11 հազար երեխաներն էլ, որպես նպաստ` 18 հազար դրամ»: 


Նշենք, որ  Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2013»  զեկույցի համաձայն՝ աղքատ են համարվում մեկ չափահաս անձի հաշվով աղքատության վերին` ընդհանուր գծից (2012թ. մեկ ամսվա համար 37 044 դրամ), ցածր սպառում ունեցող բնակիչները:

 

Շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին` ընդհանուր գծից (30 547դրամ), իսկ ծայրահեղ աղքատ կամ թերսնված՝ համարվել են աղքատության պարենային գծից (21 732 դրամ) ցածր սպառում ունեցողները:

 

Ըստ այդմ, 2012թ.-ին բնակչության մոտավորապես ամեն երրորդը` 32.4% համարվել է աղքատ, նրանցից 13.5%` շատ աղքատ, իսկ 2.8%` ծայրահեղ աղքատ:

 

 

2012թ.-ին աղքատների թվաքանակը կազմել է մոտ 980 հազար (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), շատ աղքատների թվաքանակը` 408 հազար, իսկ ծայրահեղ աղքատների թվաքանակը`մոտ 85 հազար:

 

 

Աղքատությունը 2012թ.-ի տվյալներով շատ չի տարբերվում ըստ քաղաքային (32.5%) և գյուղական բնակավայրերի (32.1%):  Հանրապետության ամենաաղքատ մարզն արդեն որերորդ տարին է  շարունակում է մնալ Շիրակի մարզը: Այստեղ աղքատության գծից ցածր է բնակչության 46,0 տոկոսը, հաջորդը Կոտայքի մարզն է՝ 42.5 տոկոս աղքատությամբ: Հայաստանում երեք և ավելի երեխաներ  ունեցող տնային տնտեսությունները ունեն աղքատության  ավելի բարձր մակարդակ՝ 41,6 տոկոս: Առավել խոցելի են այն ընտանիքները, որոնք ունեն հաշմանդամ երեխա: Հայաստանում մինչև 18 տարեկան երեխաների 3,3 տոկոսն ապրում է  ծայրահեղ աղքատության մեջ։

 

 

Տնային տնտեսություններում մեծահասկաների առկայությունը նույնպես ավելացնում է  աղքատության մակարդակը: Աղքատությունը բարձր է  կենսաթոշակառուների շրջանում: Ծայրահեղ աղքատության ամենաբարձր մակարդակ գրանցվել է գյուղաբնակ կենսաթոշակառուների մոտ:

 

 

Ըստ ԱՎԾ տվյալների  մեր երկրում  ծայրահեղ աղքատ են ոչ միայն գործազուրկները, այլ նաև նրանք, ովքեր աշխատանք ունեն: Ծայրահեղ աղքատ են գնահատվել զբաղվածների երկու տոկոսը, գործազրուկների հինգ տոկոսը, աղքատ են գնահատվել զբաղվածների 26 տոկոսը, գործազուրկների՝ 40 տոկոսը…

 

Այսօր Աղքատներին օգնելու  միջազգային օրն է…

 

 

Դիտումների քանակը` 5440

Գլխավոր էջ