Մեկ այլ Հայաստանը կին լուսանկարիչների աչքերով
10 կին լուսանկարիչներ, որոնք ապրում և աշխատում են Հայաստանում, փորձել են ներկայացնել մեր իրականությունը մեկ այլ տեսանկյունից, ոչ այնպես, ինչպես ընդունված է ներկայանալ հյուրերին: Անդրադառնալով սոցիալական անարդարությունների դրսեւորումներին, աղքատության, մայրական կորուստի, բանակի, հաշմանդամության, կանանց նկատմամբ բռնության, իրավունքների ոտնահարման խնդիրներին նրանք միավորել են իրենց աշխատանքներն յուրօրինակ խորագրի տակ` Մայր (այլ) Հայաստան (mOther Armenia):
Մերի Աղախանյանը, Սառա Անջարգոլյանը, Նազիկ Արմենակյանը, Քնար Բաբայանը, Անուշ Բաբաջանյանը, Փիրուզա Խալափյանը, Անահիտ Հայրապետյանը, Հասմիկ Հայրապետյանը, Իննա Մխիթարյանը և Նելլի Շիշմանյանը ներկայացրեցին «այլ Հայաստանը» իրենց ֆոտոպատմությունների միջոցով Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ):
– Մենք ուզեցել ենք ներկայացնել մեկ այլ Հայաստան, ներկայացնել այն, ինչը ամեն օր տեսնում ենք մեր շրջապատում, բայց կարծես թե չենք նկատում, – ասում է լուսանկարիչ, ֆոտոլրագրող Նազիկ Արմենակյանը, – մենք կոտրում ենք այն կարծրատիպը, որ Հայաստանը միշտ պետք է ներկայացնել գեղեցիկ` տեսարժան վայրեր և այլն: Մենք փորձել ենք բացահայտել կյանքի հաճախ անտեսվող կողմերը, բարձրացրել ենք խնդիրներ, որոնք ուղղված են հասարակությանը, մարդկանց, կառավարությանը և պարզապես մեզ բոլորիս:
Նազիկն անդրադարձել է Հայաստանում ապրող սեռական այլ կողմնորոշումներ ունեցող մարդկանց.
– Իմ ֆոտոպատմությունը Հայաստանում տրանսգենդեր մարմնավաճառների մասին է: Նրանք հիմնականում միասեռական երիտասարդ տղամարդիկ են, ովքեր մերժված են հասարակության կողմից իրենց արտաքինի ու սեռական կողմնորոշման պատճառով և չեն կարող այլ աշխատանք գտնել,- ասում է նա,- թվում է ՝տրանսգենդերները ընտրել են փող վաստակելու դյուրին ճանապարհ, սակայն այն լի է դժվարություններով և չունի ապագա:
Սառա Անջագոլյանի լուսանկարները ամենատպավորիչներից մեկն էին, դրանք պատմում են ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքների մասին: Մայրեր ոնքեր նստած նայում ենի իրենց մահացած որդու նկարներին, կամ իր զավակի դատարկ անկողնուն, կամ որդու գլխից կտրված փոքրիկ մազափունջն են մինչև օրս պահում մասունքի նման.
-Ես մի քանի տարի առաջ մասնակցեցի իրենց տղաներին կորցրած մայրերի հետ բողոքի ցույցերի,-ասում է Սառան, ով հայաստան է եկել ԱՄՆ-ից և արդեն մի քանի տարի է ինչ ապրում է այստեղ- ես ուզում էի, այս խնդրի մեջ ավելի խորոնալ և նկարեցի այդ նյութի երկու կողմը, և´ առաջնագիծը, որտեղ զինվորները իրենց առօրյան են անցկացնում, և´ միևնույն ժամանակ այդ ընտանիքները, որոնք դատարկ են հիմա: Իմ լուսանկարները կորուստի մասին են և այն ահավոր ցավի մասինը, որ մայրերը և ընտանիքները զգում են:
Անահիտ Հայրապետյանի լուսանկարներում ընտանեկան բռնությունն է իր բոլոր դաժան գույներով` ծեծված կնոջ արցունքով լի աջքերն են նայում դեպի անէություն, իսկ Մարո Գուլոյանի հուղարկավորությունից լուսանկարներն էլ եզրափակում են այդ շարքը: Բռնության ենթարկված կինը ոչ մեկի վրա չի կարող իր հույսը դնել, իրավունքները ոտնահարված են, հասարակությունը քարկոծում է մի կողմից, հարազատները չեն հասկանում` մյուս կողմից, ոստիկանությունը ճնշում է գործադրում, դատական պրոցեսները կանխատեսելի են: Այս կանայք դուրս են գալիս մի պատի դեմ ու նրանցից շատ քչերն են, որ կարողանում են հաղթահարել այդ խոչնդոտը: Այս ամենը Անահիտը կարծես իր միջով է անցկացրել՝ փորձելով արտահայտել այդ կանանց ցավը իր լուսանկարներում:
– Զարուհի Պետրոսյանի, Մարո Գուլոյանր և Մարիամ Գևորգյանի այս երեք դեպքերը ինձ ստիպեցին նկարել բռնության թեմաներով,- ասում է Անահիտը,-ամեն մի աղջիկ իր տան արքայադուստրն է, ես ունեմ աղջիկ, ես դա գիտեմ, բայց ամուսնացնելուց հետո նրան սկսում են վերաբերվել, որպես տան ծառայի, նոքյարի, ով պետք է առավոտյան վեր կենա տան գործերը անի և դրան գումարվում է այն, որ կարող է հարգանք էլ չլինի նրա հանդեպ. ուզում եմ, որ այս ամենը չլինի:
Եթե մարդը չունի գումար իրեն անհրաժեշտ իրը գնելու համար ստիպված է լինել հնարամիտ, այս թեման է ներկայացրել իր լուսանկարներում Նելլի Շիշմանյանը, փորձելով սոցիալապես անապահով վիճակը պոզիտիվ անկյունից ցույց տալ:
– Այն իրերը որոնք որ գործածությունից դուրս են եկել կենցաղում մարդիկ վերեփոխում են դրանք և երկրորդ կյանք տալիս,- ասում է լուսանկարիչը,- մենք հաճախ կարող ենք փողոցում հանդիպել կտրած անիվները, որորնք ծաղկաման են դարձել, իսկ տանը մարդիկ շատ ավելի հնարամիտ են: Այս կինն, օրինակ, հոսանքի խնայողություն է անում, թոնիր էլ չունի և մետաղյա տակառի մեջ կրակ է վառել և լավաշ է թխում, իսկ մեկ այլ կին հին սառանարանը, որպես տուփ է օգտագործում, որի մեջ գազ է դրված և վարորդների համար սուրճ է եփում: Երբ կարիքն է ստիպում ՝ հնարամտությունն է մեղմում ու գունավորում մռայլ շրջապատը:
Անուշ Բաբաջանյանի նկարներում կանայք են ովքեր ինքնաարտահայտվում են անսովոր արտաքինի միջոցով, կանայք որոնք իրենց հագուկապով և դիմահարդարումով տարբերվում են մյուսներից և փողոցում միշտ իրենց վրա էն հրավիրում հեգնական և զարմացած աչքերը.
-Այս կանայք նախընտրում են հանրությանը ներկայանալ ոչ սովորական արտաքինով, նրանք մյուսներից տարբերվում են իրենց հագուկապով, ասում է Անուշը,- ես իմ լուսանկարներով կուզեյի նշել, որ այսպես ներկայանալը նույնպես նորմալ է և դա էլ իրենց ինքնաարտահայտման ձևն է:
Հասմիկ Հայրապետյանը նկարել է 5 սերնդի ներկայացուցիչների մի նկարում ՝ ցանկանալով որ յուրաքանչյուր կին այնքան երկրար ապրի, որ 5 սերունդ տեսնելու երջանկություն ունենա:
Ցուցահանդեսի այցելուներից Գայանե Մկրտչյանը ասաց մեզ հետ զրույցում, որ իսկապես տպավորվել ու հիացել է նկարներով.
– Ինձ համար ցուցահանդեսը յուրահատուկ է նրանով, որ հեղինակները կանայք են, և կարծում եմ, որ կանացի աչքը շատ հստակ և դիպուկ է որսում անարդարության դրսեւորումները ու դրա արդյունքում մենք այսօր տեսնում ենք իրականությունը այնպես, ինչպես իրենք են տեսնում:
Կարինե Պետրոսյան
Լուսանկարներում՝
Նազիկ Արմենակյանի, Սառա Անջագոլյանի, Անահիտ Հայրապետյանի,
Նելլի Շիշմանյանի, Անուշ Բաբաջանյանի աշխատանքներն են
Ցուցահանդեսը գործելու է ՆՓԱԿ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում Հուլիսի 3-ից, օգոստոսի 17-ը:
Դիտումների քանակը` 5051