Ամուսնանալ, թե ոչ… սա՞ է խնդիրը

Կարծես  թե ժամանակակից աշխարհում  տղան ու աղջիկն են որոշում` երբ և ում հետ ամուսնանան կամ ընդհանրապես ամուսնանան, թե ոչ:  Մինչդեռ Հայաստանում այս հարցը  երիտասարդների փոխարեն հաճախ  որոշում են ոչ միայն ծնողները, այլև բարեկամներն ու հարևանները: Ինչու՞ չես ամուսնանում – ծանոթների եւ անծանոթների կողմից պարտադիր տրվող այս հարցն այն աստիճան է սկսում նյարդայնացնել, որ քիչ է մնում սրտի կաթված ստանաս: Հարց, որ տալիս են անխտիր բոլորը՝ ով չի ալարում:

 

 

Ի վերջո,  ընտանիք կազմելու համար  ամեն մեկն իր չափանիշներն ու պատկերացումներն ունի: Կարծում եմ, ժամանակն այն է, երբ ինքդ` անկախ հարազատների, հարևանների կամքից, զգում ես, որ պատրաստ ես, ցանկանում ես և, ամենակարևորը, կա այն միակը, ում կողքին ուզում ես լինել, նրանից երեխաներ ունենալ: Հակառակ դեպքում ամուսնությունը վերածվում է անհաջող գործարքի, որն էլ այնուհետև պատուհաս է դառնում ոչ միայն գործարք կնքողների, այլև նրանց երեխաների գլխին:

 

 

«Կանանց ռեսուրսային կենտրոն»  հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված «Ամուսնության ինստիտուտը հայ հասարակության մեջ» թեմայով սեմինար-քննարկմանը մասնակցում էին երիտասարդներ, որոնց ևս մտագոհում էր այս հարցը՝ ամուսնանալ, թե՞ ոչ:

 

 

Կենտրոնի ակտիվիստ Լիլիթ Գրիգորյանը նշեց, որ անձնական հարցը՝ ամուսնությունը դարձել է հասարակական մեծ նշանակություն և կարևորություն ունեցող թեմա: «Գուցե դա միշտ է  եղել, բայց հատկապես աղջիկների շրջանում այդ ճնշումն ավելի մեծ է, ինչը հոգեբանորեն վատ ազդեցություն է ունենում»,- ասաց Լիլիթը՝ հավելելով, որ վերջերս փորձել է գրի առնել բոլոր այն դեպքերը, երբ իրեն հետևյալ հարցերն են ուղղել՝   «ինչո՞ւ չես ամուսնանում», «երբ ես ամուսնության մասին մտածելու»  և այլն:  «Որոշել էի հինգ օր գրել, բայց ընդամենը երեք օր գրեցի, քանի որ շատ ավելի կարևոր գործեր ունեի անելու: Իսկ երեք օրվա արդյունքը հետևյալն էր. օրական երեք անգամ տարբեր մարդկանց կողմից ստանում էի հիշեցում ամուսնության մասին: Սա նշանակում է, որ հասարակությունը շատ ուշադիր է: Ինչո՞ւ: Հարց, որի պատասխանը այդպես էլ չեմ գտնում»,- ընդգծեց Լ.Գրիգորյանը:

 

 

Նշենք, որ քննարկմանը մասնակցում էին նաև հոգեբաններ, սոցիոլոգներ և իրավաբաններ: Քննարկման ընթացքում յուրաքանչյուր բանախոս հայ հասարակության մեջ ամուսնության ինստիտուտը դիտարկեց իր մասնագիտության շրջանակներում: Արդյունքում՝ ընտանիքն ուսումնասիրվեց իրավական և հոգեբանական տեսանկյունից:

 

Հոգեբանական գիտությունների թեկնածու Իրինա Խանամիրյանը, ներկայացնելով  հայ երիտասարդների պատկերացումներն ու սպասելիքները ընտանիքի ինստիտուտից, նշեց, որ ներկայիս կյանքն ավանդական ընտանիքներում ներմուծել է այնպիսի փոփոխություններ, որոնք ընտանիքներին խոցելի են դարձնում: Բնականաբար, այսօրվա փոփոխությունները և զարգացումները մարտահրավեր են նետել թե կանանց, թե տղամարդկանց:

 

 

Նրա խոսքերով՝  ընտանիքի յուրահատկությունը կայանում է նրանում, որ տարբեր մարդիկ կարողանում  են երկարատև ապրել մի տանիքի տակ: Ֆունկցիոնալ  առումով իդեալական է համարվում այն ընտանիքը, որտեղ յուրաքանչյուր անդամ կարողանում է  բավարարել իր պահանջմունքները թե նյութական, թե հոգևոր առումով: Սակայն, ինչպես նշեց հոգեբանը, այսօր ընտանիքում փոփոխության են ենթարկվել դերերը: «Հնուց ի վեր հասարակությունը որոշել է իր անդամների դերերը: Այսպես, կանայք դարեր ի վեր դաստիարակվել են որպես հնազանդ, օջախը, ընտանիքի խաղաղությունը պահպանող էակներ,  իսկ տղամարդիկ՝  որպես կերակրող, կայունություն պահպանողներ, ընտանիքի պաշտպաններ՝ արտաքին կողմից: Իսկ այսօր հոգեբանների մոտ հաճախ հայտնվում են այն կանայք և տղամարդիկ, ովքեր չեն կարողանում հաղթահարել արտաքինից  իրենց տրված դերերն ու ներքինից բխող ցանկությունները, քանի որ բոլորն էլ դեռ մեծանում են ավանդական ընտանիքներում, ինչը  կոնֆլիկտ է առաջացնում ժամանակակից ընտանիքներում»,- ասաց Իրինա Խանամիրյանը:

 

 

Ըստ նրա՝ այսօր կանանց մեծամասնությունը տղամարդկանց հետ գտնվում է հավասար դիրքերում, հավասար կրթություն է ստանում, զբաղվում է գիտությամբ, կարիերայով, քաղաքականությամբ: Մի կողմից սա սոցիումի պահանջն է, մյուս կողմից՝ կանայք դեռ պատրաստ չեն այդ դերը վերցնելու իրենց վրա, քանի որ ավանդական մտածելակերպը հնարավորություն չի տալիս հաղթահարելու իրենց ներշնչված սցենարները: Բնականաբար, այստեղ ի հայտ է գալիս կոնֆլիկտ: Հաճախ այս կոնֆլիկտ բերում է նրան, որ կանայք չեն կարողանում կյանքի որոշակի փուլում կարևոր որոշումներ կայացնել: Այս կոնֆլիկտը, հոգեբանի խոսքերով,  առաջանում է նաև  տղամարդկանց մոտ: «Այսօր տղամարդն իր կողքին տեսնում է կին, որը հաճախ կարող է իր հետ հավասար դիրքում լինել, երբեմն նաև գերազանցել որոշ պարտականություններում և հաճախ դա բերում է ներքին լարվածության կամ դիսկոմֆորտի, ինչը տղամարդկանց դրդում է ինքնահաստատվելու ոչ այնքան ճիշտ ճանապարհով՝  բռնության ենթարկելով կամ ալկոհոլ չարաշահելով»,- նշեց Ի.Խանամիրյանը:

 

 

Ամուսնական հետագա կյանքի դժվարությունները կայանում են նաև նրանում, որ շատ հաճախ հասարակության պարտադրանքից ելնելով երիտասարդները ստիպված են լինում ամուսնանալ և ընտանիք կազմել: Ուստի, երբ ամուսնական հարաբերություններում ռոմանտիկան անցնում է, զույգը հասկանում է, որ իրենց սպասելիքները չեն արդարացվել, և իրենք չեն ապրում այն մարդու հետ, ում հետ կուզենային իրականում ապրել: «Ամուսնական հարաբերություններ կայացնելը իսկապես հստակ պարտականություններ է ենթադրում: Ամուսիններից յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր դերն ու պարտականությունները: Հակառակ դեպքում աններդաշնակ հարաբերությունների արդյունքում ընտանիքը կանգնում է ամուսնալուծության շեմին: Ցանկացած դժվարություն հնարավոր է  հաղթահարել, եթե երկու կողմից կա ցանկություն տվյալ խնդիրը լուծելու»,- ասաց Իրինա Խանամիրյանը:

 

 

Հոգեբանը նաև մեկնաբանելով պսակադրության ժամանակ՝ «Տեր եմ», «Հնազանդ եմ» բառերի իրական իմաստը, նշեց, որ իրականում պսակադրվող զույգերը հաճախ ճիշտ չեն ընկալում պսակադրության խորհուրդը, ինչը երբեմն ընտանեկան կոնֆլիկտների պատճառ է դառնում: «Իրականում հասարակությունում այս երկու բառերը խեղաթյուրվում են, մինչդեռ «Տեր» նշանակում է, որ տղամարդը պատասխանատվություն է կրում, որ նա պաշտպանելու է իր կնոջը, իսկ «Հնազանդ» նշանակում  է լինել համախոհ, լինել աջակից իր ամուսնուն: Այսինքն՝ դրվում է մի կարևոր գաղափարախոսություն՝ կին և տղամարդ հավասար են, տարբեր են նրանց դերերը: Եթե կինն ու տղամարդը հասկանում են այս դերերի տարբերությունները, ապա ընտանիքը կարող է լինել ներդաշնակ»,- ընդգծեց հոգեբանը:

 

 

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի հոգեբան-խորհրդատու Ֆենյա Բազոյանը քննարկման ընթացքում ներկայացնելով ընտանեկան բռնությունը որպես  հասարակության հիմնախնդիրը, նշեց, որ հաճախ բռնությունների ենթարկվող կնոջը այդ վիճակից դուրս բերելու միակ խոչընդոտը ինքը` կինն է, քանի որ նա այնքան է սովորել ճնշվածությանը, որ կորցրել է «ես»-ի գիտակցումն ու նույնիսկ չի պատկերացնում, որ կարող է նաև այլ կյանքով ապրել:

 

Հոգեբանը նշեց, որ Հայաստանում կանայք շարունակում են ենթարկվել  ֆիզիկական, հոգեբանական, սեռական և տնտեսական բռնության: Հայկական ընտանիքներում առաջին տեղում զբաղեցնում են ֆիզիկական բռնությունները: Բռնության մյուս տարածված տեսակը, որին ենթարկվում է կանանց ճնշող մեծամասությունը, հոգեբանականն է: «Դա բռնության այն տեսակն է, երբ կինն ընտանիքում անընդհատ լսում է, թե ինչքան վատն է ինքը, մեղավոր է բոլոր հարցերում, վատ կին է ու վատ մայր»,-ասաց հոգեբանը:

 

Նա նշեց, որ հոգեբանական բռնության հետևանքով, կանանց մոտ ի հայտ են գալիս հոգեբանական որոշակի խնդիրներ, մասնավորապես` նրանք սկսում են տառապել ցածր ինքնագնահատականով, դադարում են իրենց կին, առավելևս` լիարժեք մարդ և ընտանիքի լիիրավ անդամ զգալ:

 

Իրենց իրավունքների մասին չտեղեկացված, ամուսինների կողմից ծեծի ենթարկվող կանանց մոտ, ըստ մասնագետի, առաջին խոչընդոտը հենց նրանց մտածելակերպն է: Շատ կանանց և աղջիկների համար անընդունելի է, որ իրենք կարող են տղամարդկանց հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ ունենալ այս կյանքում: «Այդ իսկ պատճառով շատերի համար նորմալ է ամուսնու ծեծը: Շատ կանայք ասում են, որ եթե իմ ամուսինը ինձ ծեծում է, ուրեմն ես ինչ-որ մի սխալ բան եմ արել»,- նշեց Ֆենյա Բազոյանը:

 

Ըստ նրա`«Կանանց ռեսուրսային կենտրոն»  հասարակական կազմակերպության կողմից անցկացված հետազոտությունները ևս փաստում են, որ շատ կանայք որոշակի դեպքերում արդարացված են համարում իրենց հանդեպ բռնությունը: Հետաքրքիր է, որ թե կանայք, թե տղամարդիկ գրեթե նույն պառճառներն են նշել, որի դեպքում կարող է բռնությունը արդարացված լինել: Օրինակ՝  եթե կինը չի նեթարկվում ամուսնուն, եթե անտեսում է երեխաներին, հավատարիմ չէ: «Սա նշանակում է, որ կանայք էլ են արդարացնում իրենց հանդեպ դրսևորված վարքը, ինչը միանշանակ հող է ստեղծում բռնության երևույթի տարածմանը, քանի որ դա որպես բռնություն չի որակավորվում»,- նշեց հոգեբանը:

 

 

Ըստ նրա՝ այս երևույթի պատճառները տարբեր են: Նա նշեց, որ իրականում ընտանիքներում մեծ դեր են խաղում հայրական ընտանիքներում ընդունված մոդելը:

 

 

Չնայած ընտանիքներում հարաբերությունները լինում են ոչ առողջ, սակայն 10-12 տարի ամուսինները շարունակում են համատեղ կյանքով ապրել: Կանայք միայն այն ժամանակ են քայլերի դիմում, երբ արդեն բռնության են ենթարկվում երեխաները: «Երեխան սրբություն է, և երբ բռնությունը հասնում է երեխաներին, մայրն արդեն պատրաստ է պայքարել և ընդունել ցանկացած օգնություն, ցանկացած աջակցություն»,- ասաց Ֆ.Բազոյանը:

 

 

Իսկ թե ինչո՞ւ են բռնության ժամանակ կանայք շարունակում լռել, ապա դա տարբեր պատճառներ ունի: «Բռնարար հարաբերությունները որոշակի փուլով են զարգանում: Սկզբից ավելի կոնֆլիկտային են դառնում հարաբերությունները, հետո լինում են բռնության ակնհայտ դեպքեր՝ վեճ, ծեծ, կռիվներ, որին հաջորդում է  մեղրամսային փուլը՝ ամուսինը զղջում է, փոշմանում, ինչը կնոջ մոտ ամրապնդում է  այն հույսը, որ դեռ ամեն ինչ կորած չէ, որ կարող է ընտանիքը փրկել: Եւ սա տարիներ շարունակ կրկնվում է»:

 

 

Երկրորդ պատճառը, ըստ նրա, այն է, որ շատ կանայք վախենում են բաժանված լինել, հասարակության քննադատությունից վախենալը բերում է նրան, որ այդ հարաբերությունները պահպանվում ե: «Նույնիսկ շատ կանանց մոտ չկա այն գիտակցումը, որ ինքը զոհ է, ավելին՝ զուգահեռ կա մեղքի զգացում, որ չկարողացան երեխաների համար ապահովել այն ընտանիքը, ինչ երազել են: Մեղքի զգացումը գերակշռում է իրավիճակի սթափ գիտակցմանը, որը էլի պայմանավորված է այն պատկերացումներով, ինչը սնուցում է հասարակությունը: Բացի այդ, կանանց մոտ կա տնտեսական կախվածություն: Ի սկզբանե չունենալով ֆինանսական ինքնուրույնություն, ելք չեն գտնում թողնելու այդ հարաբերությունները:

 

 

«Միգուցե ընտանեկան բռնությունը հրատապ խնդիր չէ մեր հասարկության համար, բայց ակնհայտ է, որ մենք ունենք դեպքեր, որոնք կարիք ունեն ուշադրության, որոնք արդյունք են ավանդական ոչ ճիշտ պատկերացումների, ուստի անհրաժեշտություն կա մշակել համալիր ռազմավարություն»,- ասաց Ֆենյա Բազոյանը:

 

 

Այդուհանդերձ, հոգեբանները նկատեցին, որ թեև հայկական ընտանիքներում ձևավորված կարծրատիպի՝ տղամարդն է հիմնական որոշում կայացնողը, իսկ կինը ենթարկվում է այդ որոշմանը,  այնուամենայնիվ վերջին տարիներին կանանց և տղամարդկանց  մասին  կարծրատիպային  պատկերացումները որոշակի փոփոխությունների են ենթարկվել:

 

 

Մերի Մարգարյան

Դիտումների քանակը` 6903

Գլխավոր էջ