Կանանց ու տղամարդկանց հավասարեցրեցին՝ դեռեւս ամուսնական տարիքի իմաստով
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշեց հավանություն տալ «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին։ Հիշեցնենք, որ եթե գործող ընտանեկան օրենսգրքով ամուսնության կնքման համար տարիքային չափանիշ է սահմանված` կանանց համար` տասնյոթ, իսկ տղամարդկանց համար` տասնութ տարեկանը, ապա առաջարկվող նախագծով և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար սահմանվում է միևնույն ամուսնական տարիքը ` մինչև տասնութ տարեկան ։
Նիստը վարող փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հայտնեց, որ փոփոխությունը համաձայնեցվել է խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ:
Գործադիրի անդամներին ներկայացնելով նման փոփոխության հիմքերը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը շեշտեց, որ այն նախ բխում է գենդերային անհավասարությունը վերացնելու անհրաժեշտությունից: Միջազգային առնվազն երկու հիմնարար փաստաթղթերով՝ «Երեխայի իրավունքների մասին» և «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիաներով Հայաստանի առջև խնդիր է դրվել՝ հավասարեցնելու աղջիկների և տղաների ամուսնական տարիքը :
Ի դեպ, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով երեխա համարվում է 18 տարին չլրացած անձը, եւ նույն այդ կոնվենցիայի 16-րդ հոդվածով արգելվում է երեխաների ամուսնության գրանցումը:
Ինչպես ներկայացրեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը օրենսդրական փոթոխության համար այլ դրդապատճառներ էլ կան: Օրինակ, դպրոցական կրթությունն այժմ 12-ամյա է, նախկին 10-ամյայի փոխարեն: Իսկ սա նշանակում է, որ 17 տարեկան աղջիկները դեռ չեն ավարտել դպրոցը:
ՀՀ առողջապահության նախարարությունը համապատասխան եզրակացություն է տվել նախագծի վերաբերյալ, որտեղ նշվում է, որ փոփոխությունները բարենպաստ ազդեցություն կունենան կանանց վերարտադրողական առողջության վրա, քանի որ վաղ տարիքում հղիությունը մի շարք առողջական խնդիրներ է առաջացնում:
Առողջապահության նախարարության եզրակացության մեջ նշված է.
«Օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա կունենա որոշակի դրական ազդեցություն ազդեցություն մոր և մանկան առողջության պահպանման տեսանկյունից: Մասնավորապես` հաշվի առնելով, որ ամուսնությանը, որպես կանոն, հաջորդում է հղիությունը, ապագա մոր առողջության տեսանկյունից հղիության և բնականոն ծննդաբերության համար անհրաժեշտ է հասնել ինչպես սեռական (ֆիզիոլոգիական), այնպես էլ հոգեկան հասունության: Միաժամանակ անհրաժեշտ է ի նկատի ունենալ, որ ֆիզիոլոգիապես չկազմավորված օրգանիզմում վաղաժամ մայրությունը կարող է առաջացնել տարաբնույթ խնդիրներ, ինչպես օրինակ` վիժում, հղիության վաղաժամ ընդհատման անհրաժեշտություն, պտղի հասունացման հետ կապված խնդիրներ և այլն»:
Հ. Կարապետյան
Լուսանկարը՝ Արման Կարապետյանի
Դիտումների քանակը` 3336