Ամուսնալուծությունների պատճառները, ինչպիսին որ կան…
«Բոլոր ընտանիքները միանման են երջանիկ: Յուրաքանչյուր ընտանիք դժբախտ է յուրովի» – Լ. Տոլստոյի այս հանրահայտ արտահայտությունը այն փաստի արտացոլումն է, որ ամուսնալուծության պատճառները յուրաքանչյուր զույգի համար յուրովի են ու տարբեր: Այնուամենայնիվ , այս հարցում էլ որոշակի օրինաչափություններ կան:
ՀՀ վիճագրական ծառայության տվյալներով ՝ վերջին տարիներին Հայաստանում նկատվում է ամուսնալուծությունների թվի աճ: Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում գրանցվել է 897 ամուսնալուծություն, ինչը շուրջ 15 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ամուսնալուծությունների թիվը հատակապես բարձր է Լոռու և Վայոց ձորի մարզերում: Երևանում և Արարատի մարզում՝ դրանց թիվը նվազել է։
Ամուսնալուծությունների թվի աճին զուգահեռ նվազել է ամուսնությունների թիվը: Տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 4591 ամուսնություն, որը 1,6 տոկոսով քիչ է 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Որո՞նք են արձանագրվող ապահարզանների պատճառները: Մասնագետների գնահատմամբ`ապահարզանների թվի աճ գրեթե բոլոր երկրներում է գրանցվում: Ըստ էության, դա ոչ միայն Հայաստանի, այլև համամարդկային առաջնահերթ խնդիրներից է: Սակայն ակնհայտ է, որ Հայաստանում վերջին տարիներին տեղի է ունեցել արժեքների վերագնահատում, փոխվել է ընտանիքի հանդեպ ունեցած վերաբերմունքը: Նոր սերունդը այլ վերաբերմունք և պահանջներ ունի ընտանիքից։ Մյուս կողմից, իր ազդեցությունն է թողնում նաեւ արտագնա աշխատանքը: Հայաստանի մարզերում ամուսնալուծությունների թվի աննախադեպ աճը մասնագետները կապում են հենց այդ գործոնի հետ:
2010-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Հայաստանում անցկացված « Ընտանեկան բռնությունը և ամուսնալուծությունը» հետազոտությամբ փորձ է արվել պարզաբանել ընտանեկան բռնության և ապահարզանի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը Հայաստանում:
Հարցմանը մասնակցել են 20-70 տարեկան 79 կին և 21 տղամարդ: Հարցման արդյունքները ցույց են տվել, որ ապահարզանների նկատմամբ հասարակության վերաբերմունքը, ի տարբերություն ընտանեական բռնության, բավականին հանդուրժողական է:
Հարցվածների միայն 6 տոկոսն է նշել, որ բաժանումն անթույլատրելի է, 60 տոկոսը նշել է, որ դա ամուսիների անձնական գործն է, իսկ 34 տոկոսը որոշ դեպքերում բաժանումն անխուսափելի է համարել: Պարզվել է, որ հարցմանը մասնակիցների 91 տոկոսի շրջապատում կան բաժանված մարդիկ, և միայն 9 տոկոսն այնպիսի ծանոթներ չունի: Այս արդյունքները ցույց են տալիս, որ բաժանությունը բավականին տարածված երևույթ է և արդեն հիմնականում բացասական արձագանքներ չի առաջացնում:
Հարցվածները ամուսնալուծության համար որպես բավարար պատճառ նշել են .
– ամուսնու դավաճանությունը (27 տոկոս),
– բնավորությունների անհամատեղելիությունը (20,2 տոկոս),
– ամուսինը ծեծում է կնոջը (19,4 տոկոս),
– սեռական անհամապատասխանությունը(12,5 տոկոս),
– համատեղ երեխա ունենալու անկարողությունը (8,7 տոկոս),
– ամուսինը չի կարողանում ապահովել ընտանիքի բարեկեցությունը (5,7 տոկոս),
– մինչ ամուսնությունը կնոջ կույս չլինելը (4,6 տոկոս),
– տղայի ծնողները չեն ընդունում հարսին (1,9 տոկոս):
Մեկ այլ հարցի՝ «Ունեք ծանոթներ, որոնք բաժանված են, եթե այո, ապա՝ ինչն էր պատճառը» պատասխաններից պարզ է դառնում, որ իրականության մեջ էլ ընտանիքի քայքայման առիթ հանդիսացող հիմնական երեք պատճառները՝ ամուսնու դավաճանությունն է (28,2 տոկոս), բնավորությունների անհամատեղելիությունը (19,5 տոկոս), բռնությունը կնոջ նկատմամբ (15 տոկոս): Բացի դրանցից լուրջ ազդեցություն ունեն ֆինանսական խնդիրները , համատեղ երեխա ունենալու անկարողությունը, սեռական անհամատասխանությունը: Տղայի ծնողների կողմից հարսին չընդունելը և նրա կույս չլինելը ամենավերջինն են ամուսնուլուծությանը հանգեցնող պատճառների թվում:
Դրա հետ մեկտեղ, հարցին ՝ Կա՞ն արդյոք ձեր շրջապատում կանայք , որոնք ենթարկվում են բռնության և եթե այո, ապա ինչպե՞ս են նրանք լուծում այդ խնդիրը, հարցվածների 35 տոկոսը պատասխանել են , որ իրենց ծանոթները դիմանում են, քանի որ այլ ելք չունեն, իսկ 14 տոկոսը ասել են, որ փորձում են բաժանվել:
Հայ հասարակությունը ավանդաբար շատ բարձր է գնահատվում ընտանիքի դերը, հետևաբար , փորձագետների կարծիքով, շատ կանանց համար ընտանիք կազմելը և երեխաների դաստիարակությունը կյանքի հիմնական իմաստն է: Դա է պատճառը, որ կինը ցանկացած գնով ձգտում է պահպանել ընտանիքը,և միայն իր կյանքին վտանգ սպառնալու դեպքում է սկսում մտածել ապահարզանի մասին: Շատ հաճախ կինը հիասթափվում է ամուսնության առաջին իսկ տարիներին, սակայն հանգամանքների բերումով, տուրք տալով հասարակական կարծիքին, շարունակում է կրել ստորացումները և աստիճանաբար հարմարվում է իր վիճակին:
Փորձագետները նաև ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ զոհի և բռնացողի հարաբերությունները այնքան էլ միանշանակ չեն, և այսօր բռնությանը դիմացող զոհը վաղ թե ուշ գրավում է ագրեսորի դիրք: Ամուսին-կին, սկեսուր-հարս, երեխաներ-ծնողներ ահա փոխարդացաբար փոխարինվող դերերի անվերջանալի շղթան: Դա նշանակում է , որ չկանխվող բռնությունը սերնդափոխության միտում ունի… Իսկ սա արդեն հասարակության խնդիրն է, որը պետք է կարողանա դաստիարակության և կրթության միջոցով արմատավորել մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը՝ դրանով իսկ ամրացնելով ընտանիքը:
Անդրդառնալով ամուսնալուծությունների այլ պատճառնրին նշենք, որ, մասնագետների կարծիքով, վերջին տարիներին ողջ աշխարհում ընտանիքների քայաքայումը պայմանավորող եւս մեկ գործոն է ի հայտ եկել: Դա սոցիալական ցանցերն են: Օրինակ, ըստ ուսումնասիրությունների Facebook-ը ապահարզանների 33 տոկոսի իսկ Twitter-ը 20 տոկոսի “մեղավոր” է համարվում։։ Ամուսինների վիճաբանության առիթ են հանդիսացել հակառակ սեռից ստացված “ինտիմ” բնույթի հաղորդագրություններն, ինչպես նաեւ իրենց ամուսնական կյանքի մանրամասների քննարկումը ֆեյսբուքյան ընկերների հետ։
Ա. Հակոբյան
Դիտումների քանակը` 5565