Օքսֆամ. Ամենահարուստ 62 մարդկանց հարստությունը նույնքան է, որքան երկրի բնակչության ավելի քան կեսի ունեցվածքը
Աշխարհի 62 հարուստ մարդկանց ունեցվածքը նույնքան է, որքան երկրի բնակչության` ավելի քան 3,6 մլրդ աղքատ մարդկանց ունեցվածքը: Ընդ որում , հինգ տարի առաջ այդչափ գումար աշխարհում ունեցել են 388 ամենահարուստ մարդիկ: Աշխարհում տիրող ծայրահեղ անհավասարության ու անարդարության մասին է փաստում Օքսֆամ (Oxfam) ոչ կառավարական կազմակերպության հրապարակած զեկույցը , որը ավանդաբար լույս է տեսնում Դավոսում հունվարի 20-ին մեկնարկող Համաշխարհային տնտեսական ֆորումի նախօրեին:
Օքսֆամի ներկայացմամբ մոլորակի 3,6 մլրդ կազմող ամենաչքավոր բնակչության ընդհանուր կարողությունը 2010-ից ի վեր նվազել է 41 տոկոսով կամ ավելի քան 1 տրլն դոլարով: Դրա հետ մեկտեղ աշխարհի 62 մեծահարուստների ընդհանուր կարողությունը նույն ժամանակահատվածում աճել է 44 տոկոսով կամ 1,76 տրիլիոն դոլար:
«Համաշխարհային տնտեսությունը շատ է աղավաղվում, ամեն ինչ հարուստների օգտին է. նրանց եկամուտն ու հարստությունը պակասելու փոխարեն տագնապալի տեմպերով ավելի են աճում», – նշվում է զեկույցում:
Օքսֆամը պարզել է, որ գրեթե մեկ քառորդ դարում աշխարհի ամենաաղքատ 10% բնակչության եկամուտն աճել է ավելի քիչ, քան տարեկան 3$: Գրեթե բոլոր հարուստ երկրներում և շատ զարգացող երկրներում ազգային եկամտի մասնաբաժինը աշխատողների համար ընկել է: Սա նշանակում է, որ աշխատողներն ավելի ու ավելի քիչ են բաժին ստանում աճող եկամտից: Եվ, հակառակը, կապիտալի սեփականատերերն ականատես են լինում, թե ինչպես է իրենց կարողությունը հետևողականորեն աճում (տոկոսավճարների, շահաբաժինների և շահույթի միջոցով), ավելի արագ, քան տնտեսության փոխարժեքն է աճում: Մինչդեռ, ավելի քան մեկ միլիարդ մարդ է ապրում ծայրահեղ աղքատության մեջ, ըստ Համաշխարհային բանկի, որը սահմանում է օրական 1,90$:
Աղքատների և հարուստների կարողության միջև աճող անջրպետի պատճառները կազմակերպությունը տեսնում է հարկային արտոնությունների մեջ, որոնք հասանելի են բնակչության առավել ապահովված խավին, աշխատավարձերի նվազագույն և առավելագույն շեմերի միջև աճող տարբերությունը: Փորձագետների գնահատմամբ մոտ 7,6 տրիլիոն դոլար է թաքնված օֆշորային հաշիվներում: Դա նույնքան է, որքան Գերմանիայի եւ Միացյալ թագավորության համախառն ներքին արտադրանքը միասին վերցրած: Օքսֆամը ստորագրահավաք է կազմակերպել ՝ ուղղված անարդարացի հարկային քաղաքականությունների դեմ:
Օքսֆամը չի նշում այն 62 անհատների անունները, որոնք հիմք են ծառայել իր հաշվարկների համար: Իր նախորդ հետազոտություններում այն օգտագործել է Ֆորբսի միլիարդատերերի ցուցակը, որը 2015-ին գլխավերում էր Բիլ Գեյթսը, ում մաքուր կարողությունը կազմել է 79,2 միլիարդ դոլար:
Ըստ կազմակերպության նախորդ տարի հրապարակված «Ունենալով ամեն ինչ, ցանկանում են ավելին» զեկույցի, աշխարհի ամենահարուստ 1 % – ին պատկանում է աշխարհի հարստության 46 %-ը, իսկ ամենահարուստ 10 %-ին պատկանում է հարստության 86 %:
Ավելի վաղ Օքսֆամը մտահոգություն էր հայտնել, որ մեծահարուստների քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունենալու (լոբբինգի) կարողությունը մեծ խոչընդոտ է հատկապես հարկային համակարգի բարեփոխումների համար, որը գործում է ի վնաս աշխարհի ամենաաղքատների, որոնք զրկված են առաջին անհրաժեշտության դեղորայքային միջոցներից և առողջապահական ծառայություններից:
Օքսֆամը նաեւ կոչ էր արել կառավարություններին ընդունել յոթ կետից բաղկացած ծրագիր՝ անհավասարության դեմ պայքար մղելու համար.
– Թույլ չտալ, որպեսզի խոշոր առևտրական կազմակերպություններն ու հարուստ անհատները խուսափեն հարկերից,
– Ներդրումներ կատարել համընդհանուր, անվճար հանրային ծառայություններում, ինչպիսիք են առողջապահությունը և կրթությունը
– Արդարացիորեն կիսել հարկային բեռը՝ փոխադրելով այն աշխատուժից և սպառման ոլորտից դեպի կապիտալ և հարստություն,
– Սահմանել նվազագույն աշխատավարձ և բոլոր աշխատողների համար ապահովել նվազագույն սպառողական զամբյուղից ոչ պակաս աշխատավարձ,
– Ներդնել հավասար վարձատրություն սահմանող օրենսդրություն և նպաստել կանանց համար արդար պայմաններ ապահովող տնտեսական քաղաքականության վարմանը,
– Ամենաաղքատների համար ապահովել անվտանգության համապատասխան համակարգեր, ներառյալ նվազագույն եկամուտ ուենալու երաշխիքը,
– Համաձայնություն ձեռք բերել անհավասարության դեմ պայքարի ընդհանուր նպատակի շուրջ:
Օքսֆամը մարդկանց համաշխարհային շարժում է, որի նպատակն է կառուցել ապագա` առանց աղքատության: Միավորման նպատակը աղքատության խնդիրների լուծումն է և դրա հետ կապված անարդարությունների հաղթահարումը ողջ աշխարհում: Oxfam-ի բոլոր ծրագրերի վերջնանպատակը մարդկանց հնարավորություն տալն է` իրացնել սեփական իրավունքներն ու հնարավորությունները, անձնապես ղեկավարել սեփական կյանքը, ստանալ աշխատանքի դիմաց արժանավայել վարձատրություն:
Սկսած 1994 թվականից Օքսֆամը Հայաստանում իրականացնում է երկարատև զարգացման ծրագրեր շուրջ 165 հեռավոր գյուղական համայնքներում` սերտ համագործակցելով կառավարության, մարզային իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, տասնյակից ավելի տեղական հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ցանցերի և դաշինքների հետ:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում .
Օքսֆամ. «Ունենալով ամեն ինչ, ցանկանում են ավելին»
Ֆինանսական ճգնաժամից ի վեր միլիարդատերերի քանակն ամբողջ աշխարհում կրկնապատկվել է
Օքսֆամ.«Միասին կանգնեցնե՛նք խորացող անհավասարությունը»
Օքսֆամը հրավիրում է մասնակցել հանուն հավասարության քարոզարշավի մեկնարկին
«Աշխատելով մի քանիսի համար» – Օքսֆամը բացահայտում է անարդարությունը.
Դիտումների քանակը` 3725