Ամալյա Եղոյանը նշանակվել է ՏՏ ոլորտի փոխնախարար
Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Ամալյա Եղոյանը նշանակվել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար։ Մինչ այդ Եղոյանը զբաղեցնում էր Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնը:
Ուղիղ մեկ տարի առաջ WomenNet.am-ը զրուցել էր Ամալյա Եղոյանի հետ , որպես նորարար գաղափարներ առաջ տանող կնոջ, ով հաջողությունների է հասել ՏՏ ոլորտի մենեջմենթում: Այն ժամանակ նա Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրենն էր: Իր խոսքով ՏՏ ոլորտում հայտնվել է «ճակատագրի բերումով», բայց երբեք, ոչ մի վայրկյան այդ ճակատագրից չի դժգոհել:
Մեզ հետ զրույցում Ամալյա Եղոյանը պատմեց, որ մասնագիտությամբ լեզվաբան է, ավարտել է Գյումրիի Մանկավարժական ինստիտուտի անգլերեն լեզվի բաժինը: 2006-ին ՝ ինստիտուտի վերջին կուրսում ընդունվել է աշխատանքի Գյումրիի ՏՏ կենտրոնում՝ որպես ղեկավարի օգնական: Առանձնապես մեծ հույսեր չի ունեցել, որ այս ոլորտում կհաջողեր, սակայն հարցազրույցների հաջող փուլից հետո հրավիրել են աշխատանքի: «Երեք փուլով հարցազրույց անցա՝ տնօրենի և հիմնադիրների հետ, ու չէի սպասում, որ արդյունքը դրական է լինելու: Սկզբում համակարգեցի կրթական ծրագրերը՝ ուսանող-դասախոս կապը»,- պատմում է Ամալյա Եղոյանը:
Նշենք, որ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: Այն այսօր դարձել է տեխնոլոգիական և ստեղծագործական կենտրոն:
Սկսելով իր աշխատանքը կենտրոնում որպես ադմինիստրատիվ ասիստենտ, Ամալյա Եղոյանը քիչ անց դառնում է կրթական ծրագրերի համակարգող, այնուհետեւ փոխտնօրեն, եւ վերջապես ՝ գործադիր տնօրեն: Ամալյան խոտովանում է, որ սկզբնական շրջանում իր համար շատ դժվար էր, սակայն այդ ամենը հաղթահարեց լավ ղեկավարների, լավ կոլեկտիվի շնորհիվ: «Միայն աջակցություն եմ ստացել և նրանք ինձ թույլ չտվեցին, որ իմ վախերը խորանան: Ինձ համար ամենաբարդը տերմինոլոգիան էր»,- ասում է Ամալյա Եղոյանը:
Հարցին՝ կնոջ համար դժվար չէ՞ աշխատել ՏՏ ոլորտում աշխատել, Ամալյա Եղոյանը պատասխանում է. « Ցանկացած ուժեղ կնոջ կողքին պետք է լինի հավատացող տղամարդ: Այդ առումով իմ բախտը բերել է այնքանով, որ իմ ղեկավարները ինձ շատ օգնել են, աջակցել ու վստահել են, եթե նրանք այդպիսին չլինեին, հաստատ դժվար կլիներ: Նրանք ինձ նայել են որպես հավասարի»:
Այսօր Ամալյա Եղոյանն ուրախությամբ փաստում է, որ կենտրոնի շրջանավարտների 100 տոկոսն աշխատում է տեղեկատվական ոլորտում, իսկ ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ շրջանավարտների 70 տոկոսն աշխատում է Գյումրիում: Նրա խոսքերով՝ 12 տարիների ընթացքում ունեցել են 2000 շրջանավարտ, որոնք այսօր աշխատում են Հայաստանի լավագույն ընկերություններում:
«Մեր քաղաքի, ինչպես նաև մեր երկրի խնդիրը միշտ էլ եղել է աշխատատեղը, որովհետև մեր տաղանդաշատ երիտասարդներն, ավարտելով ինստիտուտը, չգտնելով համապատասխան աշխատանք համապատասխան մասնագիտությամբ, մեկնել են արտերկիր, Երևան, և Գյումրիից տեղի է ունեցել մեծ արտագաղթ, ուղեղների արտահոսք։ Այսօր ոչ մեծ չափով, այնքանով, որքանով կենտրոնն ունի հնարավորություն, կանխում է այդ արտագաղթը, ու դա ստացվում է, քանի որ Գյումրիում տեխնոլոգիական ոլորտի ընկերություններում 500-ից ավելի տեղացի մասնագետ է աշխատում , 25 ընկերություններ հենց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում են», -ասում է Ամալյա Եղոյանը։
Մի խոսքով, Գյումրիում ՏՏ ոլորտը զարգանում է, վերջին տարիներին Հայաստանի երկրորդ մայրաքաղաքում բացվել են մի քանի հայտնի ընկերությունների մասնաճյուղերը, ինչն էլ ավելի է մեծացրել հետաքրքրվողների շրջանակը: «Ուրախ եմ, ոգևորված, որ ՏՏ ոլորտի ընկերությունները հենց Գյումրիում են բացվում: Առաջընթացը, զարգացումն անխուսափելի են»,- վստահ է Ամալյա Եղոյանը: Ասում է, հաջողության հասնելու համար պետք է հավատաս , որ կարող ես, ամեն բան սիրով անես և լիարժեք՝ առանց ինքդ քեզ խաբելու…
Մ.Մարգարյան
Դիտումների քանակը` 4008