Աղքատության դեմքը. երբ աշխատում են, բայց աղքատ են…

43 ամյա Մարինեն գրեթե օր չկա, որ ինքն իր կյանքը չանիծի. Ասում է ամեն օր աստծուն հարց է տալիս՝ «բայց ո՞ր մեղքիս համար, խի եմ ես էսքան տանջվում, խի ա իմ ընտանիքն էս վիճակում»:   Մարինեն մայրաքաղաքի ռեստորաններից մեկում է աշխատում, ասում է օրը մեջ է աշխատանքի գնում, այդպես է կարգը, հերթափոխով են աշխատում, ամեն աշխատանքային օրը երեք հազար դրամ է վարձատրվում. Դժգոհ է, շատ է աշխատում, քիչ վարձատրվում: Բայց ճար չունի, պիտի աշխատի, որպեսզի ընտանիքի ապրուստը  հոգա:

 

Այս երիտասարդ կինը խորհրդային տարիներին թեթեւ արդյունաբերության ուսումնարանն է ավարտել, շատ կարճ ժամանակաշրջան աշխատել է կարի ֆաբրիկայում, հետո Հայաստանն ակնախացավ ԽՍՀՄ-ից, հետո սկսվեցին «մութ ու  ցուրտ» տարիները, հետո գործարանները փակվեցին ու ինքը մնաց անգործ: 20 տարեկան էր, երբ մեր երկիրն ազատ անկախ պետություն դարձավ, Մարինեն լիահույս էր, որ կյանք այլ կերպ կդասավորվի, սիրած տղա ուներ, ծրագրել էին ամուսնանալ, ընտանիք ստեղծել, շատ երեխաներ ունենալ: Ամուսնացավ սիրած տղայի հետ, բայց կյանքն այլ հունով տարավ Մարինեին ու նրա ամուսնուն: Սկսվել էր Ղարաբաղյան պատերազմը, ամուսինը գերադասեց ե՛ւ ուսումը կիսատ թողնել ե՛ւ ընտանիքը, ու գնաց պատերազմ: Կռվեց մինչեւ վերջ, պատերազմի ավարտից հետո էլ, երբ վերադարձավ ընտանիք, երկար ժամանակ աշխատանքի փնտրտուքների մեջ էր, բացի այս, այլեւս չէր կարող ուսումը շարունակել ու մասնագիտություն ստանար:

 

Ամուսիներն իրենց ամբողջ կյանքում բանվորի աշխատանք են արել. հազիվ ծայրը ծայրին հասցնելով ու երկու երեխաների գոնե արժանապատիվ մեծացնելով: «Էդ արժանապատիվն էլ շատ հարաբերական է, ում համար արժանապատիվ, ում համար էլ՝ նվաստացուցիչ: Ասենք իմ տղայի ընկերները գրեթե բոլորը թնակարժեք հեռախոսներ ունեն, հարոսւտ պապաներն են առել, էլ չեմ ասում, թե օրական ինչ նոր ու թնակարժեք շորեր են հագնում ու իրանց ցույց տալիս: Տղաս ոնց որ սկսի խուսափել ընկերներից, քիչ շփվի, բայց մի բակի երեխեք են, ոնց էլ լինի մանկություն են միասին անցկացնում, բայց շատ ընկվաճ է իրեն զգում, ես դա տեսնում եմ:Ինչ անեմ, կաշվից էլ դուրս գանք, չենք կարա նրանց պես հագցնենք»,-ասում է Մարինեն: Իսկ նրա ամուսինն էլ՝ Արայիկը, որդուն ոգեւպես գոտեպնդելու համար պատերազմի տարիների, ռազմի դաշտի իր նկարներն է ցույց տալիս ու ասում՝ «Դուխից մի ընկի, տես քո պապան էլ կռված տղայա, քանի թուրք եմ սպանել, Ղարաբաղն ենք ազագրել,  հո ամեն ինչ փողի մեջ չի»: այս խոսքերը որդուն է ասում, իսկ մեզ հետ զրուցելիս արդեն ցույց է տալիս իր ընկճված, հիասթափված, հուսահատ վիճակը:

 

«Ես ումից արդարություն պահանջեմ, էսա աշխարհի դրվածքը, Թումանյանն ա ասել չէ՝ մարդ կա ելել է շալակն աշխարհի, մարդ կա աշխարհն է շալակած տանում: Հիմա մենք էլ շալակած աշխարհն ու մեր խաչը տանում ենք: ես ում բողոքեմ, որ երբ ես կռվում էի Ղարաբաղի համար, որ երբ ես ինստիտուտը թողեցի գնացի պատերազմ, իմ հարեւանը, իմ մանկության ընկերը, նույն  շենքից ենք, գնաց Ռուսաստան, գնաց աշխատեց, փող կուտակեց,  հարստացավ, պատերազմը պրծավ, երկիրն էլ մի քիչ դզվեց, նոր հետ եկավ Հայաստան: Հիմա վայելում ա կյանքը: Ես երկրորդ կարգի հաշմանդամ եմ, ու հաշմանդամ եմ դարձել կռվի դաշտում, հա թոշակ եմ ստանում, երբ ռեմոնտի գործա լինում, գնում եմ անում եմ, բայց չի հերիքում, չի հերիքում, նորմալ ապրելուն չի հերիքում: Հենա կինս կոպեկներ ա ստանում, հեսա պիտի երկու էրեխեքին էլ ուսման տանք, վճարովի ա, ուզում ենք, որ անպայման բարձրագույն կրթություն ստանան, մասնագետ դառնան, բայց վարձերն ուսման էնքան բարձր են, չգիտեմ, թե ինչ ենք անելու: Երեւի  տունը ծախենք»:

 

Արայիկն ասում է, որ աղքատությունը երբեմնի ընկերներին,  իրարից հեռացրել է, իսկ կար ժամանակ, որ նրանք անբաժան էին, էն որ միասին ցոգոլ գողանալու էին գնում, դա մանկական խաղ էր, բայց միասին հաց են կիսել, առավոտից երեկո միասին են եղել: «Որ եկավ Հայաստան էլի շփվում էինք, բայց դե գիտեք, մեկ երկու անգամ ծնունդների հրավիրեց, գնացինք, տեսնաք, որ սաղ հարուստ մասայա, սաղ ոսկեղենով ու բրիալիանտներով, մեծ –մեծ բաներից են խոսում, զգացի որ էլ չեմ կարա շփվեմ, ու տենց արդեն հազարից մեկ ենք տեսնվում:Ես էդ ժամանակ զգացի, ինչ նվաստացուցիչ ա աղքատ լինելը: Հիմա մեր էրեխեքն են ընկերություն անում, բայց մեկ ա, չի ստացվում, շատ տարբեր խավեր ենք»:

 

***

Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ Օնիկ Հովսեփյանը գյուղի դպրոցում ուսուցիչ է աշխատում, միայնակ հինգ երեխա է մեծացնում ու հաշմանդամ կնոջ ապաքինման ծախսերն է հոգում. Ասում է՝ տունը, օրօրի  փլվում է գլխներին, տուն ասել էլ չի կարելի է, մի փոքրիկ տնակ է, տանիքը փլվում է, անձրեւներին թասեր են դնում, որ տունը ջրով չլցվի, հատակն այնքան փտել ու ծակվել, որ առետներն ազատ մուտք  ու ելք են անում:

 

«Վաթսուն հազար դրամ աշխատավարձով ես հացի խնդիրը լուծե՞մ, թե՝ տանիքն ու հատակը նորոգեմ: Ամբողջ կյանքը երեխաներ եմ կրթել, պատվավոր, հայրենասեր քաքացիներ մեծացրել, բայց աղքատությունը մեզ հոշոտում է: Երեխաներս գերազանց են սովորում, մի աղջիկս իր ուժերով ընդունվեց համալսարան, բայց վճարովի, չգիտեմ, գլուխս որ պատովը տամ, որ էրեխուն ուսւոմից չկտրեմ: Մյուս աղջիկս՝ Սիրունիկը, պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսում է սովորում, բայց ուսման վարփի 300 հազար դրամը մի կերպ պարտք եմ արել վճարել, ընդունակ ա, ափսոս էր վարձի պատճառով դուրս մնար, էդ պարտքն էլ օղապարանի պես վզիս է ու խեղդում է: Էլ պետական դուռ չմնաց, որ չթակեմ, բայց դրանցը դուռ չի, դրանցը բետոնե պատ է, բանի տեղ չեն դնում, շան տեղ չեն դնում: Արդեն խելագարվելու աստիճանի եմ, անգամ մեծահարուստների, պատգամավորների եմ դիմել, ոչ մի արձագանք, ոնց որ բոլորը խիղճները հանած լինեն, ոչ ոքի պետք չէ, թե մարդիկ սոված են ապրում, մարդիկ ծայրաստիճան կարիքի մեջ են: Ես ախր մանկավարժությունից բացի այլ բան չեմ կարող անել, լավ խոպան գնամ, բա աղջիկ էրեխեքիս ո՞ւմ թողեմ, կինս հոգեկան առողջության խնդիրներ ունի, նրա հույսով չեմ կարա գնամ: Երեւեի ես եմ մեղավոր, երեւի ուրիշ մասնագիտություն պիտի ընտրեի: Հիմա ես չգիտեմ, սա անարդարություն ասեմ, թե ինչ, երբ խելացի երեխային ուսման չես կարող տալ, երբ ապրում ես առնտների հետ, երբ աշխատավարձդ չի հերիքիում արժանապատիվ ապրելուն»:

 

***

 

28 ամյա Լիանան սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում, ուսման վարձը 350հազար դրամ է. Ասում է երկու տեղ աշխատում է, երեկոյան՝ սրճարանում՝ մատուցող, մյուս աշխատանքը՝ չի մանրամասնում, ինչ-որ արտադրամաս է, որտեղ փաթեթավորումներ են անում, բայց դա էլ ամիսը մի քանի օրով: Լիանան ասում է՝ «Ահավոր հոգնում եմ, էլ ուժ չունեմ, բայց պիտի աշխատեմ, որ համ մորս պահեմ, համ ինձ, համ էլլ ուսման վարձ, գոնե բարձր եկամուտ ունենայի, հոգնե;լուց ու տանջվելուց չէի նեղվի: Բայց երբ տեսնում եմ, որ կան մարդիկ, առանց չարչարվելու էլ մեծ փողեր են աշխատում, զարմանում եմ, մտածում եմ՝ կամ ես ճարպիկ չեմ, կամ կյանքի դրվածքն է այդպես»:

 

Հոգեբաններն ասում են, որ սոցիալական անարդարությունը ինչ-որ առումով,սուբյեկտիվ ընկալում է. Հարուստը կարող է միանգամայն արդարացի համարի իր հարստանալը, քանի որ ավելի ճարպիկ է եղել, աղքատն՝ այդպես չմտածի:  Մեզ մոտ սոցիալական անարդարությունն ավելի աչքի զարնող է, որովհետեւ չկա ձեւավորված միջին խավ:   Մարդը տարիներով սովորում է, մասնագիտություն է ձեռք բերում, սակայն չի կարողանում բարձր եկամուտ ստանալ: Մեր բնակչության բարձր վարձրատրվող հատվածը մեծ չէ: Նշենք, որ 2013 թվականին Հայաստանի բնակչության մոտ 32%-ը համարվում էր աղքատ, իսկ ծայրահեղ աղքատ՝ 2,7%-ը, եւ նրանց թվում քիչ չեն աշխատող  աղքատները:

 

Նելլի Բաբայան

 

Դիտումների քանակը` 5528

Գլխավոր էջ