Աղջկան ստորացրել են տղայի հետ խոսելու համար
Հնդկաստանի Կադվա Թոլա գյուղում անչափահաս աղջկա գլուխն ածիլել են, դեմքին մուր են քսել եւ ստիպել են քայլել գյուղամեջով միայն այն պատճառով, որ նա խոսել է իր ընկերոջ հետ: Գյուղի տարեց տղամարդիկ նկատել են, թե ինչպես է 14–ամյա աղջիկը դպրոցից վերադառնալիս զրուցում իր սիրելի տղայի հետ եւ գյուղական խորհուրդը ապօրինի դատաստանի է ենթարկել անչափահասներին:
«Նրանք մեզ կապեցին, մի գիշեր պահեցին փակ սենյակում, իսկ առավոտյան խորհուրդը վճիռ կայացրեց»,- «Al Jazeera» հեռուստաալիքին պատմել է բռնության ենթարկված աղջիկը:
Գյուղի խորհուրդը որոշել է տուգանել թե տղային, թե աղջկան 12.000 հնդկական ռուբիի չափով (մոտ 80.000 ՀՀ դրամ)՝ «անպարկեշտ գործողության համար»: «Նրանք բաց թողեցին տղային, որովհետեւ նրա ընտանիքը խոստացավ, որ կվճարի գումարը, իսկ իմ ընտանիքն աղքատ է, ի վիճակի չէր վճարելու, այդ պատճառով էլ նրանք սարսափելի ստորացումների ենթարկեցին ինձ,- պատմում է անչափահաս հնդկուհին,- նախ սափրեցին գլուխս, ապա մոխիրով սեւացրեցին դեմքս եւ ստիպեցին, որ այդպես քայլեմ բոլորի աչքի առջեւ»:
Անչափահասը բողոք է ներկայացրել ոստիկանություն: Ապօրինի գործող խորհդի 7 անդամներից 6-ը ձերբակալվել են, այդ թվում եւ գյուղապետը, ով ղեկավարել է «դատաստանը»: Նշենք, որ Հնդկաստանի հեռավոր նահանգների գյուղական համայնքներից շատերում են գործում նման խորհուրդներ, որոնք տեղական դատարանների լիազորություններն են իրագործում՝ չունենալով դրա համար որեւէ իրավական հիմք: Խորհուրդը հատկապես վճիռներ է կայացնում անձնական վեճերի դեպքում:
Նման խորհուրդների կայացրած վճիռների արդյունքում բազմաթիվ տղաներ եւ աղջիկներ են մահվան դատապարտվել: Իսկ վերջերս էլ Բենգալում դաժանաբար բռնաբարել էին մի երիտասարդ կնոջ, ում բռնացրել էին սիրեկանի հետ:
Աղբյուրը՝ Al Jazeera
Դիտումների քանակը` 4954