Այսօր «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրն է

“ Ընդլայնենք հորիզոնները, փոխենք վերաբերմունքը” – այս կարգախոսի ներքո ապրիլի 26-ին ողջ աշխարհում նշվում է  «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրը: Այն   նախաձեռնվել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից, որը ՄԱԿ-ի մասնագիտացված մարմին է: Օրը միջազգայնորեն նշվում է  ամեն տարի չորրորդ ամսվա չորրորդ շաբաթվա չորրորդ օրը՝ սկսած 2010 թվականից` նպատակ ունենալով ստեղծել գլոբալ միջավայր, որը խրախուսում է աղջիկներին և երիտասարդ կանանց մտածելու ՏՀՏ աճող ոլորտում իրենց կարիերան սկսելու վերաբերյալ:

 

Նշենք« որ Հայաստանի ուսանողների 12 տոկոսը մասնագիտանում է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, նրանց մեկ քառորդը աղջիկներ են: Հայաստանի ՏՀՏ ոլորտում ներգրավված մասնագետների  63 %-ը  տղամարդիկ են, 37 %-ը  կանայք:  

 

 

Դրա հետ մեկտեղ  կանայք քիչ են ներգրավված ՏՀՏ ոլորտի որոշումներ կայացնելու պաշտոններում: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի  հետազոտության (2015)  տվյալներով,  կանայք ղեկավարում են ՏՀՏ ընկերությունների միայն  1.3%-ը:  Մոտավորապես,  360 ՏՀՏ ձեռնարկություններից կին աշխատակիցները կազմում են տեխնիկական մասնագետների 30 տոկոսը, ՏՀՏ մենեջերների`15 տոկոսն ու ընդամենը 1.3 տոկոսը որպես ռազմավարական ու պլանավորման ղեկավարներ: Նրանց թվում են. Մարի Լու Փափազյանը ` Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն,  Եվա Հյուսյանը` Մայքրոսոֆթ Արմենիա տնօրեն,  Ժենյա Ազիզյանը` ՁԻՀ նախագծի ղեկավար,  Գայանե Ստեփանյանը`“Իդրամ” ՍՊԸ-ի տնօրեն,  Աննա Ենգիբարյանը` Հայկական Վիրտուալ Համալսարանի ադմինիստրատիվ տնօրեն,  Սոֆի Մեհրաբյանը` “Մակադամիան” ՓԲԸ -ի տնօրեն,  Մարիամ Դավթյանը` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ղեկավար,  Ամալյա Եղոյանը`Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի նախկին գլխավոր տնօրեն և ՏՏ ոլորտի  փոխնախարար  և  այլոք … այս կանանցից   յուրաքանչյուրը  գերազանց դերային մոդելներ կարող են ծառայել երիտասարդ սերնդի համար:

 

 

Girls in Tech Հայաստանի հիմնադիր Սեդա Պապոյանի դիտարկմամբ, առաջին հայացքից թվում է՝ հայաստանյան ՏՏ ոլորտում կանայք և աղջիկները շատ լուրջ խնդիրներ չունեն: «Իրականում, սակայն, ոլորտում մի շարք խորքային խնդիրներ կան, որոնց լուծմանն էլ ուղղված են մեր աշխատանքները: Առաջին խնդիրը, որին բախվում են աղջիկները, կրթական պրոցեսում հանդիպող խտրականությունն է, որի պատճառով էլ հաճախ աղջիկները թողնում են ոլորտը: Ամեն ինչ սկսվում է դպրոցից. երբ աղջիկն ընտրում է տեխնոլոգիաների ոլորտը, շատ հաճախ ստիպված է դեմ գնալ հասարակական կարծիքին, ընդունված կարծրատիպերին: Արդեն մասնագիտական կրթության մեջ, հատկապես, երբ աղջիկները կարողանում են ինքնադրսևորվել, ինչ-որ փուլում նրանց, միևնույն է, ասում են՝ «դա քո խելքի բանը չէ»: Եթե աղջիկներին, այնուամենայնիվ, հաջողվում է հաղթահարել այս խոչընդոտները և հասնել աշխատաշուկա, միևնույն է՝ նրանց, հիմնականում, բաժին են հասնում ոլորտի երկրորդական դերերը: Բուն ինժեներության և ծրագրավորման մեջ շատ քչերն են հայտնվում, որովհետև կանանց նկատմամբ վստահության պակաս կա»,- ասում է նա:

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հիմնականում տղամարդկային  է, իր հերթին  նշում է «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի նախագահ Նարինե Աբազյանը՝ այս փաստը հաստատելով իր տարիների աշխատանքային փորձով:  «Այսօր մեր բարձր դասարանի աշակերտուհիները բավականին լավ առաջադիմություն են ունենում, մաթեմատիկա, ֆիզիկա առարկաներից,- ասում է Նարինե Աբազյանը,- բայց հետագայում, երբ կարիերայի ընտրության հարց է առաջանում՝ նրանք, սովորաբար ծնողների, բարեկամների, հասարակության խորհրդով ընտրում են ֆինանսներ, լեզուներ, շատ քչերն են ընտրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, դա գալիս է ինֆորմացիայի պակասից և բացի այդ մեր աղջիկների և առհասարակ հասարակության համար կարծեց թե տեսանելի չեն կանանց  այն իդեալները, որոնք  կարող են օրինակ ծառայել աճող սերնդի համար:  «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն    ոլորտում աշխատող  այլ կազմակերպությունների հետ մեկտեղ   փորձում է  վերացնել այդ բացը և կոտրել կարծրատիպերը՝ նպաստելով կանանց և աղջիկների ներգրավմանը Հայաստանի տեղեկատվական հասարակությանը և նոր անուններ բացահայտելով այս ազպարեզում:

 

 

Դիտումների քանակը` 2743

Գլխավոր էջ