Այսօր «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրն է
“ Ընդլայնենք հորիզոնները, փոխենք վերաբերմունքը” – այս կարգախոսի ներքո ապրիլի 26-ին ողջ աշխարհում նշվում է «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրը: Այն նախաձեռնվել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից, որը ՄԱԿ-ի մասնագիտացված մարմին է: Օրը միջազգայնորեն նշվում է ամեն տարի չորրորդ ամսվա չորրորդ շաբաթվա չորրորդ օրը՝ սկսած 2010 թվականից` նպատակ ունենալով ստեղծել գլոբալ միջավայր, որը խրախուսում է աղջիկներին և երիտասարդ կանանց մտածելու ՏՀՏ աճող ոլորտում իրենց կարիերան սկսելու վերաբերյալ:
Նշենք« որ Հայաստանի ուսանողների 12 տոկոսը մասնագիտանում է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, նրանց մեկ քառորդը աղջիկներ են: Հայաստանի ՏՀՏ ոլորտում ներգրավված մասնագետների 63 %-ը տղամարդիկ են, 37 %-ը կանայք:
Դրա հետ մեկտեղ կանայք քիչ են ներգրավված ՏՀՏ ոլորտի որոշումներ կայացնելու պաշտոններում: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետազոտության (2015) տվյալներով, կանայք ղեկավարում են ՏՀՏ ընկերությունների միայն 1.3%-ը: Մոտավորապես, 360 ՏՀՏ ձեռնարկություններից կին աշխատակիցները կազմում են տեխնիկական մասնագետների 30 տոկոսը, ՏՀՏ մենեջերների`15 տոկոսն ու ընդամենը 1.3 տոկոսը որպես ռազմավարական ու պլանավորման ղեկավարներ: Նրանց թվում են. Մարի Լու Փափազյանը ` Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, Եվա Հյուսյանը` Մայքրոսոֆթ Արմենիա տնօրեն, Ժենյա Ազիզյանը` ՁԻՀ նախագծի ղեկավար, Գայանե Ստեփանյանը`“Իդրամ” ՍՊԸ-ի տնօրեն, Աննա Ենգիբարյանը` Հայկական Վիրտուալ Համալսարանի ադմինիստրատիվ տնօրեն, Սոֆի Մեհրաբյանը` “Մակադամիան” ՓԲԸ -ի տնօրեն, Մարիամ Դավթյանը` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ղեկավար, Ամալյա Եղոյանը`Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի նախկին գլխավոր տնօրեն և ՏՏ ոլորտի փոխնախարար և այլոք … այս կանանցից յուրաքանչյուրը գերազանց դերային մոդելներ կարող են ծառայել երիտասարդ սերնդի համար:
Girls in Tech Հայաստանի հիմնադիր Սեդա Պապոյանի դիտարկմամբ, առաջին հայացքից թվում է՝ հայաստանյան ՏՏ ոլորտում կանայք և աղջիկները շատ լուրջ խնդիրներ չունեն: «Իրականում, սակայն, ոլորտում մի շարք խորքային խնդիրներ կան, որոնց լուծմանն էլ ուղղված են մեր աշխատանքները: Առաջին խնդիրը, որին բախվում են աղջիկները, կրթական պրոցեսում հանդիպող խտրականությունն է, որի պատճառով էլ հաճախ աղջիկները թողնում են ոլորտը: Ամեն ինչ սկսվում է դպրոցից. երբ աղջիկն ընտրում է տեխնոլոգիաների ոլորտը, շատ հաճախ ստիպված է դեմ գնալ հասարակական կարծիքին, ընդունված կարծրատիպերին: Արդեն մասնագիտական կրթության մեջ, հատկապես, երբ աղջիկները կարողանում են ինքնադրսևորվել, ինչ-որ փուլում նրանց, միևնույն է, ասում են՝ «դա քո խելքի բանը չէ»: Եթե աղջիկներին, այնուամենայնիվ, հաջողվում է հաղթահարել այս խոչընդոտները և հասնել աշխատաշուկա, միևնույն է՝ նրանց, հիմնականում, բաժին են հասնում ոլորտի երկրորդական դերերը: Բուն ինժեներության և ծրագրավորման մեջ շատ քչերն են հայտնվում, որովհետև կանանց նկատմամբ վստահության պակաս կա»,- ասում է նա:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հիմնականում տղամարդկային է, իր հերթին նշում է «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի նախագահ Նարինե Աբազյանը՝ այս փաստը հաստատելով իր տարիների աշխատանքային փորձով: «Այսօր մեր բարձր դասարանի աշակերտուհիները բավականին լավ առաջադիմություն են ունենում, մաթեմատիկա, ֆիզիկա առարկաներից,- ասում է Նարինե Աբազյանը,- բայց հետագայում, երբ կարիերայի ընտրության հարց է առաջանում՝ նրանք, սովորաբար ծնողների, բարեկամների, հասարակության խորհրդով ընտրում են ֆինանսներ, լեզուներ, շատ քչերն են ընտրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, դա գալիս է ինֆորմացիայի պակասից և բացի այդ մեր աղջիկների և առհասարակ հասարակության համար կարծեց թե տեսանելի չեն կանանց այն իդեալները, որոնք կարող են օրինակ ծառայել աճող սերնդի համար: «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն ոլորտում աշխատող այլ կազմակերպությունների հետ մեկտեղ փորձում է վերացնել այդ բացը և կոտրել կարծրատիպերը՝ նպաստելով կանանց և աղջիկների ներգրավմանը Հայաստանի տեղեկատվական հասարակությանը և նոր անուններ բացահայտելով այս ազպարեզում:
Դիտումների քանակը` 2785