Աղբահանության խնդիր. ինչ են առաջարկում քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում 

Աղբահանության խնդրին անդրադարձ կա Երևանի ավագանու ընտրություններին մասնակից  գրեթե բոլոր քաղաքական ուժերի  նախընտրական ծրագրերում:

 

 

«Իմ քայլը» դաշինքի ծրագիրը կարևորում է մաքրությունը, աղբահանությունը և ձնամաքրումը: Նախատեսվում է վերանայել փողոցների մաքրման և աղբահանության աշխատանքների կազմակերպումը, դիտարկում է մրցույթի միջոցով երկրորդ օպերատորի ներգրավման հարցը: Նախատեսվում է նաև հիմնել աղբի վերամշակման գործարան, հնարավորություն ստեղծել տնտեսվարող սուբյեկտների համար աղբը թափել տարանջատված տարաներում:

 

ԲՀԿ ծրագրում աղբահանության, թափոնների ու արտանետումների վերամշակման ու խելացի կառավարման խնդիրը լուրջ մարտահրավեր է համարվում, ուստի անհրաժեշտ է համարում արտաքին աուդիտի, խորհրդատվության և միջազգային մրցույթի իրականացումը, որը պետք է նպաստի ըստ հստակ ժամանակացույցի ոլորտի տեխնիկական արդիականացումը՝ ժամանակակից մեքենասարքավորումներով աղբավերամշակման ձեռնարկության գործարկումը:  Նախատեսվում է, որ էկոլոգիապես անվտանգ աղբավերամշակման գործարանը միաժամանակ պետք է արտադրի պարարտանյութ, ջերմային էլեկտրաէներգիա և բիոէներգիա:

 

«Ժառանգություն» կուսակցության ծրագրում քննարկվում են աղբահանության ոլորտում կուտակված խնդիրները: Առաջարկվում է քաղաքի կենտրոնում աղբահանությունը իրականացնել այնպիսի հաճախականությամբ, որ ոչ մի խնդիր չառաջացնի քաղաքացիների համար, նախատեսվում է հետևել, որ աղբահանության հանրային ծառայություն մատուցող ընկերությունները բարեխղճորեն կատարեն իրենց ներդրումային և ծառայությունների մատուցման պարտավորությունները: Պլանավորվում է գործուն քայլեր ձեռնարկել միջազգային կամ տեղական շահագրգիռ ընկերությունների կողմից աղբի վերամշակման գործարան կառուցելու, ստացված եկամուտների հաշվին աղբահանության ծառայության որակը բարձրացնելու նպատակով:

 

Երևանի հանրություն կուսակցությունների դաշինքը գտնում է, որ աղբահանության խնդիրը կարելի է լուծել միայն կենցաղային և կոշտ աղբի վերամշակման գործարան կառուցելու դեպքում: Նախատեսվում է փոխել աղբահանության համար վճարման կարգը և քաղաքացիներից վճարները պահանջել փաստացի կատարած ծառայությունների դիմաց, նախապատրաստվելու է բակային տարածքների սանիտարական մաքրման կարգ: Աղբահանությունը, որ նույնպես կատարվում է մասնավոր ինչ-որ ընկերության կողմից, քաղաքի բազմաթիվ վարչական շրջաններում իրականացվում է շաբաթը մեկ անգամ, ինչը վարակների ու գարշահոտության, կրծողների ու միջատների բազմանալու պատճառ է դառնում: Իրականում Երևանցիների կողմից աղբահանության դիմաց վճարվող գումարներն ավելի քան բավարար են աղբահանությունը պատշաճ իրականացնելու համար: Սակայն, դա պատշաճ չի իրականացվում, քանի-որ քաղաքապետարանի կողմից հսկողությունը ցածր մակարդակի է, իսկ հսկողության ցածր մակարդակը կարող է լինել միմիայն երկուստեք` ներքին, ներանձնային հանցավոր պայմանավորվածության պարագայում: Գրեթե նույն իրավիճակն է տիրում փողոցների մաքրման, ու, հատկապես, ձմռան ամիսներին: Դա է վկայում ձմռանը բազմաթիվ ավտովթարներն ու բնակիչության կոտրվածքներ ստանալու փաստը:

 

Ժողովրդավարական ուղի կուսակցությունը այս ոլորտում նախատեսում է քաղաքում աղբահանությունը իրականացնել ամեն օր, ներդրումներներ գրավելու միջոցով կառուցել աղբի վերամշակման գործարան:

 

«Լույս» դաշինքը խոստանում է աղտահանել և բարեկարգել բազմաբնակարան շենքերի աղբատար խողովակները, առաջարկում է ժամանակակից աղբահանության և սանմաքրման մեխանիզմներ, ինչպես նաև նոր և ԵՄ չափորոշիչներին համապատասխան աղբավայր։ Դաշինքը ծրագրում հատուկ բաժին ունի, որը վերնագրված է «Թափոնների կառավարում։ Նոր աղբավայր», որտեղ մասնավորեցնում է իր ծրագիրը: Նախատեսվում է ներդնել աղբի տեսակավորման համակարգ տարբերակված աղբամանների տեղադրմամբ, դրանց պարբերալան քիմ․մաքրմամաքրմամբ: Երևանի թափոնների գոյացման և կառավարման նպատակով համայնք-մասնավոր համագործակցության շրջանակներում նախատեսվում է ստեղծել թափոնների տեսակավորման և վերամշակման ձեռնարկություն։ Փակվելու են Նուբարաշեն և Աջափնյակ վարչական շրջանների գործող բաց աղբավայրերը։ Աղբավայրում պլանավորվում է կառուցել գոյացող թունավոր գազերի հավաքման և այրման կայան, տեղադրել գեներատոր բիոգազից էլեկտրաէներգիայի ստացման համար, ներդրվելու է շինարարական աղբի և կոշտ թափոնների հավաքման հատուկ համակարգ։ Ծրագրում ուշադրություն է հրավիրվում նաև այն հարցին, որ մայրաքաղաքում գոյություն ունեն կոյուղու ցանց չունեցող թաղամասեր, բազմաբնակարան շենքերի բակային կոյուղիները կարիք ունեն կապիտալ վերանորոգման։  

 

 «Երկիր ծիրանի» ծրագրում  նշվում է, որ աղբահանության ոլորտի կարգավորման հարցում բացակայում է համակարգային մոտեցումը: Ծրագրում ընդգծվում են Երևանի կենցաղային և շինարարական աղբի  կառավարման խնդիրները. Աղբահանությամբ զբաղվող կազմակերպությունների պարտականությունների նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայություն, խախտումների դեպքում պատժելիության  բացակայություն, աղբի տեսակավորման եւ վերամշակման քաղաքականության բացակայությունը, աղբի կուտակման և այրման հետևանքով թունավոր նյութերի արտանետում, աղբի վերամշակման գործարանի բացակայություն: Այդ խնդիրների լուծման համար նախատեսվում է կոշտ թափոնների ժամանակակից կառավարման  քաղաքականություն` թափոնների գոյացման կանխում, տեսակավորում, թափոնների օգտագործում երկրորդ անգամ, եթե թափոնների օգտագործումը հնարավոր չէ երկրորդ անգամ, ապա անհրաժեշտ է կիրառել ռեցիկլինգ (թափոնից այլ ապրանքի արտադրություն), թափոնների վերամշակում`  էներգիայի արտադրության համար: Նախատեսվում է նաև թափոնների կոնսերվացում աղբավայր-գերեզմանոցում: Նախատեսվում է իրականացնել ամբողջական ծրագիր` աղբի վերամշակման գործարանի կառուցման և աղբավայրի ու թափոնների վերամշակման վերաբերյալ, որը կներառի աղբի եւ թափոնների տեսակավորում, վերամշակում, ապրանքների ու էներգիայի արտադրություն եւ էկոլոգիայի բարելավում: Բարձրահարկ շենքերում պլանավորվում է աղբի խցիկների և խողովակների մաքրում:

 

«Օրինաց երկիր» կուսակցությունը նույնպես դնում է աղբահանության խնդիրները: Նախատեսվում է աղբահանության վիճակի  կտրուկ բարելավում, աղբատար խողովակների և զետեղարանների հիմնովին վերանորոգում, կենցաղային թափոնների վերամշակման ձեռնարկությունների ստեղծում՝ բնապահպանական նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ:

 

ՀՅԴ-ն  նախատեսում է ստեղծել աղբի տեսակավորման և էկոլոգիական վերամշակման տնտեսություն:

 

WomenNet.am

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կարգախոսներ. Միասին գալիս ենք մեր Երևանը կանաչ, հարմարավետ, լույսի քաղաք դարձնելու…

Աղբահանության խնդիր. ինչ են առաջարկում քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում 

Արժանապատիվ քաղաքային տրանսպորտ. ինչ են խոստանում քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում

 Մանկապարտեզների  խնդիրը.  ինչ են խոստանում քաղաքական ուժերը իրենց նախընտրական ծրագրերում

Դիտումների քանակը` 1886

Գլխավոր էջ