Ահարոն Ադիբեկյան. “Երևանի քաղաքապետ հենց հիմա էլ կարող է կին դառնալ”…
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը բացառում է, որ Հայաստանում, գոնե առաջիկայում, ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած որևէ կուսակցության ցուցակը գլխավորի կին թեկնածու: Հարցին, թե ինչո՞ւ է այդպես վստահ և արդյո՞ք պատճառը միայն նա է, որ մեր կուսակցությունները չափից դուրս «պատրիարխալ են», սոցիոլոգը պատասխանեց հարցադրմամբ, որը, ըստ նրա, ամբողջությամբ արտացոլում է ներքին քաղաքական խոհանոցը…
«Ինչպե՞ս կնոջը կաշառես… կամ տանես խաշ, խորոված ուտելու: Կամ ո՞նց սիրուն աղջիկ-տղա բերես ու ասես` սա քեզ նվեր, պատիվ եմ տալիս….»,- հռետորական այս հարցերից հետո սոցիոլոգը նկատեց, որ իր ասածը ընդամենը գործադիր իշխանությանը վերաբերող մի դրվագ էր: Ոչ ֆորմալ հարաբերությունների հիմքում որոշակի ակնկալիքներ են` շենք ես կառուցելու, տնակ ես տեղադրելու, հազար ու մի հարց: Բացի այդ, շարունակեց նա, շատերը կողմնակից են կաշառվող ղեկավար ունենալու, քան արդար:
Ինչ վերաբերում է կանանց, ապա Ահարոն Ադիբեկյանը վստահ է, որ նրանք կարող են լինել ղեկավար պաշտոններում, օրինակ, Երևանի քաղաքապետ հենց հիմա էլ կարող է կին դառնալ, մենք ունենք այդպիսի կանայք:
«Եթե նայում ես, թե ինչպես է, օրինակ, աշխատում Հրանուշ Հակոբյանը և մյուս մեր ակտիվ կանայք, ապա հասկանում ես, որ կին ղեկավարը իսկապես շատ լավ կարող է աշխատել` կինը ձիրք ունի կառավարման: Բայց այստեղ էլ ուրիշ խնդիր կա, քաղաքապետի ֆունկցիաները մեզանում ավելի լայն են, քան պաշտոնականն է պահանջում, այսինքն քաղաքապետը պետք է պատրաստ լինի ոչ ֆորմալ հարաբերությունների դաշտում էլ գործել»,- նշեց սոցիոլոգը` ավելացնելով, որ շատ դեպքերում հասարակությունը նույնիսկ չի էլ պատկերացնում ինչ է կատարվում իշխանության կուլիսներում:
Հարցին, թե կարելի է արդյոք ասել, որ ավելի ցածր մակարդակների իշխանությունում կանանց դերակատարումը նույնպես սահմանափակված է իր մատնանշած «կադրից դուրս» հանգամանքներով, Ա.Ադիբեկյանը պատասխանեց, որ ոչ ֆորմալ մթնոլորտում հարցեր լուծելու պրակտիկան առավելապես ՏԻՄ մակարդակում է տարածված` հավաքվում են տղամարդկանցով , ուտում- խմում , պայմանավորվածություններ ձեռք բերում:
Իր դիտարկումներով, հատկապես վերջին ընտրությունների ժամանակ պարզ երևաց, որ հաճախ գյուղապետի պաշտոնում առաջադրվում են նախկին գյուղապետերի կանայք , կամ քույրերը, կամ էլ մայրերը, որոնք կարող են օգտագործել ամուսնու մինչ այդ ձեռք բերված գործնական կապերը:
« Մենք ուսումնասիրել ենք ՏԻՄ ընտրությունները և, օրինակ, գյուղապետերից մեկին հարցրել ենք` ինչո՞ւ որոշեց ընտվել: Պատասխանը եղավ այն, որ իր մեքենայում միշտ բենզին կա և եթե մեկին շտապ օգնություն է պետք, հիվանդանոց տեղափոխել և այլն, ապա դիմում են իրեն: Այսինքն` մեր հասարակությանը «պապա է» պետք և որոշ կանայք, ունենալով ամուսինների փորձն ու կարողությունները, ուղղակի շարունակում են այդ առաքելությունը: Այլընտրանք չկա»,- կարծում է Ադիբեկյանը:
Հիշեցնենք, մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել յոթ քաղաքական ուժ` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Առաքելություն» «Բարև Երևան», սակայն որևէ մեկի ցուցակը կին չի գլխավորում: Կանանց թիվը կուսակցությունների կողմից ներկայացված ցուցակներում միջինում 24 տոկոս է կազմում՝ տատանվելով 20-ից մինչև 28 տոկոս. ՕԵԿ-ում` 25%, ՀՅԴ-ում` 22%, ՀՀԿ-ում` 20% , ՀԱԿ-ում` 26%, ԲՀԿ-ում` 24%, Բարև Երևան` 25%, «Առաքելություն»` 28%:
Էնզելա Մակարյան
Դիտումների քանակը` 4618