Ախուրիկում վերահաշվարկը ոչինչ չի փոխել, կին համայնքապետների թիվը պակասել է
Փետրվարի 12-ին Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում կայացած ընտրություններից հետո վերահաշվարկ է իրականացվել: Արդյունքների վրա ազդեցություն ունեցող խախտումներ, ըստ ԿԸՀ-ի, չեն եղել: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն ասաց, որ հաղթող թեկնածուի ձայներն ավելացել են մեկով:
Հիշեցնենք, որ Ախուրիկի գործող գյուղապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Վարդիթեր Գասպարյանը փետրվարի 12-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում ստացել էր 262 ձայն, նրա միակ մրցակիցը՝ անկուսակցական Հովհաննես Պողոսյանը ստացել էր 277 ձայն:
WomenNet.am-ի հետ զրույցում Վ. Գասպարյանն, ով իշխող կուսակցութայն անդամ է, ասաց, որ հիմքեր ունի կասկածելու որ «կարուսել» է եղել, նույն անձը մի քանի անգամ է քվեարկել, տեղամասից էլ քվեաթերթիկներ են դուրս բերվել: Հետագա անելիքների մասին դեռ հստակ ու վերջնական որոշում չի կայացրել:
Դիտարկմանը, թե սովորաբար ընտրախախտումները վերագրվում են իշխող ուժին ու դրա ներկայացուցիչներին, տիկին Գասպարյանն արձագանքեց.
«Դե մեր իշխանություններն ուզում են շատ ավելի քրիստոնյա երևան, քան կան: Ժողովրդավարության տառն են պահել, իսկ ընդդիմությունը՝ հանձինս ՀԱԿ-ի իր նախկին 90-ական թվականների մեթոդներն է կիրառում: Ես համոզված եմ, որ կեղծիքներ են եղել, գյուղը փոքր տեղ է, այստեղ գաղտնիք պահել չի լինի: Ընտրակարուսել է եղել, կեղծիք է եղել»:
Վ. Գասպարյանը նշեց, որ արդյունքները կուսակցության տարածքային կառույցի ներկայացուցիչների հետ չի քննարկել. «Ես սովոր եմ իմ խնդիրներն ինքս լուծել, ուրիշների վզին չփաթաթել: Աշխարհը սրանով չվերջացավ»:
Ախուրիկը 2009 թվականից ղեկավարող գյուղապետը նշեց, որ բնակիչներից իր գործունեության վերաբերյալ դժգոհություններ չեն եղել, այլ ընդհակառակը. «Ինձ լավ են ընդունել, ես ասացի՝ որն է պատճառը, վստահ եմ: Դեռ չգիտեմ՝ ինչ եմ անելու, մտածում եմ»:
Հիշեցնենք, որ Վ. Գասպարյանը որպես պատգամավորության թեկնածու ներառված է ՀՀԿ տարածքային ցուցակում: Նա չորրորդ հորիզոնականում է:
Թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Մարզպետունի Մարգարյանը WomenNet.am-ին ասաց, որ քվեարկությանը դիտորդներ չեն հետևել, քվեարկության ընթացքում էլ վստահված անձանցից խախտումների վերաբերյալ ահազանգեր չեն ստացել, միայն քվեարկության արդյունքների հրապարակումից հետո վերահաշվարկի մեկ դիմում է ներկայացվել:
Այսպիսով, փետրվարի 12-ի ընտրություններից հետո Հայաստանի կին համայնքապետերի թիվը նվազեց՝ դառնալով 16, Շիրակի մարզում այսուհետ միայն մեկ համայնք կին ղեկավար կունենա:
Հիշեցնենք, որ մինչ այս Հայաստանում կանայք ղեկավարում էին 17 համայնք՝
Արարատի մարզի` Վ. Դվին,
Արմավիրի մարզի` Արևաշատ և Արտամետ,
Գեղարքունիքի մարզի` Գեղաքար, Ծափաթաղ, Շատջրեք,
Լոռու մարզի` Բազում, Դաշտադեմ, Մեղվահովիտ, Պաղաղբյուր,
Կոտայքի մարզի` Նոր Երզնկա,
Շիրակի մարզի` Ախուրիկ, Ամասիա,
Սյունիքի մարզի` Հացավան, Շիկահող, Շրվենանց, Տորունիք համայնքները:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 2700