Ախուրիկի կին համայնքապետը վերընտրվեց
Անցած կիրակի՝ մայիսի 26-ին համայնքի ղեկավարի ընտրություններ էին նշանակված չորս բնակավայրերում` Շիրակի մարզի Ախուրիկ, Կոտայքի մարզի Նոր Հաճըն և Նուռնուս, Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքերում: Նուռնուսում և Վարդանաշենում թեկնածուների թվում կանայք չեն եղել:
Նոր Հաճընում համայնքապետի պաշտոնի համար պայքարում էր երկու թեկնածու` ԲՀԿ-ական գործող քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանն ու ՀՀ նախագահի աշխատակազմում որպես խորհրդատու աշխատող, ինքնաառաջադրված Շուշանիկ Նազարյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակած տվյալների համաձայն, քվեարկության արդյունքում 3758 ձայնով Գագիկ Մաթևոսյանը վերընտրվել է, Շուշանիկ Նազարյանը ստացել է 535 քվե:
Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էին գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Վարդիթեր Գասպարյանը, և անկուսակցական Սարգիս Սարգսյանը: Մարզպետարանից հայտնում են, որ չնայած անկուսակցական լինելու համգամանքին Ս. Սարգսյանին պաշտպանում էին ՀԱԿ մարզային ներկայացուցիչները:
Ախուրիկում քվեարկելու իրավունք ունեցող 824 բնակչից, քվեարկությանը մասնակցել են 504-ը, անվավեր քվեաթերթիկների թիվը եղել է 11: Քվեարկության արդյունքում անկուսակցական Սարգիս Սարգսյանի օգտին կողմ են քվեարկել 176-ը, համայնքի գործող ղեկավար Վարդիթեր Գասպարյանի օգտին կողմ քվեարկել են 317-ը:
Ընտրությունների նախնական արդյունքում Ախուրիկի համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է Վարդիթեր Գասպարյանը: Նա համայնքը ղեկավարում է 2009 թվականից:
Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ընտրություններն անցել են առանց միջադեպերի և լարվածության, ինչն ամենայն հավանականության կհաստատեն առաջին անգամ ՏԻՄ ընտրություններին մասնակցող միջազգային դիտորդները:
Հ. Կարապետյան
Կարդացեք նաեւ մեր կայքում.
Վարդիթեր Գասպարյան. «Եթե մարդիկ զգան, որ մի փոքր նվիրում ունես, անկաշառ ես ` կվստահեն»
Դիտումների քանակը` 4738