Ալիսա Աբրահամյան. «Խավարից դժգոհելու փոխարեն վառենք մեր լույսը»

«Երկիր ծիրանի» կուսակցության կողմից Երեւանի ավագանու թեկնածու առաջադրված  Ալիսա Աբրահամյանը մասնագիտությամբ բանասեր է: Երկար տարիներ աշխատել է դպրոցում՝ դասավանդելով  հայոց լեզու և գրականություն, աշխատել է նաև «9-րդ հրաշալիք» թերթում, իսկ այժմ զբաղվում է կրկնուսույցի աշխատանքով, ինչպես նաև խմբագրի աշխատանք  կատարում:   Ծնվել և մեծացել է Երևանում, իսկ պապերը Խոյից են գաղթել դեռևս 1927 թվականին: Ասում է. «կյանքիս բոլոր էտապները իմ քաղաքի հետ են կապված, միշտ այստեղ եմ եղել, ականատեսն ու մասնակիցն եմ եղել այն ամենի, ինչ կատարվել է Երևանում ՝ ցույցեր, միտինգներ, ընդվզումներ,  մութ ու լույսի տարիներ»…

 

Երևանի ավագանու ընտրություններին  ձեր մասնակցության  որոշումը պայմանավորված է   քաղաքականությամբ զբաղվելու մղումով, թե՞ Երևանի հանդեպ սիրով:

– Ես կասեի՝ երկուսով էլ պայմանավորված է: Նախ՝ ես միշտ սիրել եմ Երևանս, այն իմ արյան մեջ է, իմ ավիշներում: Ես լացել եմ նրա ՝ամեն կտրվող ծառի, նրա խեղաթյուրված մայթերի ու քարապատ քաղաք դարձնելու համար, ես տառապել եմ քաղաքը լքող ամեն երևանցու համար: Եվ երկրորդ՝ քաղաքականության մեջ եմ, որովհետև այսպես թե այնպես  բոլորս էլ  ներքաշված են քաղաքական  գործընթացների մեջ: Եվ պատճառն այն է, որ օրեցօր վատանում է մեր կյանքի որակը, ավելանում են մարտահրավերները, գրեթե ամեն օր սահմաններում կորցնում ենք մեր հերոս տղաներին, մարդիկ կորցրել են հավատը ներկա իշխանությունների նկատմամբ, թերևս կարելի է ասել, որ այն չեն էլ ունեցել…  Ի՞նչ է մնում մեզ անելու… Ամեն անկյունում բողոքում են, որ ոչինչ չի փոխվի, բայց  պետք է փորձել շտկել իրավիճակը: Եկեք խավարից դժգոհելու փոխարեն վառենք մեր լույսը …  Ահա թե ինչու եմ ես առաջադրվել …

 

Իսկ  մինչ այդ ներգրավված եղել ե՞ք քաղաքական գործընթացներում:

– Ես երկար ժամանակ համարվել եմ «Ժառանգություն» կուսակցության անդամ և մասնակից եմ եղել  կուսակցության կողմից նախաձեռնվող  գործընթացներին: Համարելով ինձ քաղաքականապես հասուն մարդ՝ որոշեցի ընդգրկվել «Երկիր Ծիրանի» կուսակցության  շարքերում՝ ինչ –որ բան փոխելու ակնկալիքով:  Ու թեեւ մեր կուսակցությունը  նորաստեղծ է, բայց  մենք ամուր ենք կանգնած մեր ոտքերի վրա, համախմբված ենք մեծ, ազգանվեր գաղափարի շուրջ, մեր ծրագրերն ուղղված են ամենակարևորին՝ մարդու բարօրությանը:

 

Ի՞նչն է ոգեշնչող այս պայքարում Ձեզ համար:  

– Ինձ նախ և առաջ ոգեշնչում է Զարուհի Փոստանջյան անհատի կերպարը, քանի որ նրան վաղուց եմ ճանաչում: Նա միշտ աչքի է ընկել իր ազգանվեր գործունեությամբ, անբասիր վարքով և խելացիությամբ: Նա միշտ եղել է շարքային հայի կողքին, օգնել է շատերին՝ փրկելով իշխանությունների կամայականություններից: Ես հիանում եմ նրա համարձակությամբ և արդարամտությամբ:

 

– «Երկիր ծիրանիի» ցուցակում ամենից շատն են կանայք ներկայացված, ըստ Ձեզ՝ դա ինքնանպատակ է, թե՞ իսկապես կանանց պակասը քաղաքականության մեջ իրեն զգացնել է տալիս և փորձ է արվում այդ բացը լրացնել:

– Իհարկե, կանայք միշտ էլ շատ չեն եղել քաղաքական գործընթացներում: Չեմ ուզում այս պահին խոսել մեր երկրի գենդերային իրավիճակի  մասին, բայց կարող եմ փաստել, որ աշխարհի մի շարք երկրներում կանայք գրանցել են մեծ հաջողություններ քաղաքական ասպարեզում և ղեկավար պաշտոններում՝ նախագահ, նախարար, քաղաքապետ և այլն: Նշեմ դրանցից մեկին միայն և իր տեսակի մեջ եզակին: Կանադական Միսիսոգա  քաղաքի կին  քաղաքապետը՝  Հեյզել Մաքքալիոնը  ղեկավարել է   շուրջ 35 տարի՝ 1978—ից  սկսած:   Նա 12 անգամ առաջադրվել և ընտրվել է քաղաքապետ և պաշտոնավարել է մինչև իր կյանքի 93-րդ տարին: Այնքան մաքուր և արդյունավետ է աշխատել, որ ձևավորել է կայուն բյուջե, որի շնորհիվ քաղաքացիներն ազատվել են գույքահարկից: Երբ առաջին անգամ էր ընտրվել   քաղաքում քիմիական նյութեր տեղափոխող գնացքի վթար էր տեղի ունեցել եւ նա կարողացավ կազմակերպել մոտ 300 000 մարդու տարհանումը ՝ փրկելով նրանց կյանքը: Կարծում եմ, որ հայ կինը ևս ուժեղ է, և ընդունակ է  ոչ պակաս  հերոսական արարքների:  Ես շատ եմ կարևորում կնոջ դերը ոչ միայն քաղաքականության, այլև մնացած բոլոր գործընթացներում: Կինը պիտի ունենա իր ուրույն տեղը հասարակության մեջ:

 

Եթե Ձեզ հնարավորություն տրվի լինել ավագանիում, քաղաքականության մեջ, ապա ո՞ր կարծրատիպերը կփորձեք կոտրել:

 

– Չեմ ուզում կրկնել նույնը, միայն կասեմ՝ սա 21-րդ դարն է, մենք ետ չենք նայում, մենք նայում ենք միայն առաջ: Ուստի շատ կցանկանայի, որ մեր քաղաքապետը ևս կին լիներ. դրանից հասարակությունը միայն կշահի:

 

– Ընտրողների հետ հանդիպումներում  ո՞րն է Ձեր հիմնական ասելիքը, ինչո՞ւ երևանցին Ձեզ պետք է ընտրի: Եվ որո՞նք են այն հիմնական երեք խնդիրները, որ Ձեր օրակարգում կլինեն, եթե ընտրվեք Երևանի ավագանու անդամ:

 

– Լինելով կրթության բնագավառի մարդ՝ առաջին հերթին կցանկանայի այդ համակարգը դուրս բերել թմբիրից: Դպրոցներից շատերում տիրում է անառողջ մթնոլորտ, վախի մթնոլորտ, այսօրվա ուսուցիչն ազատ չէ իր որոշումներում, իսկ ի՞նչ է մնում նրանից սպասել… կարծում եմ հասկանալի է, որ մենք ամեն օր տանուլ ենք տալիս այս բնագավառում: Պետք չէ քաղաքականությունը դպրոց մտցնել: Եթե չունես ուժեղ դպրոց, ուրեմն չես ունենա  ուժեղ պետություն, ամեն ինչ սկսվում է այստեղից: Հարկավոր են բարեփոխումներ բոլոր առումներով: Պետք չէ շղթայել ստեղծագործ միտքը. մի՛ կտրեք նրա թևերը,  նրան թռիչքներ են հարկավոր…

 

Ինչ վերաբերում է այլ  խնդիրներին, ապա մենք  շեշտադրում ենք  ծերերի խնամքի կազմակերպման խնդիրը՝ առաջարկելով  բոլոր համայնքներում ստեղծել կենտրոններ, որոնք հնարավորինս հետաքրքիր կդարձնեն թոշակառու տատիկների և պապիկների առօրյան: Նրանք մեր հոգածության կարիքն ունեն: Շատերն ուղղակի մենակ են մնացել, քանի որ իրենց զավակները, հիասթափված իշխանություններից, լքել են երկիրը: Ծրագրեր ունենք ՝ ուղղված միջին տարիքի գործազուրկ կանանց , որոնց  համար  առաջարկում ենք  ստեղծել զբաղվածության և զարգացման կենտրոններ՝  դրանով իսկ  օգտագործելով նրանց  ներուժը և օգնելով  իրենց զգալու հանրության լիիրավ անդամ:

 

– Ուսումնասիրել եք, արդյոք, գործող ավագանու գործունեությունը, որո՞նք են այն բացերը, որ Դուք կցանկանաք փոխել:

 

– Այո, իհարկե, ուսումնասիրել եմ, և ոչ միայն մեր երկրի այդ կառույցը, այլև որոշ զարգացած երկրների, որոնք գրանցել են մեծ հաջողություններ այդ բնագավառում: Շտկելու բաներ, անշուշտ, կան: Երբ պահը գա, մենք կհամագործակցենք փորձագետների հետ և կանենք համապատասխան եզրահանգումներ:

 

-Եվ, վերջապես, ինչպիսի՞ն եք ուզում տեսնել մայրաքաղաքը: Երևանը Ձեզ համար դա ….

 

– Արևի քաղաքին մարդկային ջերմություն է պետք: Սա մեր կարգախոսն է, և այն ամեն ինչ ասում է: Մենք պատերազմող երկիր ենք, մարդիկ հանգիստ չեն, նրանք իրենց բավարար չափով անվտանգ չեն զգում, ամեն րոպե ոտնահարվում են նրանց իրավունքները: Եթե այս ամենին գումարում ենք ամենօրյա հոգսերը, հավատացե՛ք, ժպիտի համար էլ տեղ չի մնում: Ուրեմն մեզ հարկավոր է երևանցուն վերադարձնել իր ՝ քաղաքին տեր լինելու իրավունքը, վերադարձնել հույսն ու հավատը: Այս դեպքում նա հաստատ կժպտա ու չի լքի իր Երկիր Նաիրին, Երկիր Ծիրանին: Երևանը իմ տունն է, ես ուզում եմ ինձ այստեղ ՏԵՐ զգալ: Եվ ինչպես ասվում է մի երգի մեջ. «Երևա՛ն, Երևա՛ն, իմ գարուն արևոտ, Դու եղիր մոր նման , ես մնամ քեզ մոտ»…

 

Լիա Խոջոյան

 

Դիտումների քանակը` 4010

Գլխավոր էջ