ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյան. «Կարծրատիպերը սկսել են զիջել իրենց դիրքերը»:

Արտաշատի թիվ 1 դպրոցի նախկին տնօրեն, թիվ 17 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանը վստահ է` կարծրատիպերին մեր հասարակությունը կամաց-կամաց հրաժեշտ է տալիս ու ըստ այդմ կնոջ ակտիվ դերակատարումը մեզանում ավելի է մեծանում: WomenNet-ի հետ զրույցում նա նաև համոզմունք հայտնեց, որ հայ կինը միշտ էլ ակտիվ է եղել ու պահանջված, օրինակն էլ բերեց` իր տնօրինության տարիներին 87 աշխատողից միայն երեքն են տղամարդ եղել: Թեպետ կրթության բնագավառի համար դա զարմանալի չէ…

 

 

-Տիկին Պողոսյան, մինչ մեծամասնական ընտրակարգով Ազգային Ժողովի պատգամավոր ընտրվելը զբաղվե՞լ եք քաղաքական գործունեությամբ:

 

-Երկար տարիներ եղել են Արտաշատի թիվ 1 դպրոցի տնօրեն և դրան զուգահեռ վարել եմ ակտիվ հասարակական գործունեություն Հանրապետական կուսակցությունում` շուրջ վեց տարի եղել եմ տարածքային կառույցի ղեկավարը: Իսկ կուսակցության անդամ եմ հանդիսանում արդեն տաս տարի ու կարող եմ ասել, որ հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությունս հենց այդտեղից է սկսվել:

 

-Ինչ եք կարծում, արդյո՞ք հասարակության կողմից կանանց ակտիվությունն  խրախուսվում է  և ինչպե՞ս  եք ընկալվել Դուք ընտրողների կողմից:

 

-Նախ ևառաջ այն, որ ես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր եմ թերևս խոսուն փաստ է այն մասով, որ հասարակության մոտ առկա կարծրատիպերը, փառք Աստծո, սկսել են զիջել իրենց դիրքերը: Ավելին` ընտրողները, ազգաբնակչությունը այսօր շատ ոգևորված է ԱԺ-ում տեսնելու ոչ միայն կնոջ, այլև կին մտավորականի և անցած նախընտրական քարոզարշավում դա ակնհայտ տեսանք:

Բացի այդ եթե կնոջ խոսքը  հայ ընտանիքում ի վերուստ  արժեք է ունեցել, ապա քաղաքականության մեջ էլ նա անշուշտ ասելիք ունի: Կանանց  ներկայությունն էլ ԱԺ-ում ապացուցում է, որ կինն իրոք խոսք ունի ասելու  պետության կայացման ու զարգացման գործում:

 

– Մեծամասնական ընտրակարգով ընտրված կին գրեթե չենք ունեցել: Ինչպե՞ս  ստացվեց, որ  որոշեցիք  մտնել այդ բարդ ու հայ կնոջ համար նաև անհավասար պայքարի մեջ:

 

-Ասեմ, որ իմ թեկնածությունն առաջադրելու որոշումը կայացրել էր Հանրապետական կուսակցությունը` ի դեմս մարզպետ Էդիկ Բարսեղյանի:  Ես դա որպես պատիվ եմ ընկալել: Դե իսկ քարոզարշավի ընթացքում, երբ հանդիպումներ եմ ունեցել մարզի բազմաթիվ  համայնքներում ես հասկացա, որ  առաջադրումս  նաև պահանջված է ազգաբնակչության կողմից: Իսկապես չեք պատկերացնի, թե ինչ ոգևորությամբ էին դիմավորում համայնքերում, այնպես որ մեր սպասումները  չափից ավելի իրականացան:

 

Ի դեպ, նորից եմ  ուզում առանձնահատուկ շեշտել, դրանում համոզվել եմ քարոզարշավի ժամանակ. կանանց ներկայացվածությունը խորհրդարանում ուղղակի անհրաժեշտ է, քանի որ կան հարցեր, որոնցով կանայք դժվար թե մոտենան իրենց տղամարդ պատգամավորին… ինձ այդպես է թվում: Շատ հարցեր կային ու կան, որոնցով ինձ դիմում են, իմ մեջ  ոչ միայն  իրենց ընտրած  պատգամավոր, այլև   կին տեսնելով:

 

 

-Առաջադրվել եք կուսակցության որոշմամբ, իսկ ընտանիքն ինչպե՞ս վերաբերեվեց  դրան` ամուսինը, երեխաները:

 

-Ինչ-որ առումով սպասելի էր, որ նման փոփոխություն կարող է լինել, քանի որ, ինչպես արդեն նշեցի, երկար տարիներ կուսակցական գործունեություն եմ ծավալում: Բացի այդ ամուսինս էլ կուսակցական է` ՀՀԿ-ի անդամ ու բավականին ըմբռնումով մոտեցավ առաջադրմանս ու , ի դեպ, շատ ինձ օգնեց նախընտրական ժամանակահատվածում:

 

 

– Կուսակցական աշխատանքի ընթացքում  Ձեր նկատմամբ կողմից խտրական վերաբերմունք զգացե՞լ եք:

 

-Ո~չ, ինչ եք ասում: Ես երբևէ նման վերաբերմունք չեմ տեսել իմ նկատմամբ:

-Տիկին Պողոսյան, գանք ներկային. արդեն ԱԺ-ում եք, անշուշտ խնդիրներ կան, որ առաջնահերթ են Ձեր համար ու պատրաստվում եք դրանք բարձրաձայնել խորհրդարանում: Կնշե՞ք մի քանիսը:

 

-Քանի որ ինքս երկար տարիներ մանկավարժ եմ եղել, դպրոցի տնօրեն ու հիմա էլ ԱԺ Կրթության և  գիտության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն եմ, ապա հասկանալի է, որ առաջնային իմ ուշադրության կենտրոնում կլինեն հիշյալ ոլորտի հետ կապված խնդիրներն ու բացթողումները: Օրինակ, կրթության ոլորտում առաջնային եմ համարում սոցիալական փաթեթից օգտվելու մտավախությունների փարատումը, քանի որ փաթեթն առաջին տարին է, որ կյանքի է կոչվում մեզանում, հետեւապես  դրա շրջանակի ընդլայնումը արդիական խնդիր է այսօր: Նաև ուսումնական ծրագրերի ու դպրոցական դասարանների աշակերտների թվի բեռնաթափումն է կարևոր: Ես առանձնահատուկ ուշադրության կենտրոնում եմ պահելու նաև մշակույթի դերի բարձրացումը հատկապես մարզերում … մի խոսքով, խնդիրները բազմաթիվ են ու առաջիկա հինգ տարիներին խոստանում եմ՝  մեկ անգամ չէ, որ ականատես կլինենք դրանց բարձրաձայնմանը:

 

 

-Իսկ ո՞րն է լինելու Ձեր առաջին օրենսդրական նախաձեռնությունը:

 

-Անցած  քառօրյայում Կարինե Աճեմյանի ներկայացմամբ և իմ հարակից զեկուցմամբ արդեն իսկ ներկայացվեց «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որը վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների ընտրություններին: Եվ դա դեռ սկիզբն է (ժպտում է):

 

-Չե՞ք կարոտելու  Ձեր մանկավարժական գործունեությունը:

 

-18 տարի լինելով մանկավարժ չէի կարող այդ կտրուկ փոփոխմանը գնալ ու աշխատանքից  միանգամից բաժանվել, այնպես որ այսօր էլ շարունակում եմ պահել կապը դպրոցի  հետ և ունեմ դասաժամեր` դասավանդում եմ ֆիզիկա առարկան:

 

-Փաստորեն դպրոցի աշակերտները կարող են, այսպես ասած, գլուխ գովալ, որ իրենց ուսուցչուհին նաև պատգամավոր է: Իսկ տարբերություն զգացել ե՞ք, աշակերտները ավելի  ձգված ու պատրաստակամ են սովորելու նման ուսուցիչ ունենալու պարագայում:

 

-Գիտեք, երեխային պետք է հոգեբանորեն մոտենալ… անշուշտ իմ կարգավիճակի  փոփոխությունը ավելի շատ իրենք են զգում, քան ես, բայց ես փորձում եմ այդ անջրպետը վերացնել և երեխաների հետ լինել զուտ որպես սովորական մանկավարժ:

 

 

Էնզելա Մակարյան    

 

Դիտումների քանակը` 9856

Գլխավոր էջ