Ազգային ժողովի կազմում կին պատգամավորները 17 տոկոս են կազմում

 

Մայիսի 18-ին մեկնարկած 6-րդ  գումարման Ազգային ժողովի առաջին նստաշարջանում օրենսդիր գործունեությունը սկսող 105 պատգամավորները երդվեցին  «հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:

 

Նշենք, որ նորընտիր պատգամավորների կեսից ավելին՝ 54-ը առաջին անգամ չէ,որ երդում են տալիս , նրանք նախորդ գումարման պատգամավորներ են եղել: Կին պատգամավորներից վերընտրվել են  8-ը,   մնացած տասը առաջին անգամ են մուտք գործում խորհրդարան:

 

Հիշեցնենք, որ   Ազգային Ժողովի 105 անդամներից 18-ը   կամ 17 %-ն են  կանայք, նրանց թվում`  մեկ կին անցել է  ազգային փոքրամասնությունների  ներկայացուցիչների ցուցակով  և միայն  մեկն է  ընտրվել   տարածքային ցուցակով:  

 

 

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը  58  մանդատ է ստացել, որոնցից 8-ը կամ  14%-ը   բաժին են  ընկել կանանց: Նրանք են՝   . ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ՀՀ վարչապետի օգնական Շուշան Սարդարյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, Աժ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը և Կարինե Աճեմյանը:

 

   «Ծառուկյան»  դաշինքը 31 մանդատ է ստացել, որոնցից  7-ը կամ 22.5 %-ը կանանց է բաժին ընկել: Նրանց թվում են՝  ԲՀԿ կուսակցության փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը, Գագիկ Ծառուկյանի խոսնակ, «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության տնօրեն Իվետա Տոնոյանը, Ագրարային համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի ասիստենտ Լուիզա Սարգսյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, Բժշկական համալսարանի պրոֆեսոր Մարինե Մարգարյանը, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրենի օգնական Շաքե Իսայանը, Հայաստանում բնակվող ռուս համայնքի ներկայացուցիչ Տատյանա Միքայելյանը:

 

«Ելք» դաշինքը  ներկայացված է  9 պատգամավորով, որոնցից    2-ը կամ 22%-ը  կին են: Նրանք են` տարածքային ցուցակով   ԱԺ անցած միակ կինը ՝ Մանե Թանդիլյանը  «Լուսավոր Հայաստան»  կուսակցությունից   և  համապետական ցուցակով  խորհրդարան անցած  Լենա Նազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

 

 ՀՅԴ-ն ԱԺ-ում կունենա 7 պատգամավոր ,  նրանցից մեկն է կին (14%)  ՝ Վանաձորի պետական համալսարանի դասախոս  Արմենուհի Կյուրեղյանը:

 

Այսպիսով , ՀՀ Ընտրական օրենսգրքում  ամրագրված  մեկ սեռի առնվազն  25-տոկոսանոց   ներկայացվածությունը  Ազգային ժողով անցած քաղաքական ուժերից ոչ մեկը չի կարողացել ապահովել: Հիեցնենք, որ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակներում ընդգրկված էին    25,4 % կին թեկնածուներ համապետական ցուցակում և 27%   կանայք տարածքային ցուցակում:  «Ծառուկյան» դաշինքի երկու ցուցակներում էլ կանայք  28 %էին կազմում: «Ելք դաշինքի ցուցակներում կին թեկնածուները   32% և 33 % էին կազմում , ՀՅԴ ցուցակներում  կանայք    28% և  31%  էին:  Նշենք, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ կանանց թիվը պակասեց ինքնաբացարկների պատճառով, այս անգամ  հիմնական պատճառը՝ տարածքային կամ այսպես կոչված ռեյտինգային  համակարգն էր,  որտեղ կանայք   ուղղակի դուրս մնացին  փողատեր  տղամարդկանց միջև ծավալված պայքարից: 

 

Կին պատգամավորների թիվը  կարող է  ավելանա՞լ 

 

Ի դեպ, ԱԺ առաջին նստաշրջանի  ընթացքում  «Ծառուկյան» դաշինքից ընտրված երեք պատգամավորներ՝  Հարություն Ղարագյուզյանը, Արտյոմ Ծառուկյանը, Խաչիկ Մանուկյանը հրաժարվել են մանդատներից: Ըստ շրջանառվող լուրերի, Խաչիկ Մանուկյանի փոխարեն  ԱԺ կգնա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օգնական Նորա Առուստամյանը (36-րդ հորիզոնականում է): Նա տարածքային ցուցակով առաջադրված էր Արագածոտնի մարզում, Խաչիկ Մանուկյանի և Լյովա Խաչատրյանի հետ միասին և ստացել էր ընդամենը 4773 ձայն: Ստացած ձայների քանակով նա երրորդն էր, բայց, ըստ որոշ աղբյուրների, կուսակցությունում հակված են պատգամավորական մանդատ տալու մասին  որոշումը  կայացնել նրա օգտին:  

 

 

Հ. Կարապետյան

 

 

Կարդացեք «ԱԺ ընտրություններ-2017»  խորագրի ներքո մեր կայքում.  

 

«Կանանց օրակարգը» շարունակում է ուժի մեջ մնալ. ուղերձ նորընտիր պատգամավորներին

Նորընտիր խորհրդարանում ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց թիվը նվազել է

Ազգային ժողովի կազմում կին պատգամավորները 17 տոկոս են կազմում

Հայտնի են խորհրդարան անցած կին պատգամավորների անունները. նրանք 18-ն են

ԱԺ ընտրություններ. Որքան քվեներ ապահովեցին կին թեկնածուները Երևանում

Ռեյտինգային ընտրակարգը փողատեր տղամարդկանց դեմք ունի

Կանայք ավելի շատ են ընտրել «Ծառուկյան» ու «Ելք» դաշինքներին, տղամարդիկ՝ ՀՅԴ-ին, «Կոնգրես-ՀԺԿ»-ին, ՀԿԿ-ին

Խորհրդարան են անցել ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք»-ը և ՀՅԴ-ն. ինչպե՞ս են բաշխվելու մանդատները/ լրացված

Դիտարկումներ ընտրություններից

Կին թեկնածուները պատասխանում են WomenNet.am-ի հարցաշարին. ամփոփում

 

Դիտումների քանակը` 3942

Գլխավոր էջ