Ազգային ժողովը դատապարտեց գերիների վերադարձի խոչընդոտումը Ադրբեջանի կողմից

 

Մարտի 3-ին  ՀՀ  Ազգային ժողովը  միաձայն՝ 120 կողմ ձայնով, ընդունեց Ադրբեջանի վերահսկողութան ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու, անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը։

 

 

Նախագծի հեղինակներն են անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը և Վարդան Աթաբեկյանը։  Նախագիծը  քննարկվեց փակ նիստում, որի ավարտից հետո Թագուհի Թովմասյանն ընթերցեց հայտարարությունը ԱԺ ամբիոնից։

 

 

 

 

Ազգային ժողովը, մասնավորապես, արձանագրեց՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից, Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված և 44 օր տևած ագրեսիայի ավարտից հետո անցել է շուրջ երեք ամիս, սակայն Ադրբեջանում գերության մեջ են գտնվում զինվորականներ և քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք, որոնց անհապաղ հայրենադարձումը ռազմական գործողությունների ավարտից հետո միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված հրամայական պահանջ է:

 

 

Այդուհանդերձ, ըստ հայտարարության, Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքով ողջ միջազգային հանրության հանդեպ ստանձնած պարտավորությունները, խախտելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցների պահանջները, թաքցնում է իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիների և ներկալված քաղաքացիական անձանց իրական թիվը և անթույլատրելի կերպով ձգձգում է նշված անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ հայրենադարձման մարդասիրական գործընթացը, փաստացիորեն վերածելով վերջիններիս պատանդների՝ զրկված դատական պաշտպանության որևէ արդյունավետ միջոցից:

 

 

Պատգամավորներն ընդգծում են՝ գերիների առկայության փաստի ժխտումը կամ անհետացած անձի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունները թաքցնելը համարվում է միջազգային հանցագործություն:

 

 

Հայտարարության մեջ նշվում է, որ հայկական կողմերը ամբողջությամբ իրականացրել են միջազգային մարդասիրական իրավունքից բխող իրենց պարտավորությունները, մինչդեռ Ադրբեջանը հետևողականորեն հրաժարվում է հայրենադարձել իր մոտ ապօրինաբար պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց: Ավելին՝ Ադրբեջանը, շինծու քրեական հետապնդման ապօրինի գործընթաց նախաձեռնելով, փորձում է զրկել իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց Ժնևի կոնվենցիաներով սահմանված կարգավիճակից՝ չտրամադրելով վերջիններիս նշված կոնվենցիաներով նախատեսված իրավունքները, արտոնությունները և այլ երաշխիքները», – ասված է հայտարարության տեքստում:

 

 

Հայաստանի ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանում հայատյացության ու կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձմանը խոչընդոտելը և արձանագրում, որ «գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի անկյունաքարային դրույթները, կոպտորեն ոտնահարում է Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ խաթարելով ժամանակակից միջազգային հարաբերությունների բուն էությունը և վտանգելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և տարածաշրջանային համակարգերի նկատմամբ վերաբերմունքը»:

 

 

Ելնելով վերը նշվածից՝ Ազգային ժողովը կոչ է անում բոլոր միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ողջ միջազգային հանրությանը և միջազգային և տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպություններին խիստ գնահատականի և դատապարտման արժանացնել Ադրբեջանի վերը նշված վարքագիծը։

 

 

Նշենք, որ հայկական կողմն անհերքելի ապացույցներ ունի Ադրբեջանում գտնվող շուրջ 200 գերիների մասին։ Ադրբեջանը հաստատել է 70 հոգու գերեվարման փաստը։ Ըընդ որում՝ պնդելով, թե նրանցից 54-ը, որոնք Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններն են, ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»:

 

 

Հիշեցնենք նաև, որ  մարտի 1-ին Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիեկոն Ադրբեջանի օրենսդիր իշխանության ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ քննարկել է արցախյան հակամարտության ընթացքում գերի ընկած հայ կանանց հայրենիք վերադառնալու հնարավորությունը։ Այդ մասին Վալենտինա Մատվիենկոն հայտնել է ՌԻԱ Նովոստիին։

 

 

«Ես այսօր զրուցել եմ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ, դիմել եմ նրան, որպեսզի այդ կանանց տուն վերադառնալու հնարավորություն ընձեռնվի։ Չէ՞ որ երբ խոսքը կանանց մասին է, դա հատկապես զգայուն հարց է, քանի որ դա ինչ-որ մեկի մայրիկն է, քանի որ երեխաներ կան։ Հույս ունեմ, որ ադրբեջանական կողմը կարձագանքի այս խնդրանքին»,-ասել է Մատվիենկոն՝ նշելով, որ  ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դիմել էր իրեն՝ խնդրելով աջակցել արցախյան հակամարտության ընթացքում գերեվարված մի քանի կանանց հայրենիք վերադարձնելուն։

 

 

Կարդացեք թեմայի շուրջ.

 

«ԱԺ–ն պարտավոր էր գերիների վերաբերյալ դատապարտող հայտարարությամբ հանդես գալ ». Աննա Գրիգորյան

 

«Պատերազմի ժամանակ մենք զրո դերակատարություն ունեինք՝ իբրև քաղաքական իշխանության ներկայացուցիչ». Թագուհի Թովմասյան

 

 

Դիտումների քանակը` 1019

Գլխավոր էջ