Աբորտների թիվը Հայաստանում նվազել է, բայց դրանց հետ կապված բազմաթիվ հարցեր կան

Վերջերս հրապարակված Առողջապահության ազգային ինստիտուտի «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգրքից  տեղեկանում ենք, որ  2014-ին Հայաստանում  արձանանգրված 12 019 վիժումներից  միայն 3640-ն է եղել ինքնաբեր (սպոնտան), մնացած  8379-ը հղիության արհեստական ընդհատում  են:  Այդ թվից միայն 2212-ն է, որ կատարվել են բժշկական ցուցումով,  6040-ը՝  կնոջ ցանկությամբ:

 

Մասնագետների պնդմամբ,   վերջին 20 տարիների աբորտների թիվը Հայաստանում իսկապես նվազել է ու սա պայմանավորված է մի շարք  հանգամանքներով՝ սկսած բնակչության թվի նվազմամբ, ըստ այդմ էլ՝ ծնունդների թվի նվազմամբ, վերջացրած իրազեկվածության մակարդակի բարձրացմամբ: Այդպես, 1990թ-ին Հայաստանում արձանագրվել է վիժումների ընդհանուր 26 094 դեպք, 1995-96թթ-ին՝ պատերազմից հետո, համապատասխանաբար 30 726 և 31 323 դեպք:  Թվերի կտրուկ նվազումը նկավում է    2000-ականների սկզբին, երբ վիժումների թիվը տատանվում էր 9-12 հազարի միջակայքում: Տասը տարի անց էլ պատկերը թերևս նույնն է, չնայած այն հանգամանքին, որ տասը տարիների ընթացքում շատ բան է փոխվել, օրինակ՝ բնակչության թիվն է նվազել:

 

WomenNet.am-ի այն հարցին  թե   տարեկան 45 713 ծնունդի համեմատ 8379 աբորտը շա՞տ է, թե քիչ,   Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը պատասխանեց, որ դա  բավականին փոքր թիվ է: Նա հիշեցրեց, որ 1980-90-ական թվականներին ունեցել ենք 20-30 հազար աբորտ, եղել են տարիներ նույնիսկ ավելի մեծ թվով աբորտներ, այսինքն՝ 1 ծնունդին գրեթե 1 աբորտ է բաժին հասել: «Այսօր 5 ծնունդին 1 աբորտ է հասնում ու դա  նորմալ թիվ է համարվում: Համաձայնեք, որ նախկին վիճակագրության համեմատ սա իսկապես լավ թիվ է»,- ասաց նա:

 

Նրա խոսքով՝ պաշտոնական բոլոր  ցուցանիշները նվազման միտում են արձանագրում, ընդ որում բազմակի անգամ: Բացի դա, այդ ցուցանիշները հաստատվում են նաև այլընտրանքային հետազոտություններով, համաձայն որոնց՝ 2000-2010թթ-ին աբորտների թվաքանակը շուրջ երեք անգամ նվազել է:

 

Նշենք սակայն, որ  տարեգրքում  ներկայացված են    միայն արձանագրված աբորտները, այսինքն այդ թվի մեջ ներառված չեն հղիության արհեստական ընդհատման այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել առանց բժիշկների միջամտության, ասենք, վերջերս մեծ տարածում գտած «Սայտոտեկ»-ի օգտագործման  միջոցով:  ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի    աջակցությամբ կատարված հետազոտությունները  հաստատեցին , որ  «Սայտոտեկը»  Հայաստանում լայն տարածում  ունի որպես տնային պայմաններում վիժում առաջացնելու միջոց՝ դրա հետ կապված բոլոր լուրջ հետեւանքներով:  Գայանե Ավագյանի խոսքով, այդ դեղամիջոցի սխալ օգտագործման պատճառով բազմաթիվ բարդություններ են արձանագրվել, ու  լավ է դեռ, որ   մահացության դեպքեր չենք ունեցել: Նման դեպքերը կանխելու նպատակով Առողջապահության նախարարությունն անցյալ տարի արգելեց «Սայտոտեկ»-ի ազատ վաճառքն առանց դեղատոմսի:

 

Վերադառնալով  տարեգրքում  զետեղված տվյալներին  հետաքրքիր մի փաստ նկատեցինք. Հայաստանում, հատկապես  մարզերում աբորտները կատարվում են առավելապես  ավանդական եղանակով, իսկ ավելի ժամանակակից մեթոդները՝ վակուում-ասպիրացիան (մինի  աբորտ ) կամ դեղորայքային աբորտը  շատ փոքր թիվ են կազմում:   Այսպես, ըստ հրապարակված տվյալների՝ 2014-ին կատարված  8379  աբորտներից  նշված  երկու մեթոդով Հայաստանում կատարվել է ընդամենը 127 աբորտ՝ 74-ը վակուում եղանակով, իսկ 53-ը՝ դեղորայքային:  Ընդ որում ,  վակուում-ասպիրացիայի մեթոդով 74 դեպքից ընդամենը երկուսն են  արվել  մարզերում՝ Արարատում և Տավուշում, իսկ մնացած 72-ը Երևանում, իսկ  դեղորայքային մեթոդով 53 աբորտները կատարվել են բացառապես Երևանում՝ մարզերում 0 ցուցանիշ է արձանագրվել: Գայանե Ավագյանից հետաքրքրվեցինք՝ այդ ինչպե՞ս է այդպես ստացվում, ի՞նչ է, մարզային բժշկական կենտրոնները չե՞ն լսել այս ավելի անվտանգ մեթոդների մասին, թե՞  այլ պատճառներ կան .

 

«Դեռևս մեր կանայք չեն դիմում վակուումային կամ դեղորայքային աբորտ անելու համար, դրա պատճառով էլ այդքան փոքր է այդ թիվը»,-  նշեց նա, դրա հետ մեկտեղ համաձայնվելով , որ բոլոր մարզերի կտրվածքով ցուցանիշի  բացառապես 0 լինելը, հարցեր է առաջացնում:  Գ.Ավագյանի խոսքով,  գուցե մարզերում չկա այնպիսի իրազեկում, որ կինը նախընտրի այս մեթոդները: Ի պատասխան մեր այն հարցին , արդյոք  բժիշկները պարտավոր չե՞ն  ներկայացնել  կանանց, թե որ եղանակով ավելի անվտանգ կլինի կատարել  հղիության  ընդհատումը,  նա  նշեց.

 

«Այո, համաձայն եմ ձեզ հետ, որ թե դեղորայքային, թե վակուումային աբորտը ավելի անվտանգ մեթոդ է՝ ավանդական աբորտի համեմատ, բայց դա կնոջ ընտրությունն է, թե որ եղանակն  ընտրել: Եվ հետո, դեղորայքային աբորտը կարող է շուրջ երկու շաբաթ ձգձգվի  և շատ կանայք ասում են, որ համաձայն չեն երկու շաբաթ այդ գործընթացի մեջ լինել»,- նշեց նա:

 

Այդուհանդերձ տիկին Ավագյանն ասաց, որ ինքն էլ զարմացած է, որ բոլոր  մարզերում  թե վակուումային, թե հատկապես դեղորայքային աբորտների ցուցանիշը բացառապես 0 է.

 

«Ես դրան անդրադարձել եմ նաև նախկինում ու հիմա էլ  հատուկ կպահանջեմ այս թվերը մարզերից, բայց վստահ եմ, որ այստեղ զուտ հաշվետվության խնդիր է, որովհետև բոլոր մարզերում վակուում-ասպիրացիայի եղանակով աբորտներն անում են»,- հավաստիացրեց մեզ ԱՆ պաշտոնյան:

 

Ինչ վերաբերում է  այն հարցին,  թե քանի կին է տարեկան պտղի սեռով պայմանավորված հղիության  ընդհատման դիմում, ապա նման  վիճակագրություն, հասկանալի պատճառներով,  գոյություն չունի: Կանայք միշտ չէ , որ խոստովանում են աբորտի դիմելու իրական պատՃառը: Գայանե Ավագյանը նկատեց, որ անկասկած 2014-ին  արձանագրված 8379 աբորտների թվի մեջ կան պտղի սեռով պայմանավորված աբորտներ: «Բայց բժիշկը, որ աբորտ է անում, չի կարող իմանալ, թե կինն իրականում ինչ պատճառով է այդ որոշումը կայացրել՝ տնտեսական, ֆինանսական, ընտանեկան թե այլ պատճառներից ելնելով: Իսկ հարցին, թե ինչու է անում, սովորաբար ստանում  է «պայմաններ չունեմ» պատասխանը»:

 

Գ Ավագյանի տեղեկացմամբ, Առողջապահության նախարարությունը նման ինֆորմացիա ստանում է միայն նպատակային հետազոտությունների  միջոցով, որոնք Հայաստանում արվել են 2012-ին և 2016-ին էլ նույնպես իրականացվելու է:

 

 

Լիա Խոջոյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ.

 

«Ոչ մի կին, մեկ ուրիշին կյանք պարգևելով, չպետք է մահանա 21-րդ դարում»…

Материнская смертность: упрямые факты против сговорчивой статистики

Մայրությունը թվերով / ինֆոգրաֆիկա

Որքանո՞վ առաջարկվող օրինագիծը կնպաստի պտղի սեռով պայմանավորված աբորտների վերացմանը. բժիշկների կարծիքներ

«Սայտոտեկը» մարզերում ազատ վաճառքի մեջ է, թեպետ դա արգելված է

“Կանայք պետք է ավելի գրագետ մոտենան իրենց առողջությանը”

Հայաստանում տնային աբորտների աճի վտանգավոր միտում է նկատվում

 

Դիտումների քանակը` 3795

Գլխավոր էջ